ԼՂՀ աշխարհագրական դիրքը և հողակլիմայական պայմանները

Լեռնային Ղարաբաղը տեղադրված է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և արևելքից եզերող Փոքր Կովկասի լեռնահամակարգի արևելյան շղթաների, նրանց լեռնաբազուկների, նրանց միջև տեղադրված մեծ ու փոքր հովիտների և դրանք արևելքից եզերող Միլի-Ղարաբաղի հարթավայրի եզրային շերտի տարածքում: ԼՂՀ տարածքը պարփակված է հյուսիսային լայնության 390 25′ ու 400 26′ և արևելյան երկարության 460 18′ ու 470 20′ կոորդինատներում: Հանրապետության տարածքը 12 հազ. քառ. կիլոմետր է: Վարչական առումով ԼՂ Հանրապետությունը բաժանվում է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ու Ստեփանակերտ քաղաքի տարածքի: Արցախի տարածքը հիմնականում բնորոշվում է լեռնային ձևավորումներով, մակերևույթը խիստ խայտաբղետ է: Ամենաբարձր կետը Գոմեշ գագաթն է (3724մ), իսկ արևելքում նախալեռները իջնում են մինչև ծովի մակերևույթից 100-150 մետրի: Ուրեմն, ռելեֆի բացարձակ բարձրությունների տարբերությունները Արցախի տարածքում հասնում են 3600 մետրի, որը ռելիեֆի բազմազանության ակնբախ վկայությունն է, տարածքի միջին բացարձակ բարձրությունը հաշվվում է 1100 մ: Լեռնային Ղարաբաղի տարածքն ըստ ուղղահայաց գոտիականության, բաժանվում է 4 գյուղատնտեսական գոտիների. դաշտային (ծովի մակերևույթից մինչև 350մ բարձրություն), նախալեռնային (350-600մ), միջին լեռնային (600-950մ) և լեռնային (1000-ից ավելի մետր): Գյուղատնտեսական մշակաբույսերը աճեցվում են մինչև 1800մ բարձրության վրա: 1. Դաշտավայրային գոտին (մինչև 350մ ծ.մ.) զբաղեցնում է (նախկին ԼՂԻՄ-ի) ընդհանուր տարածքի 23%-ը, ունի տաք կլիմա, թույլ խոնավություն, տեղումների քանակը տարեկան հասնում է 350-400մմ-ի, խոնավության գործակիցը 30-50% է, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը տարվա մեջ կազմում է 240 և ավելի օր, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +13°C-ից բարձր է, բացարձակ նվազագույնը` -16°C, բացարձակ առավելագույնը` +37 °C, վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` ապրիլի երկրորդ տասնօրյակը: Բուսականությունը կիսաանապատային և կիսատափաստանային է: Հողի հիմնական տեսակը շագանակագույն է` հարթավայրային, լեռնային, բաց և մուգ տարատեսակներով: Մեխանիկական բաղադրությունը կավային և ավազակավային է` շուրջ 3% հումուսի պարունակությամբ: Հումուսային հորիզոնի հզորությունը 30-50 սմ է, պարունակում է 5-10% կիր, կլանման տարողությունը` 25 մգ/էկվ, հողի ռեակցիան չեզոք կամ թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` բանջարաբոստանային կուլտուրաները, առվույտը, ցորենը, գարին, եգիպտացորենը, վաղահաս կարտոֆիլը, նուռը, թուզը, թութը, տանձը, խնձորը, արևելյան խուրման և խաղողը: 2. Նախալեռնային գոտին (350-600մ ծ.մ.) զբաղեցնում է ընդհանուր տարածքի 27%-ը, կլիման տաք է: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10.8°C: Ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 227 օր է, տարեկան տեղումների քանակը 560մմ է, խոնավության գործակիցը կազմում է 50-70%, բացարձակ նվազագույնը` -18°C, բացարձակ առավելագույնը` +37°C, դրական ջերմաստիճանների գումարը 3382°C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` ապրիլի երրորդ տասնօրյակը: Հողի հիմնական տեսակներն են` լեռնային-շագանակագույն, գորշ-դարչնագույն (մուգ և բաց դարչնագույն) թույլ հզորության և թույլ-հումուսային սևահողեր, հարավային սևահողեր, լեռնային սևահողեր և այլն: Գորշ-դարչնագույն հողերի մեխանիկական բաղադրությունը կավավազային (60% կավ) և կավային (80% կավ) է, հումուսի պարունակությունը 3-4% է, հումուսային հորիզոնի հզորությունը 30-40սմ, պարունակում է մինչև 15% կիր, կլանման տարողությունը հասնում է 30մգ/էկվ, կալցիումի պարունակությունը մինչև 9.0%, հողի ռեակցիան չեզոք կամ թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` ցորենը, գարին, եգիպտացորենը, բանջարեղենը, կարտոֆիլը, խաղողը, տանձը, խնձորը, թութը, սալորը, դեղձը, բազմամյա խոտաբույսերը, կերային կուլտուրաները: 3. Միջին լեռնային գոտին (600-950մ ծ.մ.) զբաղեցնում է ընդհանուր տարածքի 44%-ը: Կլիման` մեղմ-տաք է, կիսախոնավ, օդի միջին տարեկան ջերմաստիճանը 10°C, բացարձակ նվազագույնը` -15°C, բացարձակ առավելագույնը` +36°C, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 213 օր է, տեղումների տարեկան քանակը հասնում է 600մմ-ի, ձյան ծածկույթը մնում է 68 օր (բարձրությունը հասնում է մինչև 11 սմ), հողի խոնավության գործակիցը 70-100% է, դրական ջերմաստիճանների գումարը 3130°C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` մայիսի առաջին տասնօրյակը: Հողի հիմնական տեսակներն են` լեռնա-մարգագետնային, անտառային, անտառա-տափաստանային, մարգագետնա-սևահողային և բաց: Հումուսի պարունակությունը կազմում է 5-6%, հումուսային հորիզոնի հզորությունը մի քանի սմ-ից երբեմն հասնում է մինչև 1 մ-ի: Մեխանիկական բաղադրությունը թեթև կավային և ավազակավային է: Կլանման տարողութ -յունը` մինչև 35 մգ/էկվ, հողի ռեակցիան չեզոք է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` ցորենը, գարին, եգիպտացորենը, բանջարեղենը, կարտոֆիլը, ծխախոտը, տանձը, խնձորը, թութը, սալորը և կերային կուլտուրաները: 4. Լեռնային գոտին (1000մ ծ.մ բարձր) կազմում է ընդհանուր տարածքի մոտ 6.0%-ը, կլիման խոնավ է և ցուրտ, օդի միջին ջերմաստիճանը +8.6°C, բացարձակ նվազագույնը` -190C, բացարձակ առավելագույնը` +32°C, տարեկան միջին տեղումների քանակը 600-650 մմ է, ձյան ծածկույթը մնում է 100 օրից ավելի, խոնավության գործակիցը 100-150% է, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 196 օր է, դրական ջերմաստիճանների գումարը հասնում է 2657°C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը սեպտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` մայիսի երկրորդ տասնօրյակը: Հողի ծածկույթը մարգագետնային ենթագոտում իրենից ներկայացնում է սև-մարգագետնային, իսկ անտառային ենթագոտիներում` մուգ դարչնագույն և դարչնագույն լեռնաանտառային հողեր: Լեռնա-մարգագետնային հողերը բնութագրվում են մուգ գունավորված վերին շերտով, 10-20 սմ հզորությամբ, 10% և ավելին հումուսի պարունակությամբ: Տիպիկ լեռնա-անտառային հողերը պարունակում են 6-8% հումուս և գոյացել են դելուվիալ կավային մայրատեսակների վրա, սակայն կիրը լինում է միայն ցածր հորիզոնականներում`
Բ. հորիզոնականից ցածր: Մեխանիկական բաղադրությամբ լինում են թեթև կավային և ավազակավային, իսկ Բ. հորիզոնականում` միշտ ծանր կավային: Կլանման տարողությունը տատանվում է մինչև 35 մգ/էկվ: Հողի ռեակցիան չեզոք և թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` բազմամյա խոտաբույսերը, կարտոֆիլը, հացահատիկային կուլտուրաները: Տարվա արևոտ օրերը կազմում են 245-265 օր: Գյուղատնտեսական արտադրության համար նպաստավոր պայմաններ ունեցող տարածքում մթնոլորտային տեղումների քանակի տարեկան միջինը բազմամյա տվյալներով կազմում է 588 մմ, ծովի մակերևույթից մինչև 610 մ բարձրություն ունեցող վայրերում` 482-581 մմ: Առավելագույն մասը թափվում է մայիս-հունիս ամիսներին: Օդի հարաբերական խոնավությունը կազմում է` հունվար ամսում` 69%, փետրվար` 68.5%, մարտ` 69.8%, ապրիլ` 69.5%, մայիս` 65.5%, հունիս` 60%, հուլիս` 51.8%, օգոստոս` 53.5%, սեպտեմբեր` 65.8%, հոկտեմբեր` 65.8%, նոյեմբեր` 73.2%, դեկտեմբեր` 70.5%, տարեկան միջինը` 65.2%:

Տվյալներ հողօգտագործման մասին


ԼՂՀ տարածքում գործում է գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության 3 ձև` 1. անհատ (սեփականատերի դերում հանդես է գալիս գյուղացիական բնակչությունը), 2. պետական (սեփականատերի դերում հանդես է գալիս պետությունը), 3. համայնքային (սեփականատերի դերում հանդես է գալիս համայնքը): ԼՂՀ տարածքում, համաձայն ԼՂՀ հողային օրենսգրքի, գյուղական բնակիչներին սեփականաշնորհվել է վարելահող, բազմամյա տնկարկներ, խաղողայգի և խոտհարք: Ընդհանուր սեփական հողի չափը, անկախ հողատեսքից, կազմում է 0.6 հա մեկ շնչի հաշվով: Վարձակալված հողերի տարածությունը կազմում է 43.6 հազ. հա, որից 80 % վարձակալված է խոշոր ֆերմերային տնտեսությունների կողմից: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 459.9 հազ. հա տարածություն, որից սեփականաշնորհվել է 30.6 հազ. հա:
ԼՂՀ բնակչության թվաքանակի մասին
1989թ. մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը կազմել է 187.8 հազ. մարդ, որից գյուղական բնակչությունը — 50%: Պատերազմական գործողությունների հետևանքով տեղի է ունեցել բնակչության դեմոգրաֆիական փոփոխություն` կապված տեղի բնակիչների բռնագաղթման, ինչպես նաև Ադրբեջանից կատարված ներգաղթի հետ: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 148.917 մարդ, որից քաղաքային` 84.522 մարդ, գյուղական` 64.395 մարդ:
Վերջին 3-4 տարիների ընթացքում գրանցվել է բնակչության աճի կայուն դինամիկա, բնական աճի ու ներհոսքի հաշվին: Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, առաջիկա 25 և 50 տարիների ընթացքում կանխատեսվում է բնակչության աճ ՝ համեմատաբար 50 հազ. և 90 հազ. մարդ: Արդյունքում, բնակչության թվաքանակը կկազմի 2025թ. 195 հազ. մարդ, 2050թ` 235 հազ. մարդ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը անցյալում, ներկան և զարգացման հեռանկարները (համառոտ տեսություն)
Արցախի գյուղացիները ոչ հեռու անցյալում հայրենանվեր, քրտնաջան աշխատանքով ստեղծել էին զարգացած, արդյունավետ, խոշոր մեքենայացված բազմաճյուղ գյուղատնտեսական արտադրություն: Հիմնական ճյուղերը` բուսաբուծությունն ու անասնապահությունը: Լայն զարգացում ստացան խաղողագործությունը, ծխախո-տագործությունն ու մեղվաբուծությունը: 1985թ. ԼՂԻՄ-ում կային 33 կոլտնտեսություն, 40 խորհրդային տնտեսություններ (սովխոզներ) և 6 միջտնտեսային ձեռնարկություններ: Տնտեսությունների հետագա խոշորացումն ու մասնագիտացումը, ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը, արտադրության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը կարճ ժամանակամիջոցում ապահովեցին բուսաբուծական ու անասնապահական արտադրության կայուն աճ: Գյուղատնտեսության զարգացման տեմպերը առավել բարձր էին 70-80 թվականներին, առանձնապես 80-90թթ.: Հանրապետությունում (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) 1971-1980թթ. հացահատիկի միջին տարեկան արտադրությունը կազմել է 51.8 հազ. տոննա, իսկ 1981-90թթ.` 62.8 տոննա, խաղողինը` համապատասխանաբար 83.9 հազ. տոննա և 101.4 հազ. տոննա, մսի արտադրությունը` 10 հազ. և 10.2 հազ. տոննա, կաթինը` 43.9 հազ. և 52.4 հազ. տոննա, ձվինը` 26 մլն և 27.8 մլն հատ: Ուշագրավ է, որ նշված աճը հիմնականում տեղի է ունեցել ինտենսիվ` գյուղատնտեսական մշակաբույսերի ու անասունների մթերատվության բարձրացման հաշվին: Այսպես, հացահատիկի և մի շարք մշակաբույսերի բերքի աճը լիովին տեղի են ունեցել բերքատվության հաշվին, քանի որ 1971-1985թթ. խաղողագործության զարգացման հետեւանքով նրանց ցանքատարածությունները կրճատվել են 30-50%: Հացահատիկի մեկ հեկտարի միջին տարեկան բերքատվությունը 9.4ց (1961-1970թթ.) բարձրացել եւ 1971-1980թթ. կազմել է 14.9ց, իսկ 1981-1990թթ.` 22ց, բանջարեղենի բերքատվությունը` համապատասխանաբար 98.5ց 123 ց և 133.3ց, խաղողինը` 44.1ց, 84.5ց, 73.3ց: Մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը 70-ական թվականների 1217կգ-ից աճել եւ 1981-1990թթ. կազմել է 2294կգ: Հացահատիկի արտադրության մակարդակը եղել է. 1988թ.` 107.8 հազ. տոննա, իսկ 1990թ.` 95.3 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը` համապատասխանաբար 27.3ց և 25.8ց: 80-ական թվականներին հանրապետության տարածքում, հատկապես Մարտակերտի և Մարտունու շրջաններում, բուռն կերպով զարգացավ խաղողագործությունը: Հանրապետության տնտեսությունների երկու երրորդը ունեին խաղողի այգիներ: Նրանց դրամական եկամուտի 40-50%-ը (բուսաբուծություն` 90%-ը) ստացվել է խաղողագործությունից: Արդյունաբերության համախառն արտադրանքի 60%-ից ավելին և ընդհանուր իրացման ծավալի 45%-ից ավելին բաժին էր ընկնում գինեգործությանը: Խաղողագործության շահույթաբերությունը կազմում էր մոտ 70%, առանձին տարիներին` ավելի բարձր: Խաղողագործության շահույթը փակում էր մնացած ճյուղերի վնասը: 1984թ. արտադրվել է 167.6 հազ. տոննա խաղող, որից կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում 164.2 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը կազմել է 121.2ց: Սակայն Գորբաչովյան հակաալկոհոլային տխրահռչակ որոշումից հետո խաղողի պլանտացիաների տարածքները 18.2 հազ. հա-ից (1982թ.) կրճատվել են մինչև 11.2 հազ.հա (1987թ.): Գյուղատնտեսության համախառն միջին տարեկան արտադրանքը 1981-1990թթ. կազմել է ավելի քան 41.5 մլրդ դրամ (2006թ. գներով): Այն ցանքատարածությունների 1 հեկտարի հաշվով կազմել է 671 հազ.դրամ, իսկ հանրապետության մեկ շնչի հաշվով` 253 հազ.դրամ: Դա նախորդ տասնամյակի միջին տարեկան ցուցանիշները գերազանցում է համապատասխանաբար 4.3 մլրդ, 114 հազ և 21 հազ. դրամով: ԼՂՀ կառավարությունը, գյուղատնտեսության բնագավառի համապատասխան մարմինները 1994թ. զինադադարից հետո անմիջապես ձեռնամուխ եղան պատերազմի հետևանքով քայքայված գյուղատնտեսության արտադրության կազմակերպման և նրա հետագա զարգացման հիմնախնդիրների լուծմանը: Արագ տեմպերով սկսվեցին ավերված գյուղերի վերականգնումը, գյուղատնտեսության արմատական վերակառուցումն ու բարեփոխությունները, հողի, անասնագլխաքանակի և այլ հիմնական արտադրական միջոցների սեփականաշնորհումը, վարձակալման համակարգի ներդրումը, հողահանդակների ականազերծումը, բուսաբուծության և անասնապահության կարևոր ճյուղերի արտոնյալ վարկավորումը, խիստ վերահսկողություն սահմանվեց տրամադրած վարկերի նպատակային օգտագործման նկատմամբ, ինչը կարճ ժամանակամիջոցում տվեց իր դրական արդյունքները: Այսպես, 2001-2005թթ. հացահատիկային մշակաբույսերի միջին տարեկան ցանքատարածությունները 1994-2000թթ. համեմատությամբ ընդլայնվել են 1.8 անգամ, հատիկի արտադրությունն ավելացել է 2.3 անգամ և կազմել է 70.9 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը բարձրացել է 1.3 անգամ և կազմել է 16ց: 2005թ. արտադրվել է 88.5 հազ. տոննա հացահատիկ, որը հանդիսանում է 3-րդ ցուցանիշը հանրապետության հացագործության ամբողջ տարիների ընթացքում: Բանջարեղենի արտադրությունը ավելացել է 3.7 անգամ և կազմել 10.8 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը` համապատասխանաբար 1.7 անգամ և 91.4ց, կարտոֆիլի արտադրությունը` 4.6 անգամ և 12.9 հազ. տոննա, բերքատվությունը 2.1 անգամ և 95.3ց, խաղողի արտադրությունը` 1.8 անգամ և 5.3 հազ. տոննա, բերքատվությունը` 1.8 անգամ և 42.9 ց: Նշված ժամանակաշրջանում որոշակի դրական տեղաշարժեր են տեղի ունեցել նաև անասնապահության բնագավառում: Այսպես 2005թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1990թ. համեմատությամբ ավելացել է 35.2%, իսկ 2000թ.` 27.8% և կազմել է 44.6 հազ. գլուխ, այդ թվում կովերի` համապատասխանաբար 31.5%, 18.1% և 19.6 հազ. գլուխ, խոզերի` 55.7%, 44.3% և 15.1 հազ.գլուխ, ոչխարների ու այծերի` 29%, 17.4% և 42.2 հազ.գլուխ, թռչունների` 91.9%, 36% և 239.9 հազ.թև: Բարձրացել է նաև նրանց մթերատվությունը: 2001-2005թթ. կաթի միջին տարեկան արտադրությունը 1991-2000թթ. համեմատությամբ ավելացել է 37.1% և կազմել 30.3հազ. տոննա, մեկ կովի կաթնատվությունը աճել է 29.6% և կազմել 1494 կգ: Ձվի արտադրությունը նույն համեմատությամբ ավելացել է 38.1% և կազմել 14.2 մլն հատ, մեկ ածան հավի ձվատվությունը 1.9 անգամ և կազմել է 123 հատ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի միջին տարեկանը 2001-2005թթ. կազմել է 18.6 մլրդ դրամ (2006թ. գներով) 1991-2000թթ. 11.5 մլրդ դիմաց: Բնակչության մեկ շնչի հաշվով այն կազմել է 136.5 հազ. դրամ 1991-2000թթ. 89.4 հազ. դիմաց, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի մեկ հեկտարի հաշվով 378.1 հազ.