Թուրքական զբոսաշրջային ոլորտը մեծ կորուստներ է կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման և երկրի մայրաքաղաքում ու այլ քաղաքներում տեղի ունեցող ահաբեկչությունների պատճառով, գրում է The Wall Street Journal թերթը։
2001-2014թթ. ընթացքում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում եկամուտները եռապատկվել են և հասել 34.3 մլրդ դոլարի, 2012-ին Ստամբուլը հայտնվել է ամենահայտնի զբոսաշրջային վայրերի ցանկում` համաձայն MasterCard Global Destination Cities Index ամենաշատ այցելություններով քաղաքների վարկանիշի: Պարբերականը մեջբերում է պետական վիճակագրական տվյալներ այն մասին, որ զբոսաշրջային ոլորտում զբաղված է եղել մոտ 1 մլն մարդ, այսինքն` երկրի աշխատունակ բնակչության 7%-ը:
Իրավիճակը կտրուկ փոխվել է 2015թ. նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Աշխարհում խոշորագույն TUI Group տուրօպերատորը և Տուրիզմի գերմանական միությունը նշում են, որ Թուրքիայում ամրագրված տուրերը կրճատվել են 40%-ով` ի տարբերություն 2015թ., գրում է թերթը: Նրա տվյալներով՝ հարյուրավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել։



