ՄԻԱԿ քարտուղար |
Այն, որ ուշ թե շուտ մեր բանակն էլ ամբողջությամբ համալրված կլինի պրոֆեսիոնալ կադրերով, կարծում եմ` իրականությունից կտրված փաստ չէ: Այսօր էլ ՀՀ Զինված ուժերի անձնակազմի մի ստվար հատված պայմանագրային ծառայողներ են: Ինչ խոսք, ավելի նախընտրելի է, որ որևէ երկիր ունենա պրոֆեսիոնալ բանակ, սակայն մեր պարագայում, երբ որ բանակը մեր ազգային անվտանգության ուղղակի երաշխավորն է, երբ մեր չորս հարևաններից մեկը ակնհայտ թշնամանք է տածում, իսկ մյուսն էլ երբեմն բացահայտ, որոշ դեպքերում էլ «խնամքով քողարկված» հակակրանք է դրսևորում մեր հանդեպ, ապա պարզ է դառնում, որ մենք այլ տարբերակ չունենք, քան ազգովի լծվել մեր երկու հանրապետությունները պաշտպանելու սրբազան գործին: Մի առիթով ասել եմ ու հիմա կրկնում եմ, որ մեզ համար հավասարազոր արժեքներ պետք է լինեն բանակում ծառայելը և բանակին ծառայելը: Եթե առաջինը արտահայտվում է շատ կոնկրետ ժամանակով, ապա երկրորդը որպես մեզ առաջնորդող սկզբունք ու ուրույն գործելակերպ պետք է մեզ ուղեկից լինի մեր գիտակցական ամբողջ կյանքի ընթացքում: