Քաղաքագիտության դասագրքերում և մի շարք երկրների սահմանադրություններում գրված է, որ ժողովրդավարական երկրներում իշխանությունը փոխվում է ընտրություններով: դա իրոք այդպես է, բայց միայն այն երկրներում, որտեղ դասագիրք և առհասարակ գիրք են կարդում և սահմանադրությունն էլ ձևի համար չեն ընդունում:
Մյուս բոլոր երկրներում իշխանությունը փոխվում է այլ տարբերակով, որի մասին դասագրքերում նախընտրում են չգրել: Ուրեմն, իշխանության տանում է կուտակումը. լինի դա փողի կուտակում, հեղինակության կուտակում, մարդկային ռեսուրսների կուտակում, սոցիալական վստահության կուտակում, ազդեցության կուտակում:
Նա (մարդ, թե կուսակցություն), եթե տարիների ընթացքում կուտակում է նշվածներից մեկը-երկուսը, շատ մեծ հնարավորություն է ստանում իշխանությունը վերցնելու: Եվ հակառակը, եթե անհատը կամ կուսակցությունը տարիների ընթացքում ոչինչ չի կուտակում, ապա իշխանության բանալին չի կարող հայտնվել նրա ձեռքերում:
Հիմա, ի՞նչ է կուտակել մեր ընդդիմությունը տարիների ընթացքում. ո՛չ փող, ո՛չ մարդկային ռեսուրսներ, ո՛չ հեղինակություն, ո՛չ վստահություն, ո՛չ նույնիսկ փորձ:
Մի քանի անգամ Հայաստանում ընդդիմադիր ուժերը ռեալ հնարավորություն ունեին իշխանափոխություն իրականացնելու, և ամեն անգամ փոշիացրել են կուտակված կապիտալը, վստահությունը, ռեսուրսները: Հիմա այլևս կուտակած ոչինչ չունեն: