Ժամանակներն, իհարկե, փոխվել են: Առաջ մեդալը չէին վաճառում, հիմա վաճառում են, առաջ մեդալ ստացողը դողում էր, երբ մեդալը կախում էին կրծքին, հիմա դողում է, երբ իր մեդալը վաճառում է, որ հաց ուտի: Ոչ բոլորն են իհարկե վաճառում, միայն նրանք, ովքեր սոված են. մեդալ ունեցողներից շատերն այսօր սոված են, մեդալները կրծքին շարած, զինվորական համազգեստով, թավ բեղերով, եւ սոված են: Մեդալն էլ սովորական հո չէ՞, տվել են, երբ Կուրսկ են մտել, Ղրիմով են անցել, Վարշավան են մաքրել, Բեռլին են հասել՝ դողալով, ինչպես մեդալ ստանալու օրը, ինչպես մեդալը վաճառելու օրը, որից սովետսկի հոտ է գալիս, ինչպես վաստակավորի կոչումից, որը եւս պետության շնորհակալությունն է, ինչպես վաստակավորի կոչումը: Սովետական մեդալն ու սովետական կոչումը նույն հոտն ունեն, բայց նույն բանը չեն: Չեն, որովհետեւ մեդալ ստացողի դողն ուրիշ է, կոչում ստացողի դողն ուրիշ: Առաջինը դողացել է, որովհետեւ պետք է սպանի, որ ապրի, երկրորդը դողացել է, որովհետեւ դողացող է, այդպիսի բնավորություն կա, ժառանգական չէ, ձեռբերովի է. դողացող: Արտահայտվում է հիմնականում հասուն տարիքում, անկախ մասնագիտությունից, հատկապես մշակութային գործիչների շրջանում: Առաջին ախտանշաններից է վախը, ոչ թե որ հանկարծ դերը չմոռանա, կամ երգի բառերը, այլ, որ խաղն ու երգը դուր գա, հանդիասատեսին չէ, նրանց, ովքեր վաստակավորի կոչում են տալիս: Իրենց դա շատ պետք է, փորը չի կշտացնում, բայց շատ պետք է: Որվհետեւ, երբ վաստակավոր ես, թատրոն կամ բեմ ուրիշ կերպ ես մտնում, ոչ ինչպես բոլորը, ովքեր քեզ նախանձում են, որովհետեւ դու վաստակավոր ես, ստացել ես եւ հիմա դողում ես, դողում ես, որ սխալ բան չանես, սխալ բան չասես, ակամայից չվիրավորես, չքննադատես՝ չուզենալով: Քեզ սովորեցրել են, որ դերասանը պետք է բողոքի՝ բեմում, բայց դու հո դերասա՞ն չես, դու վաստակավոր ես, դու պետք է գովես, որքան բարձր, այնքան լավ, որքան լավ, այնքան կմոտենա այն օրը, երբ ժողովրդական կդառնաս, իսկ սա արդեն սրբադասում է: Սովետում սրբեր եղել են, պարզապես նրանք կոչվել են վաստակավորներ եւ ժողովրդականներ, սովետսկի սրբեր, վսեսոյուզնի սրբեր: Ու Սովետն աշխարհում միակն երկիրն էր, որտեղ Աստված չկար, բայց սրբեր կային, լիքը, անթիվ-անհամար, ավելի շատ սուրբ կար թատրոնում, քան դերասան: Բայց սուրբ դառնալը հեշտ չէր, դրա համար պետք էր եւ պետք է…Այո՝ դողալ:
Բայց ժամանակները փոխվել են, ժամանակները փոխվել են դողալը՝ ոչ: Հիմա Սովետ չկա, դրա հոտը կա, ավելի սովետսկի, քան Սովետի ժամանակ էր: Գալիս է թատրոններից էլ, պատկերասրահներից էլ, գրողների միության շենքից էլ, որոշ գրողների գրքերից էլ, Խոսրով Հարությունյանից եւ ոչ միայն նրանից էլ: Սովեստկի օդեկոլոնի բույրը, դա աշխարհում միակ օդեկոլոնն էր, որը ավելի շատ իր բույրը իրեն ցանողի ներսն էր ուղղում, քան դուրս: Ու այդպես սովեստկի բույրը մտնում էր մարդկանց մեջ, մտնում էր եւ մնում էր, մնում էր եւ մնացել է, այդ բույրին էլ կարելի է տալ վաստակավոր բույր կոչումը, գուցե սա չի կարելի, բայց մի բան պետք է տալ: Ինքը մեզ շատ բան է տվել, ինքը մեզ սովեստկի է սարքել, ինքը մեզ ստիպում է, որ կարոտենք սովետական անցյալը, պնդում է, որ դա անցյալ չէր: Ինքը մեր բույրն է դարձել, շատերիս, դեռ շատերիս:
Բայց վաստակավոր միջատաբան մեզ, իհարկե, պետք չէ, առավել եւս՝ ժողովրդական միջատաբան, սա այն պարագայում, երբ մեզ միջատաբաններ պետք են, բառիս՝ բուն եւ փոխաբերական իմաստով: Շինարարներ էլ են պետք, էլեկտրիկներ էլ, վարորդներ էլ, գազավիկներ եւ ավտոմեքենա՝ դզող-փչողներ էլ, բայց վաստակավարո դզող-փչող մեզ պետք չէ, մեզ պետք չէ նաեւ ծայրահեղությունների մեջ ընկնել: Օրինակ չի կարելի ասել, որ եթե վաստակավոր արտիստ կա, կամ վաստակավոր շինարար, ուրեմն վաղը ինելու է վաստակավար միջատաբան, սա իրատեսական չէ, քանի որ ծայրահեղական է, ինչպիսինը լինելով տառապում էինք, տառապում ենք եւ դեռ երկար տառապելու են: Իհարկե միջատաբանների գործը պակաս կարեւոր չէ, քան, օրինակ արտիստներին, առավել եւս՝ որոշ արտիստներինը, եւ հետեւաբար միջատաբանները եւս պետք է գնահատանքի արժանանան, բայց ո՞վ ասաց, որ կոչումները հենց գնահատված լինելու ապացույցն են, ավելի ճիշտ, ո՞վ ասաց, որ որեւէ մասնագետի կարելի է գնահատել նրան կոչում շնորհելով: Ո՞ր վաստակավոր երգիչն է ավելի լավ երգում, քան փողոցում երգող մուրացկանը, ո՞ր վաստակավոր նկարիչն է ավելի լավ նկարո՞ւմ, երբ բոլորն առաջ Լենին-Ստալին էին նկարում, հիմա Մասիս եւ Սիս: Առաջ Լենին-Ստալին է պետք, որ կոչում տային, հիմա Մասիս եւ Սիս է պետք: Ժամանակներն իրոք փոխվել են, բայց դողը ոչ:
Առաջ էլ էին կառուցում, հիմա էլ են կառուցում, չնայած հիմա ավելի շատ նախ քանդում են, որ կառուցեն: Առաջ էլ էին կառուցողներին, շինողներին շինարար ասում, հիմա պարզվում է շինարարը շինողը չէ, շինվողն է. Ազգային ժողովում են ասել, ուրեմն այդպես է, ուրեմն օրենք է, նվազագույնը օրինագիծ է, որը լուրջ դեմքերով քննարկելու են: Եւ ուզում են, որ վաստակավոր շինարարներ ունենանք, դե այսինքն դողը շինարարություն մտցնենք, որ հանկարծ ուրիշ բան չկառուցեն, ուրիշ բան՝ այսինքն ցանկացած բան, բացի եկեղեցուց եւ մոլից, եկեղեցուց, մոլից եւ առանձնատնից, եկեղեցուց, մոլից, առանձնատնից, որոնք պատկանում են միեւնույն մարդուն, նրան, ով պետք է այս ամենը կառուցողին շնորհի վաստակավոր շինարարի կոչում, աշխատավարձի փոխարեն: Գոնե ընտրություն թողնեին, հարցնեին՝ փո՞ղն ես ուզում, թե՞ կոչումը եւ պարզեին, որ այդ կոչումը ոչ մեկին պետք չէ, որովհետեւ բոլորին փողն է պետք, շինարարներին էլ, դերասաննյերին էլ, միջատաբաններին էլ, գազավիկ-էլէկտրիկներին էլ, երգիչ, նկարիչ քանդագործներին էլ փող է պետք, ցանկալի է դոլար եւ քեշ:
Բայց ոչ բոլորին, նրանք, ովքեր ուրիշ բանի պատճառով են դողում, դողում են, որովհետեւ պատերազմում բոլորն են դողում, դողում են, որովհետեւ պատերազմում միայն դա է նշանակում, որ ապրում ես, դողում են ոչ թե վախից, որ կմեռնեն, այլ սարսափից, որ չեն սպանի՝ նախքան մեռնելը, իրենց փող պետք չէ, իրենց մեդալ է պետք, հետո նոր փող, որ հանկարծ չվաճառեն իրենց մեդալները, որոնք ստացել են, երբ Բեռլին մտան եւ երբ Շուշին վերադարձրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել