Թուրքիայից շարունակում են Հունաստան ժամանել հարյուրավոր ներգաղթյալներ։ Վերջին մեկ օրում նրանց թիվը հասել է մոտ 900-ի։ Միգրացիոն հոսքը շարունակվում է՝ չնայած կիրակի ԵՄ-Թուրքիա համաձայնագրի ուժի մեջ մտնելուն, համաձայն որի՝ անօրինական ներգաղթյալները պետք է վերադարձվեն Թուրքիա։
Հաղորդվում է վերջին 1 օրում 2 երեխայի մահվան դեպքի մասին, ովքեր եղել են Էգեյան ծովը հատել փորձող ներգաղթյալների թվում։
Հունական իշխանությունները ձերբակալել են 2 նավատերերի, ովքեր կասկածվում են մարդկանց անօրինական տեղափոխման մեջ՝ հայտնում է BBC-ն։
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ակնհայտ են դարձել դրա իրագործման դժվարությունները, ոստիկանների ու թարգմանիչների պակասը՝ չդադարող հոսքի պայմաններում։
Ներկայում երկրում գտնվում է 47.500 փախստական, որից ավելի քան 8000-ը պահվում են կղզիներում, իսկ ևս 10.500-ը տեղակայված են Մակեդոնիայի հետ սահմանի վրանային ճամբարում։



