Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Նովրուզի (մարտի 21) տոնակատարությունների կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ։
Ալայի խոսքով՝ այդ կապակցությամբ մոբիլիզացվել է 120.000 ոստիկան ու 80.000 ժանդարմ։ Բացի դրանից՝ գործի են դրվելու պայթուցիկի որոնման 10.000 սարք, հատուկ վարժեցված շներ, վերահսկվելու են ճանապարհները։
Նախարարը քաղաքացիներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ հայտարարելով, որ այն խաղաղության, գարնան գալստյան տոն է։ Ալան կարևորել է քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Նա ընդգծել է, որ Նովրուզի տոնակատարությունները թույլատրվել են 10 նահանգում ու շրջանում, իսկ մի շարք նահանգներում ու շրջաններում դրանք արգելվել են, քանի որ այդպես ավելի օգտակար կլինի քաղաքացիների անվտանգության տեսանկյունից։