Ամեն օր հանդիպում ենք հազարավոր մարդկանց, ոմանց դեմքերը ծանոթ են արդեն, նույնիսկ մի քիչ հարազատ, մյուսներին տեսնում ենք առաջին եւ, շատ հնարավոր է, վերջին անգամ: Անցնում ենք անտարբեր, ամեն մեկս մեր մտքերի մեջ սուզված, ուրախ կամ տխուր, ծիծաղը կամ լացը զսպելով: Ու մեզ հետաքրքիր չեն մարդիկ, նրանց ցավերն ու մտահոգությունները, բոլորի համար էլ բավական են իրենց կյանքի դժվարությունները, ինչո՞ւ իզուր ծանրաբեռնվել այլոց հոգսերով: Ու մոռացել ենք, որ մենք իրար օգնելու, ձեռք մեկնելու համար ենք ստեղծված, որ մարդն առանց մարդու ոչինչ է: Միշտ պատ ենք ստեղծում իրար միջեւ, որի անունն է «Ես նրան չեմ ճանաչում»: Իրականում նույնիսկ ցանկություն չունենք ճանաչելու: Խորթ է մեզ համար բարձրացնել ընկած անծանոթին, կարող ենք նայել, շրջվել ու հեռանալ: Խելագարի տեղ ենք դնում այն հատուկենտ մարդկանց, որոնք մեզ ժպտում են փողոցում: Սառել է սերը, ջերմությունը: Բայց ձմեռը չէ դրանք սառեցնողը: Ապրում ենք այսպես, ամեն օր նույն փողոցով անցնում ու նույն մուրացիկ կնոջը տեսնում՝ երեխան գրկին, բայց նա մեզ համար ոչ այլ ինչ է, քան փողոցի պատկերը լրացնող մի առարկա, երբեմն միայն մի կոպեկ ենք նետում ու մեծն բարերարի քայլերով շարունակում ճանապարհը: Քանի՞սն են մոտենում օգնում, մի կտոր հաց տալիս, ոչ թե նետում, այլ դնում ձեռքի մեջ, ձեռքը բռնում ու մխիթարական խոսքեր ասում: Միշտ տարբերակում ենք դնում մարդկանց մեջ ՝նրանց բաժանելով երկու խմբի՝ լավ մարդիկ եվ վատ մարդիկ: Դե իսկ մենք ինքներս բնականաբար պատկանում ենք առաջին խմբին: Բայց, չէ, լսեք, այդպես չի կարելի: Բոլորի մեջ էլ կա լավը, որը երբեմն քնած է, կամ գուցե մահամերձ, բայց կա: Մենք պարզապես պետք է արթնացնենք այդ լավ ու բարին…
Այս մտքերը ողողեցին գլուխս մի աննշան թվացող միջադեպից հետո…
Գնում էի ընկերուհուս տեսնելու… Լուռ նայում էի մեքենայի պատուհանից… Ամառային գեղեցիկ օր էր… Կարապի լճի մոտ խցանում էր: Ես մտքերի մեջ էի ընկած, այնպես որ նույնիսկ չէի նկատել, որ վարորդի՝ այդ կոպիտ ու բռի թվացող մարդու աչքերը լցված էին արցունքներով: Հանկարծ վեր թռա նրա ձայնից.
«Նայիր աղջիկս, լիճը… Այն այնքան թանկ է ինձ համար… Տարիներ առաջ, երբ քո տարիքին էի, այ այնտեղ՝ հենց լճի մեջտեղում, զգեստի փեշը վեր բարձրացրած մի աղջիկ էր կանգնած: Նա չարաճճի ժպտում էր: Գիտեր, որ խելքս գնում է իր համար, որ կանեմ սրտի ուզածը: Ու արեցի, հենց էդպես, գնացի, լճի մեջտեղում ծնկի իջա ու տվեցի նրան ձեռքիս մեծ վարդը…ու սիրտս»:
Այդ պատկերը ինձ այնքան էր գրավել, որ ակամայից բերանիցս դուրս թռավ.
«Իսկ հետո՞»:
«Այդ օրվանից 40 տարի է անցել…»:
Հետո նա լռեց... Ես հետաքրքրությունից մեռնում էի: Սիրում եմ յուրօրինակ սիրո պատմություններ, ու հիմա լսում էի մեկը հենց գլխավոր հերոսի շուրթերից: Արդեն այլ աչքերով սկսեցի նայել լճին: Երեւակայությունս ինձ 40 տարի հետ տարավ, պատկերացրի դիմացս նստած պապիկին 17 տարեկան, սիրահարված, լճի մեջտեղում մի սեւահեր գեղեցկուհու (չգիտեմ ինչու հատկապես սեւահեր) առաջ կանգնած: Տեսնես՝ հետո ինչ էր եղել…
«Նա հիմա կինս է …»,-հազիվ լսելի ասաց վարորդը:
«Որքան երջանիկ եք»-բացականչեցի ես,-դա լավագույն վերջաբանն է, որ կարող էր լինել»:
«Երեւի…»,- ասաց պապիկն ու փռթկաց:
«Ի՞նչ է պատահել»:
«Նա իմն է, բայց ես նրան կարծես կորցրած լինեմ, չեմ ճանաչում նրան: Ես կորցրել եմ իմ խենթ Լիլիթին: Ամեն օր կռվում ենք չեղած բանից: Այսօր էլ կռվեցինք: Ես նրան սիրում եմ, բայց մենք երջանիկ չենք»:
Ես շփոթված էի, ցնցված: Այդ մարդը իր սիրտը բացեց մի անծանոթ 17-ամյա երեխայի առաջ: Նա կարիք ուներ, որ իրեն լսեին, կիսեին իր ցավը: Չգիտեի ինչ անել: Շատ էի ուզում նրան մի լավ բան ասել, մխիթարել, բայց բառերը մտքումս խառնվում էին: Այնքա՜ն էի ուզում օգնել այդ պապիկին, որին սկզբում մի անտաշ ու կոպիտ ծերուկ էի կարծում՝ զգացմունքներից զուրկ, որի հետ նվազագույն ցանկություն չունեի թեկուզ մի բառ փոխանակելու: Շա՜տ էի ուզում նրան օգնել:
«Գուցե նրան մի այնպիսի անակնկալ մատուցեք, խենթ մի բան, ինչպես այն ժամանակ՝ 40 տարի առաջ»,-ասացի ես:
Նա նայեց ինձ, ժպտաց ու հոգոց հանեց.
«Ապրես, աղջիկս: Տարիքի հետ մենք կորցնում ենք խենթությունը ու կյանքը դառնում է ձանձրալի: Ձանձրույթից սկսում ենք մեղադրել ուրիշներին, նունիսկ այն մարդկանց, ում ամենաշատն ենք սիրում: Իսկ դու դեռ երիտասարդ ես, երբեք չկորցնես խենթությունդ»:
Այդ օրվանից հետո չեմ տեսել այդ պապիկին, չգիտեմ ինչ եղավ նրա ընտանիքի հետ: Բայց միայն այն միտքը, որ նա գուցե վերագտել է իր խենթությունն ու իր Լիլիթին, ինձ ստիպում են երջանիկ զգալ: Ես անգամ նրա անունը չգիտեմ, չգիտեմ՝ որտեղ են ապրում, ինչի կարիք ունեն, բայց նա ինձ այնքան հարազատ է՝ չնայած այն բանին, որ «ես նրան չեմ ճանաչում»:
Ամեն մարդ իր մեջ մի ամբողջ պատմություն ունի… Չի կարելի արհամարհել նրա անցած ճանապարհը, ստացած վերքերը… Չի կարելի արհամարհել նրա հոգին:
Անի Անտոնյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=485376314839031&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել