Lurer.com–ը գրում է.

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող անձինք ձերբակալվել են պատահական զանգի շնորհիվ, որն արել է նրանցից մեկը՝ Անզոր Գուբաշևը՝ բջջային հեռախոսով: Այդ մասին հայտնել է «Коммерсантъ»- ը՝ վկայակոչելով քննությանը մոտ իր աղբյուրին:

Նեմցովի սպանության արդեն հաջորդ օրը քննությունն ուներ հանցագործության վայրում աշխատող բոլոր բջջային հեռախոսների և SIM-քարտերի ցանկը: Ստուգումներից հետո քննիչների մոտ մնացել է միայն մի քանի կասկածելի հեռախոս, որոնք ակտիվ աշխատել են Նեմցովի սպանությունից առաջ, իսկ հանցագործությունից անմիջապես հետո դրանցից եկող զանգերը դադարել են:

Հեռախոսահամարների սեփականատերերին պարզել չի հաջողվել, քանի որ դրանք ձեռք չեն բերվել խանութից: Այնուամենայնիվ, սպանությունից երկու օր անց, SIM-քարտերից մեկն ընդամենը մի քանի վայրկյանով հայտնվել է ցանցում, դրա տերը զանգել է Ինգուշեթիա:

Համեմատելով անանուն SIM-քարտի համարը սարքի իդենտիֆիկացված համարի հետ, որում այն աշխատել է, քննիչները պարզել են, որ այդ նույն բջջայինում օգտագործվել է մեկ այլ քարտ, որը գրանցված է եղել Ինգուշեթիայի բնակիչ Անզոր Գուբաշևի անունով: Ավելի ուշ պարզվել է, որ Գուբաշևն օգտվել է մյուս SIM-քարտից այն պատճառով, որ նրա հաշվին սպառվել է գումարը:

Պարզել մյուս չորս կասկածյալներին քննիչները կարողացել են՝ ուսումնասիրելով Գուբաշևի կապերը, նրա հեռախոսային կոնտակտները և տեսահսկման համակարգից ստացված տվյալները: Նրանք բոլորը ձերբակալվել են փաստացիորեն միաժամանակ՝ հանցագործությունից մեկ շաբաթ անց։

Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում 2015 թվականի փետրվարի 27-ի երեկոյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել