Elq.am-ը գրում է.
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում նկատվում է ընդերային լեյշմանիոզով հիվանդացության բարձրացման միտումը: Այս տարի Հայաստանում արդեն գրանցվել է հիվանդացության 6 դեպք, ինչը հանրության շրջանում խուճապային տրամադրությունների առիթ է դարձել, քանի որ հիվանդության թիրախում երեխաներն են: «Ամեն տարի լեյշմանիոզի դեպքեր ունենում են՝ տարեկան 14-15 դեպք, այնպես որ այսօրվա իրավիճակը արտառոց կամ անհանգստացնող որակել չենք կարող: Բժիշկների զգոնությունն է ավելացել: Պետք չէ խուճապի մատնվել, պարզապես հարկավոր է ավելի զգոն լինել»,- ELQ-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Նրա խոսքով, անցած տարի խնդրին նվիրված մեծ հետազոտություն են անցկացրել, որպեսզի հասկանան, թե որտեղ խնդիրներ ունենք հիվանդության առումով և ինչ ծավալի են դրանք: Առողջապահության և գյուղատնտեսության նախարարների համատեղ հրամանով է իրականացվել այդ հետազոտությունը երեխաների շրջանում, պատահական ընտրանքով, ինչպես նաև նույն բնակավայրերի շների շրջանում: Այն տարածքներում, որտեղ հիվանդության դեպքեր էին եղել, հայտնաբերվել էին նաև հիվանդ շներ, բայց հիվանդ երեխաներ, բարեբախտաբար, ոչ. «Այս տարի մենք ունեցել ենք արդեն 6 դեպք: Ամենաշատ դեպքերը ունեցել ենք անցած տարի, բայց դա պայմանավորում եմ մեր բժիշկների զգոնության բարձրացմամբ, որովհետև բժիշկները ավելի շատ են հետազոտում այդ ուղղությամբ ու ըստ այդմ ավելի շատ ախտորոշում»,- նշեց Լ.Պարոնյանը: Հարցին՝ լեյշմանիոզը համարվում է սոցիալական հիվանդություն, այսինքն ազգաբնակչության սոցիալական խնդիրների ավելացմանը զուգահեռ սպասելի՞ է և հիվանդացության դեպքերի ավելացում, Լ.Պարոնյանը նշեց, որ ԱՀԿ կողմից լեյշմանիոզը տեղավորվում է «մոռացված, արհամարհված արևադարձային հիվանդություն» ցանկում: Բնութագրվում է, որ այդ հիվանդությունները հիմնականում տարածվում են այն երկրներում, որտեղ սոցիալական խնդիրներ կան, բնակչությունը սոցիալապես ծանր վիճակում է գտնվում: Բայց դա չի նշանակում, որ բոլոր հիվանդները սոցիալական ծանր վիճակում են. «Այսինքն ՝ կարող է նաև սոցիալապես լավ վիճակում ապրող մարդուն մլակը խայթել և հիվանդությունը տարածել»,- շեշտեց նա: ԱՆ-ն ակտիվ աշխատանքներ է տանում, որպեսզի մլակների ակտիվության սեզոնին ընդառաջ դրանց դեմ պայքար մղվի ու գործողություններ ձեռնարկվեն: Մասնավորապես, աղբի կուտակման վայրերում ուժեղացնել աղբահանության հսկողությունը, ինչպես նաև առաջարկել են ուժեղացնել հսկողությունը թափառող շների նկատմամբ, քանի որ շները հիվանդության տարածողն են հանդիսանում ու շների մոտ այդ հիվանդությունը չի բուժվում: Եվ, նկատեց նա, հենց դրանով է պայմանավորված, որ հարևան Վրաստանում ավելի մեծ է խնդիրը՝ տարեկան 300-ից ավելի դեպք են ունենում: «Մեր ինֆեկցիոնում բուժվում են նաև Լեռնային Ղարաբաղի դեպքերը, որտեղ տարեկան գրեթե նույնքան դեպք է արձանագրվում, ինչ Երևանում՝ 14-15, այդ իսկ պատճառով ինֆեկցիոնից բուժվողների թիվը կարող է մեծ լինել: Բայց Հայաստանում իրավիճակը ամբողջովին վերահսկելի է ու խուճապի մատնվել պետք չէ, պարզապես պետք է զգոն լինել ու պատրաստվել ամռան սեզոնին՝ մլակների դեմ միայն առողջապահության համակարգի պայքարը արդյունավետ չի լինի, եթե ծնողները իրենք էլ քայլեր չձեռնարկեն»,- նկատեց մեր զրուցակիցը: Ամենից շատ դեպքերը գրանցվում են Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերից, թեև Երևանից էլ դեպք եղել է:
Աննա Հովակիմյան