դրամ, 1991-2000թթ. 342.2 հազ.դրամի դիմաց: Ձեռք բերված հաջողությունները դեռ վերջնակետը չեն: Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում դեռ կա բավականաչափ մեծ ներուժ, ռեզերվներ ու հնարավորություններ, որոնց արդյունավետ օգտագործումը կնպաստի ոչ միայն մոտ ապագայում նախկինում ձեռք բերված ցուցանիշների հասնելուն, այլ նաև դրանց զգալիորեն գերազանցմանը: Հանրապետության գյուղնախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսության հետագա զարգացման միջանկյալ և հեռանկարային ծրագրեր: Նախատեսվում է արմատապես բարելավել բուսաբուծության և անասնապահության համակարգի վարումը, արտադրությունում ներդնել հողի մշակման ու անասունների խնամքի նորագույն առաջատար ձևերը, ամենուրեք լայնորեն օգտագործել օրգանական ու հանքային պարարտանյութերը, մշակաբույսերի ու անասունների պաշտպանության լավագույն թունաքիմիկատներն ու դեղամիջոցները, լիովին թարմացնել և ընդլայնել մեքենա-տրակտորային պարկը և դրա հիման վրա ապահովել դաշտավարության ու անասնապահության աշխատարար պրոցեսների մեքենայացման մակարդակի բարձրացումը, արմատապես բարելավել բնական խոտհարքներն ու արոտները: 2015թ. հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կկազմեն 48.0 հազ.հեկտար, կարտադրվի 120.0 հազ.տոննա հատիկ, յուրաքանչյուր հեկտարից կստացվի 25 ց հատիկ, բանջարեղենը` համապատասխանաբար 2.1 հազ.հա, 24.1 հազ.տոննա, 115ց, կարտոֆիլը` 2 հազ.հա, 22 հազ.տոննա, 110ց, բոստան-պարենայինը` 300 հա, 7.5 հազ.տոննա, 250ց, խաղողը` 4 հազ.հա, 28.8 հազ.տոննա և 90ց, պտուղները` 2.5 հազ.հա, 10.9 հազ.տոննա և 50ց: Նշված թվականին անասունների գլխաքանակը պետք է հասցվի` խոշոր եղջերավոր անասուններ` 60 հազ.գլխի, որից կովեր` 29 հազ.գլ., խոզեր` 50 հազ.գլ., մանր եղջերավոր անասուններ` 65 հազ.գլխի, թռչուններ`475 հազ.թևի: Կովի միջին կաթնատվությունը կհասցվի 2650կգ, ոչխարի բրդատվությունը` 2.8կգ, հավի ձվատվությունը`175 հատի: Մսի արտադրությունը կկազմի 7.6 հազ.տոննա (կենդանի քաշով), կաթինը` 77 հազ.տոննա, բրդինը` 140 տոննա, ձվինը` 25 մլն հատ: Դա հնարավորություն կստեղծի ավելացնել գյուղմթերքների արտադրության մակարդակը, բարձրացնել հանրապետության բնակչությանը սեփական արտադրության մթերքներով ապահովվածության տոկոսը: Վերը նշված գյուղմթերքների արտադրությունը կգերազանցի ըստ շնչի սպառման ռացիոնալ նորմաները` հացահատիկ` 6.2 անգամ, բանջարեղեն` 1.5 անգամ, կարտոֆիլ` 2.6 անգամ, բոստան-պարենային` 1.8 անգամ, խաղող` 19 անգամ, կաթ` 1.4 անգամ, իսկ պտուղ և հատապտուղները կկազմեն 94.4 %, միս (սպանդային քաշով) 45%, ձու 68.7%: Այս ծրագրի իրացման համար պահանջվում են բավականին մեծ գումարներ (5-7 մլրդ դրամ), որոնք պետք է առանձնացվեն մասամբ պետբյուջեից և հիմնականում ներքին և արտաքին ներդրողների կամ հովանավորների կողմից:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել