Այսօր ծաղկազարդ է և ես մեր Տիրոջն առնչվող գեղեցիկ մի պատմություն հիշեցի...
Այն հայտնի պատմություն է, սակայն ցանկացա մեկ անգամ էլ շարադրել. Գուցե կլինի մեկն, ում ծանոթ չէ այս պատմությունը, որով մի նոր ուղենիշ կբացվի իր համար, կամ գուցե կլինեն մարդիկ, ում հենց այս պատմությունն է, որ դարձի կբերի և ցույց կտա ՛՛լայն դռնով և ընդարձակ ճանապարհով գնալու կորստաբերությունը՛՛...

Ահա այդ պատմությունը

Ասում են, որ Քրիստոսի ծնունդն ավետող և փոքրիկ Հիսուսին երկրպագելու նպատակով Բեթլեհեմ եկած երեք մոգերից բացի եղել է նաև չորրորդը, ով ևս, իր ընծաներով շտապելիս է եղել Նրա մոտ: Սակայն նա միշտ ուշացումով է հայտնվել այնտեղ, որտեղ կարող էր գտնել Փրկչին, քանզի կարեկցաբար օգնության ձեռք է մեկնել իր ճանապարհին հայտնվող ու օգնության խնդրանքներով իրեն մշտապես կանգնեցնեղ խեղճերին ու կարիքավորներին: Եվ երեսուն տարի շարունակ Հիսուսին հետևելուց հետո` Եգիպտոսից անցնելով Գալիլեա ու Բեթլեհեմ, չորրորդ մոգը հայտնվեց Երուսաղեմում, սակայն, ավաղ, դարձյալ ուշացած… Տիրոջ խաչելության օրն էր: Իմաստունը Հիսուսի համար նախատեսած նվերները` մարգարիտներն անգամ, վաճառել էր իր ճանապարհին հայտնված կարիքավորներին օգնելու համար, որպես ընծա պահելով ընդամենը մեկ մարգարտահատիկ:

Սակայն Փրկիչն, ավաղ, խաչին էր գամված...
-Ես տապալեցի իմ ողջ կյանքի գործը ,- մտածեց իմաստունը…

Բայց լսվեց պատասխան Ձայնը. “Հակառակ քո մտածածի, դու մշտապես ինձ հետ ես եղել քո կյանքում: Ես մերկ էի, և դու հագցրեցիր ինձ: Ես քաղցած էի, և դու կերակրեցիր ինձ: Ես բանտարկված էի, և դու այցելեցիր ինձ: Ես քո ճանապարհին հայտնված յուրաքանչյուր կարիքավորներից մեկն եմ եղել: Շնորհակալ եմ, որ մշտապես Սերն է եղել քո կյանքի ուղեկիցը”:

՛՛Մակտուբ՛՛
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել