Սկսվել է Տիգրան Սարգսյանի կողմից կերտած վերջին միֆի փլուզումը։ Ես ինչ հիշում եմ մեր բանկիր-վարչապետին, ինքը հայտարարում էր՝ տնտեսության գերակա ճյուղը պետք է լինի բանկային համակարգը, որովհետև միայն այստեղ մենք կարող ենք մրցակցություն ապահովել և այլն, և այլն...
Ընդ որում, Սարգսյանը հետևողականորեն ու քայլ առ քայլ զբաղվում էր ռեալ տնտեսության, այն է՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության հերն անիծելով՝ էլի նույն պատճառաբանությամբ։
Դե հիմա էլ հասունացել է մի իրավիճակ, որ պետք է հասունանար նման քաղաքականության դեպքում՝ բանկային համակարգը կանգնած է փլուզման եզրին։ Բացատրեմ ինչու.
Հասկանո՞ւմ եք, բանկը ոչ մի բարիք չի ստեղծում, ոչ մի ռեալ ապրանք։ Բանկը վերցնում է ձեզանից պարտքով փող ու այդ փողը ավելի բարձր տոոսով պարտքով տալիս է ուրիշին՝ համապատասխան գրավի դիմաց։ Եթե վարկվողը չի կարողանում վերադարձնել այդ գումարը, նրա ձեռքից խլում են գույքը, կամ այդ մարդը վերավարկավորվում է։ Բայց սա փակ շրջան է, որը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բանկն ունի այդ հնարավորությունը։
Հիմա հայրենական բանկային համակարգում հենց այս վերավարկավորումն է լայն տարածվել, ընդ որում, խոշոր բանկերի մոտ արդեն լուրջ խնդիրներ են ծագել, որովհետև ավանդներ քիչ են դնում, իսկ վարկերը դժվար են վերադարձնում։ Չի էլ օգնի անշարժ գույքի բռնագանձումը՝ ի հաշիվ չմարված վարկի, որովհետև ինչպես դա եղավ ամերիկյան հիպտեկային շուկայի դեպքում, չափից շատ անշարժ գույքի վաճառքի հանելու դեպքում կտրուկ ընկնում է դրա գինը, ինչը բերում է ողջ բանկային համակարգի փլուզման...
Բա, վարչապետ ջան, տնտեսագիտությունը նենց բան ա, որ ինչքան էլ դու Հայաստանում քո միկրոտիեզերքը ստեղծես, Նարեկացու միջոցով պայքարես դրա դեմ և հայտարարես, որ ճգնաժամը մեզ չի հասնի, մեկ է, մի պահի այն կթելադրի իր կանոնները, իսկ շնորհիվ մեր որդեգրած քաղաքականության, մենք կհայտնվենք կոտրած էլ չէ, ջարդուփշուր արած տաշտակի մոտ։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել