Հաճախ մեր իրականությունից ներս խոսվում է ազգային գաղափարախոսության մասին։ Այդ հարցին փորձել ենք անդրադառնալ ներքոգրյալ հարցազրույցում, որը հրատարակվել է Նոր Գլաձոր թերթում, հարցազրույցը վարել է Նոնա ՓԱՅՏՅԱՆԸ։ Ուրախ կլինեմ, եթե կարդալուց հետո լինեն առաջարկներ կամ առողջ քննադատություններ։

Պետականություն` ազգային հիմքով

Համաշխարհային մի շարք մարտահրավերներ ազդում են հայության և սփյուռքահայության հոգևոր, լեզվամշակութային, իրավաբարոյահոգեբանական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտների վրա: Այսօր էլ հայ ազգը, հայապահպանությունը համարելով որպես երկրի կայուն զարգացման հիմնասյուն, շարունակում է պայքարել հայոց անկախ պետականությունը վերակերտելու, սեփական արժեքային համակարգը վերականգնելու համար: Այս և պետականությունն ազգային հիմքով զարգացնելու վերաբերյալ իր մոտեցումներն է ներկայացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Կոմիտաս վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ:

- Հայ ազգային գաղափարախոսության հիմքը ո՞րը պետք է լինի, և այսօր այն որքանո՞վ է պահպանված։

- Ժողովուրդը և քաղաքականությունը պետք է ունենան ազգային ծրագիր, ոչ թե գաղափարախոսություն: Ծրագիրը մեկ բան է, գաղափարախոսությունն` այլ: Ծրագիրը հստակ նպատակն է` ի՞նչ ճանապարհով ո՞ւր պետք է գնա և առաջնորդվի ժողովուրդը, իսկ գաղափարախոսությունը պարունակում է մարդասիրական ընդհանուր մտքեր, որոնք չեն հստակեցնում ծրագիրը` ուր են գնում, ինչու և ինչ կերպ: Այնպես որ, ավելի շատ նպատակ պետք է ունենանք ստեղծել ազգային ծրագիր, քան ազգային գաղափարախոսություն: Ուրիշ խնդիր է, որ այդ ծրագիրը պետք է ինքնանպատակ չլինի, այլ հստակ նպատակաուղղվածությամբ առաջնորդի ժողովրդին ոչ միայն ի Հայաստան ապրել որպես հայ, այլ աշխարհի որևէ անկյունում հայտնված հայ անհատականություն կարողանա իր զավակներին դաստիարակել այնպես, որ նրանց մեջ ազգային և հայկական գիտակցությունը լինի միշտ բարձր:

- Այս հարցում որքանո՞վ է աջակցում Հայ առաքելական եկեղեցին։

- Ամեն ինչը պետք չէ բարդել կամ դնել Հայ առաքելական եկեղեցու ուսերին: Երբ պետականություն չուներ հայ ժողովուրդը, մեր եկեղեցին ստանձնել էր բազմաթիվ պարտավորություններ: Այն զբաղվում էր ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական, սոցիալական, դատական խնդիրներով: Հիմա, երբ արդեն առկա է պետականություն հասկացողությունը ժողովրդի մեջ, պետք է կառավարությունն այդ հարցով զբաղվի, իսկ եկեղեցին պահի մեր հոգևոր արժեքները:

- Այդ դեպքում այսօր ի՞նչն է պակասում մեր ժողովրդի մեջ։

- Մեր ժողովրդի մեջ պակասում է անվստահությունն իր ուժերի նկատմամբ և այս վերջին շրջանում, զարմանալիորեն, նաև ազգային արժեքների ճիշտ գնահատումը: Դարձել ենք սարսափելի չտրամաբանված օտարամոլությամբ տառապող հավաքականություն: Այսօր նախընտրում ենք օտարի աղբը, քան մեր մարգարիտները: Ընդունում ենք դրանք, նույնիսկ եթե դրանց մեջ չկա տրամաբանություն, բարոյականություն, չկա ոչինչ` մտային և բարոյական իմաստով:

- Բարոյական արժեքներն ի՞նչ փոփոխություններ են կրել և ո՞րն է պատճառը։

-Բարոյական արժեքները կրել են այն փոփոխությունները, ինչ 20-րդ դարի սկզբից մեզ առաջարկվեց: 1902 թվականից սկսվեց ֆեմինիստական շարժումը` հավասարության գաղափարը, հիպիական շարժումը, ապա 90-ականներին միասեռականության ազատության գաղափարը և այլն: Դժբախտաբար, մերոնք տուրք տալով այդ ամենին, փորձում են արևմտյան դիմակ հագնելով` դառնալ արևմտյան արժեքի կրող: Այդպես չի լինում: Որպեսզի որևէ մեկը կրի արևմտյան արժեք, պետք է այդ նույն արժեհամակարգում ձևավորված լինի: Չկա այլոց բարոյական վերացականությունը մեր մեջ շոշափելի դարձնելու կարիք, որովհետև կեղծ է հնչում: Ինչ-որ մեկը նման բարոյական կերպարի կրողը դառնալու համար այդ հողի վրա պետք է ծնունդ առնի: Օրինակ, հայոց հողում աճեցրած ծիրանի համին այլոց ծիրանը չի հասնի: Հետևաբար նույնն են հոգևոր ու բարոյական արժեքները: Ամեն մի բարոյական արժեք պետք է իր ժողովրդի ժառանգական, գենետիկ էության, հիշողության մեջ լինի և փոխանցվի սերնդե սերունդ: Երբեմն ասում են. «Եթե ապրում ենք 21-րդ դարում, ի՞նչ կարիք կա խոսել բարոյականության, առաքինության, ազնվության մասին: Այս դարը մարդուց պահանջում է այլասերում` խոսքի ազատության անվան տակ»: Այդպես չէ: Մարդուն ծեծելը, սպանելը, գողանալը, անբարոյական երևույթներ են, հետևաբար մնացյալ ամեն ինչը` կապված մարդու կյանքի բարոյական կերպարի հետ ևս սրբություններ են: Մարդը, դրանց տուրք տալով, չպետք է կորցնի իր ազգային դիմագիծը:

- Ո՞րն է հայի դեմքը, հայի կերպարը։

- Հայի կերպարն ու դեմքն այն է, ինչ հազարամյակներ շարունակ մեր պապերը ձևավորել են, կերտել: Աշխարհի բոլոր անկյուններում հայի անունը կապված է եղել առաքինության, նվիրվածության, աշխատասիրության հետ: Այսօր անգամ այն երկրներում, որտեղ ունենք գաղթօջախներ, այդտեղի պատասխանատուները խոստովանում են, թե հայերը որքան կարևոր դեր են խաղացել իրենց երկրի զարգացման գործում:

- Կարծիքներ կան, որ սփյուռքի հայությունն ավելի ավանդապաշտ է, քան մենք` հայաստանաբնակներս։

- Այդպիսի բան գոյություն չունի, պարզապես սփյուռքը չապրեց 70 տարիների կոմունիստական ժամանակաշրջանը, երբ հալածվում էր մարդն իր հավատքի և գաղափարների համար: Ցավոք, այդ ամենը վերապրեցինք, երբ կրոնը համարվում էր հաշիշ: Անշուշտ, դա հատուկ ծրագիր էր մարդկանց մեջ այլասերելու ազգային գաղափարախոսությունը: Մի առիթով ասել եմ, որ եթե պատմությունից օրինակ ունենք վերցնելու, ապա Կառլի Մարքսի օրինակն է: Մարդ, ով բոլոր ժողովուրդների ավանդությունը, ազգային դիմագիծն այլանդակեց, բայց ինքը մնաց հավատարիմ օրթոդոքս հրեա` իր թալարով, մորուքով և գլխարկով: Նա կարողացավ իր ազգային կերպարը պահել: Մենք պետք է հասկանանք` ամեն գաղափարախոսություն չէ, որ հօգուտ մեզ է: Այսօր բազմաթիվ աղանդավորական շարժումներ ոչ թե հօգուտ մեր հավաքականության և մեր ժողովրդի են, այլ ի վնաս:

- Ինչո՞վ է պայմանավորված օրեցօր ավելացող աղանդավորական կազմակերպությունների գրանցումը։ Ի՞նչ հետաքրքրություններ ունեն Հայաստանում։

- Դժվարանում եմ ասել, թե դրանք ինչ հետաքրքրություններ ունեն Հայաստանում, բայց հստակ է մի բան. որևէ հավաքական զորավոր ուժ ցանկալի չէ: Նրանք էլ շահագրգռված են՝ բոլոր այն կառույցներում, որտեղ զորավոր է հավաքականությունը՝ տկարացնել: Որովհետև այն ժողովուրդը, որն ունի հստակ ավանդություն` արմատավորված է իր ավանդական հողի, գետնի մեջ, դժվար է նրան տանել այնտեղ, ուր դիմացինն ուզում է: Իսկ բավական է արմատախիլ անեն հավաքականություն` վերածելով ոչ բանական էակների, հեշտությամբ կարող են տանել որդեգրած ուղղությամբ:

- Այս ամենը որքանո՞վ է թուլացնում մեզ: Չէ՞ որ ասում ենք ժողովուրդ-եկեղեցի կապն ամուր է:

- Այսօր, ցավոք, ժողովուրդ-եկեղեցի կապ հասկացողություն չկա: Կա ժողովուրդ, որը գաղափարից և իմաստից զուրկ ինչ-որ ավանդություններ է պահում. ժողովուրդ, որը մոմ է վառում առանց իմաստը հասկանալու:

- Ինչպե՞ս ամրապնդել այդ կապը:

- Վերադառնալ այն արմատներին, որից մեզ արմատախիլ արեցին: Որովհետև ժողովուրդը դեռ ազգ չէ: Եթե ազգ չես, նշանակում է՝ պետական դիմագիծ չունես: Ազգ հասկացողության պարագայում յուրաքանչյուր անհատի պատկանելությունը հստակ է, իսկ ժողովրդի դեպքում՝ ոչ, քանի որ ժողովուրդ կարող է լինել պարզապես մարդկային հավաքականությունը: Որպեսզի հավաքականության մեջ հստակեցվի ազգի պատկանելիությունը, դրա մեջ պետք է ձևավորված լինի ավանդության գաղափարը: Ավանդությունն է ճշտում հավաքականության դեմքը, էությունը, մտածելակերպը, հոգեբանությունը, մարդկային փոխհարաբերությունը, աշխարհընկալումը: Այս բոլորը մեզ փոխանցվում է մեր գեներից, եթե այնտեղ խառնածին երևույթներ չկան:

- Անշուշտ, կարևոր է նաև ԶԼՄ-ների դերն այս հարցում:

- Այսօր ԶԼՄ չկա: Կան Արևմուտքին կրկնօրինակող կառույցներ, որտեղ խոսքի ազատությունը վերածվել է ամենաթողության: Երբ մամուլն իրեն թույլ է տալիս դիմացինին վիրավորել, սա արդեն մամուլ չէ, երբ քննադատության ներքո մարդուն «ցեխոտում» են` քննադատություն չէ: Քննադատելը երկու բառից է կազմված` քննել և ապա դատել: Մենք առանց քննելու դատում ենք միայն:

- Պետական ի±նչ մոտեցում է հարկավոր, որպեսզի նշված խնդիրները փոքր-ինչ ստանան իրենց համապատասխան լուծումները:

- Դժբախտաբար, այսօր, տակավին, մեր պետությունը ձևավորված չէ որպես ամուր հիմքեր ունեցող պետություն: Մենք ոչ մի վերջնական օրենք չունենք, որը վերաբերի մեր ազգի բարոյական կերպարը որոշելուն:

- Պետության ձևավորման հարցում կարևոր է նաև հայ ընտանիքի դերը և արդյոք այն չի խարխլել իր հիմքերը։

- Հայ ընտանիքը ձևավորում է հայ մարդը: Եթե նրան բարոյական կերպարից ես աղավաղում, չես կարող նրա հետ բարոյական ընտանիք ունենալու գաղափարից խոսել: Եթե այսօր հայ երիտասարդության մտածելակերպի հիմքը դնում ենք սեռական հարաբերությունները միայն, չենք կարող այդ ընտանիքից բարոյական կերպար ստանալ, որովհետև նրա մեջ ընտանիք հասկացողությունը ոչ թե սրբության, այլ ինչ-որ մեկի հետ մարմնական կապ ստեղծելու գաղափար է: Այդ կերպ ո՛չ ընտանիք կարող ենք ձևավորել, ո՛չ էլ պետականության հիմքը հանդիսացող ընտանիքով ձևավորված կառույց իրականացնել: Այս բոլորով հանդերձ անհերքելի փաստ է, որ այսօր կան նաև ընտանիքներ, որոնք, պահելով ավանդականը, ամուր են պահում մեր հավաքական գոյընթացը:

- Չե՞ք կարծում, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն են խոչընդոտ հանդիսանում նույն աղանդավորական կազմակերպություններ մուտք գործելու, ընտանիքի կայացման հարցում:

- Սոցիալ-տնտեսական խնդիրները պատճառ դառնում են այն ժամանակ, երբ ժողովուրդը կորցնում է իր բարոյական կերպարը: Երբ բարոյահոգևոր արժեքները սկսում են տկարանալ, նյութական արժեքներն են գլուխ բարձրացնում: Հասարակություն` չի նշանակում անհատականությունների հավաքականություն, այլ անհատներից ձևավորված հավաքականություն, որոնք պետք է ունենան ընդհանուր արժեքներ, գաղափարներ: Այսօր մեր մեջ նստած է եսակենտրոնությունը, քան հավաքական ընկալումն ու հավաքական գիտակցությունը: Նման ձևով հավաքական կյանք չենք կարող ստեղծել։ Ամեն մեկը մտածում է իր «ես»-ի և ոչ թե հավաքական «մենք»-ի մասին: Այդ իսկ պատճառով դրսից եկողներն օգտվում են դրանից։ Պետք է կարողանանք հավաքական կյանք ձևավորել, հասկանանք ո՞րն է մեր նպատակը, ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս կարող է երկիրն առաջ գնալ:

- Արդյոք ճիշտ չէ երեխայի մեջ ազգայինը սերմանել փոքր տարիքից: Եվ, ի վերջո, դպրոցական առարկաների ցանկում «Եկեղեցու պատմություն»-ն ի՞նչ փոխեց:

- Այս առարկայի շնորհիվ հայ երեխան ծանոթանում է իր եկեղեցու պատմությանը, քանի որ եկեղեցին միայն աղոթքի վայր չէ: Եկեղեցին տվել է նաև անհատականություններ, ովքեր բացառիկ դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքի ձևավորման մեջ: Հետևաբար այսօր հայ եկեղեցու պատմությունը սովորեցնելով` երեխային տեղեկացնում ենք անցյալի արժեքների մասին: Դա կրոնի կամ քրիստոնեական ուսմունքի դասընթաց չէ, այլ եկեղեցու պատմության: Պատմությունը մեկ խնդիր է, վարդապետությունը` մեկ ուրիշ: Երեխան ծանոթանում է իր եկեղեցու պատմությանը, որը դրական դեր է խաղացել հայ ժողովրդի մշակույթի, արվեստի պահպանման գործում:

- Հայապահպանության և ազգային գաղափարախոսության պահպանման հարցում ի՞նչ լուծումներ է առաջարկում վարդապետ Կոմիտաս Հովնանյանը։

- Ազգապահպանման համար անհրաժեշտ է ազգային ծրագիր` հիմնված ազգի հավատամքի վրա: Մեզ աստվածային ուժ ունեցող պատվիրաններ են պետք: Պետությունը պետք է սրա մասին մտածի և հստակ քայլեր ձեռնարկի:

- Ձեր խորհուրդն ու բարեմաղթանքը երիտասարդներին:

- «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…», որպեսզի մեր կյանքի նպատակը չլինի ամեն խնդիր միայն դրամով լուծելը: Դրամով չենք կարող իմաստություն և խոհեմություն ձեռք բերել: Մենք կարիք ունենք գիտության, գիտություն ամբարած ժողովրդի: Իմաստուն ժողովուրդն է, որ ուժ ունի, որովհետև նրա մեջ խոսում է ոչ թե զգացմունքը, այլ բանականությունը: Եվ խորիմացությունն է, որ երիտասարդին ձևավորում է որպես ազգի հիմքը հանդիսացող առաջնորդ: Կուզեմ` յուրաքանչյուր երիտասարդ իր ժամանակն իզուր չվատնի: Երիտասարդությունն այն ուժն է, որ այսօր ձևավորվելով` վաղը ձևավորելու է մեր ճշմարիտ դեմքը, ձևավորելու է դիմագիծ ունեցող ազգ և պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել