Արձագանք էլ չեմ ստանում, որ իմանամ, կարդացւում է, թէ՝ ոչ։ Հետաքրքիր է, թէ ձանձրալի։ Հիմա 3-րդ մասին 2 կէսն էլ կը դնեմ։
ՄԱՍ 3. Ա -ԿՐԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷԻ՝ «ԿԱԳԷԲԷ»-Ի ԲԱՆՏՈՒՄ
1974 թուականի մարտից երկրորդ անգամ յայտնուեցի իմ առաջին կալանավայրում՝ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետին առընթեր Պետական Անւտանգութեան Կոմիտեի քննչական մեկուսարան կոչուած «կագէբէ»-ի բանտում։ Ինձ տեղեկացրին, որ ես տեղափոխուած եմ «կագէբէ» Ռուբեն Խաչատրեանի գործով որպես վկա հարցաքննուելու համար։
Ռուբէն Խաչատրեանը Ազգային Միացեալ Կուսակցութեան (ԱՄԿ) ղեկաւարութեան վեցերորդ թեկնածուն էր: Սովորաբար ղեկաւարութեան հերթական անդամները միայն կռահել կարող էին, որ իրենց սպասւում է ղեկաւարութեան անդամ դառնալ: Նրանք պարզապէս միանում էին պայքարին իսկ շարունակութիւնը տեւական գործընթաց էր։ Նախ պէտք էր պայքարելու վերաբերեալ տուեալ անձի սկզբունքային համաձայնութիւնը։ Ես նախապէս պիտի վստահ լինէի, որ ինքն ի վիճակի է գործելու որպէս ղեկավար ու կազմակերպիչ։ Եթէ բոլորովին նոր մարդ էր, մոտեցումն այլ էր։ Նա իր համար աննկատ յայտնւում էր որեւէ սկզբնական կառոյցում՝ «պատահաբար» ծանոթանալով իր պէս մտածող մարդկանց հետ։ Հին ու նուիրուած թուացող ընկերների հետ աշխատանքն այլ կերպ էի կազմակերպում։ Նախ գրականութիւն էր տրւում եւ այդ գրականութեան ընթերցման առիթով ապագայ ղեկավար դէմքն իր շրջապատում, իր հետ առնչուած մարդկանց միջավայրում ընտրում էր իր ապագայ գործընկերներին։ Ես միայն մոտաւոր քանակն էի պարզում, ապա այդ մարդիկ, ինչպէս նաեւ իրենց շէնքի բոլոր բնակիչները, իրենց փոստարկղերում գտնում էին «Փարոս 2 (լրացուցիչ)»-ի համարներից։ Որպէս կանոն ընդհատակեայ անկախական պայքարին միանալու կողմնակիցներն արդէն լսած էին լինում Ազգային Միացեալ կուսակցութեան մասին եւ նրանց դուր էր գալիս «Փարոս 2(լրացուցիչ)»-ի միջոցով բոլոր հայրենասէր մարդկանց ուղղուած ԱՄԿ անունից հանդէս գալու կոչ-հրաւէրը։ Իրենք էլ որոշում էին հանդէս գալ ԱՄԿ անունից, մինչեւ ԱՄԿ-ն կը գտներ իրենց։ Այդպէս էր ասւում «Փարոս»-ում։
Ռուբէն Խաչատրեանի հետ ծանօթ էի 1967-8 թուականից։ Ինձնից մօտ 10 տարով մեծ էր։ Կապուած էր Բագրատի հետ։ Բագրատի կալանաւորումից յետոյ, ինչպէս իմացանք աւելի ուշ, իր եւ Յարութիւն Կարապետեանի նկատմամբ առանձին-առանձին գործ էր կազմուած։ Նոյն կերպ 1968 թ.-ին ԱՄԿ հիմնադիրների կալանաւորումից յետոյ իմ նկատմամբ էր գործ յարուցուած։ Դա նշանակում էր, որ քո նկատմամբ այնքան կասկածներ կան, որ կարող ես նաեւ խիստ պատժի ենթարկուել, բայց գաղտնի ծառայութիւնները կամ դեռ ստուգում են կամ որոշել են քեզ առժամանակ ազատութեան մէջ թողնելով գտնել «հակասովետական» տրամադրութիւններ ունեցող նաեւ այլ մարդկանց։
Դեռ մինչեւ առաջին կալանքս Ռուբէնն իմ վրայ սկզբունքային ու պինդ մարդու տպաւորութիւն էր թողել։ Դրանից ելնելով ես մտածեցի, որ Բագրատի կալանաւորումից յետոյ նրա շրջապատից մնացած մարդկանց հետ ճիշտ կը լինի աշխատել Բագրատի ընկեր Ռուբէնի միջոցով։ Ինձ համար անհասկանալի էր, որ իմ 4 տարուայ բացակայութեան ընթացքում որեւէ լուրջ գործ չէին արել։ Նրբօրէն հետաքրքրուել էի եւ ստացել բացատրութիւն․իրենք որոշել էին գործերի համար նախ դրամական միջոցներ յայթայթել եւ զբաղուած են եղել այդ աշխատանքներով։ Այդ գործերում էլ սակայն 1972 թ․-ին ձախողում էին ապրել։ Բագրատին ինչ-որ առեւտրային գործ անելիս բացայայտել էին եւ հաւաքած ողջ գումարը տղաներն ստիպուած էին եղել տալ «ՕԲԽՍ» կոչուած յատուկ ծառայութեան աշխատակիցներին, որպէսզի Բագրատն ու էլի ինչ-որ մարդիկ տնտեսական յանցագործութեան մեղադրանքով ազատազրկման չդատապարտուեն։ Կոմունիստական բռնապետութեան տարիներին դու կարող էիր բանտում յայտնուել նոյնիսկ այն բանի համար, որ աւելորդ հագուստդ համարձակուել ես վաճառել։ Որեւէ առեւտրային գործունէութեան մենաշնորհ ուներ միայն պետութիւնը։
Ռուբէնի եւ միւսների հետ աշխատելիս ես գաղտնապահական կանոններից ելնելով ոչ մի անուն չէի հարցնում, բայց գիտէի, որ Բագրատի ի մի բերած եււ նրա կալանաւորումից յետոյ անորոշութեան մէջ յայտնուած մարդկանց թիւը փոքր չէ։ Ճիշտ է, նրանք թրծուած չէին որպէս ընդհատակի գործիչներ, բայց ամենակարեւորը՝ պայքարելու պատրասատակամութիւնն ունէին։ Մնացեալը՝ կրթել, մարզել, նախապատրաստել դժուարութիւններին, արդէն մեր խնդիրն էր։
Հիմա, երբ ինձ բերել էին Ռուբէնի գործով որպէս վկայ հարցաքննելու, ոչինչ չէի հասկանում։ Ինչպէ՞ս կարող են ինձ որպէս վկայ, այսինքն՝ «կագէբէ»-ին օգնող հարցաքննել։ Չէ՞ որ սրանք ինձ ճանաչում են եւ գիտեն, որ ի վնաս Ռուբէնի խօսք պոկել չեն կարող։ Այդ անորոշ վիճակը երկար չտեւեց։ Շատ արագ պարզ դարձաւ, որ նրանց ես էի հետաքրքրում։ «Կագէբէ»-ն նոր գործելաձեւ էր ընտրել։ Նրան պէտք էր ԱՄԿ-ն արմատախիլ անել, մինչեւ վերջին մասնոյթը պարզել ԱՄԿ գործունէութիւնը, բացայայտել բոլորին եւ վերջ դնել արդէն 8 տարի կազմակերպութեանը։ Կոմունիստական իշխանութեան պայմաններում 8 տարի գործել։ Սա ոչ միայն աննախադէպ էր, այլեւ խիստ վիրաւորական «ընկեր չեկիստների» համար։
Այդ շրջանում ինձ կարելի էր նմանեցնել տուն վերադարձած մարդու։ «Կագէբէ»-ի բանտում գրեթէ մի տարի էի անցկացրել ուղիղ չորս տարի առաջ։ Հիմա կրկին հարազատ պատերի ներսում էի։ Քրէականներից յետոյ մանաւանդ միայնութեան մէջ յայտնուելով ինձ բաւական լաւ էի զգում։ Ընդհանրապէս յանցագործ աշխարհի համար «կագէբէ-ի պատդուալները» (այդպէս էին նրանք կոչում այս բանտը) եթէ ոչ ամենասարսափելի, ապա ամենաանցանկալի վայրն էր։ Ինձ համար այլ էր․ ես իմ տանն էի։ Բանտի պետը նոյն Սիրունեանն էր, կարծեմ, արդէն փոխգնդապետի կարգավիճակով։ Նրա տեղակալը նոր մարդ էր, երիտասարդ ռուս սպայ, կարծեմ, Վովա անունով։ Ինձ 14-րդ խցում տեղաւորեցին։ Դա երկհարկանի բանտի երկրորդ հարկի առաջին խուցն էր։ Դէպի բանտախցեր բերող եւ վարչական մասը խցերից առանձնացնող երկաթէ դուռը բացելուց յետոյ անմիջապէս ձախ կողմում իմ խցի դուռն էր։ Հաւանաբար ինձ այդտեղ, վարչական մասին անմիջապէս մոտ էին տեղաւորել առաւելագոյն հսկողութիւն ապահովելու նպատակով։ Գրեցի բանտի երկհարկանի լինելու մասին, բայց մինչ այդ երբեք չէի տեսել կամ զգացել, որ նկուղային հարկի խցերում կալանաւորներ լինէին։ Միայն այդ հակում տեղակայուած բաղնիքն էր օգտագործւում կալանաւորներին բաղնիք տանելու օրերին։
Քննիչներս նոյնպէս հին՝ 1970թ.-ի քննիչներն էին՝ Ենգիբարեանը, Յակոբեանը։ Աւելացել էր Մաթեւոսեանը եւ քննչական բաժնի պէտ գնդապետ Դադայանին փոխարինում էր փոխգնդապետ Ծատուրեանը։ Ինչպէս եւ առաջին կալանքի ժամանակ քննասենեակում հաճախ յայտնւում էին գնդապետ Սայադեանին փոխարինած գնդապետ Ռաֆիկ Գրիգորեանն ու Պարգեւ Ջիւանեանը։ Չեմ կարող, ուղղակի չեմ կարող հենց այստեղ չնշել, որ երկու տասնամեակ անց ես Երեւանի կենտրոնի շէնքերից մէկում բնակարան գնեցի եւ պարզուեց, որ նշածս «չեկիստ»-ների հիմնական մասն ապրում էր այդ շենքում, աւելին նրանցից երեքը՝ Ջիւանեանը, Յակոբեանը եւ Ենգիբարեանը ինձ հետ մեր շէնքի հենց նոյն մուտքում բնակարաններ ունէին։ Որքան ուրախ էի ես եւ ենթադրում եմ, մանաւանդ, իրենք, որ բոլշեւիկեան բռնապետութեան օրէնքներով ինձ հետապնդումների ենթարկելիս նրանք երբեք իրենց այնպէս չէին պահել, որ ամաչէին իրենց մարդկային նկարագրի համար։ Ընթերցողս կարող է զարմանալ, բայց ես իրականութիւնն եմ ներկայացնում։ Մենք տասնամեակներ անց նոյնիսկ բարի հարեւաններին բնորոշ հարաբերութիւններ էինք պահպանում։
Ինձ սկսեցին քննել որպէս վկայ։ Ընդունուած կարգով նախ զգուշացնում են, որ դու որպէս վկայ պարտավոր ես ասել միայն ճշմարտութիւնը, որ սուտ ցուցմունք տալու դէպքում կարող ես քրէական պատասխանատւութեան ենթարկուել։ Ներկայացուած մեղադրանքի խստութիւնից կախուած միչեւ 3 կամ 5 տարուայ կալանքի կարող էիր դատապարտուել սուտ վկայութեան համար։ Քրէական պատասխանատւութիւն էր սահմանուած նաեւ ցուցմունքից հրաժարուելու համար՝ պակաս քան սուտ ցուցմունք տալու դէպքում։ Եթէ փորձ չունես, կարող ես քեզ ծուղակն ընկնել։ Բարեբախտաբար իմ անձնական փորձին աւելացել էր բազում այլ քաղկալանաւորների պատմածներից ստացած փորձառութիւնը։ Ինձ հարցեր էին տալիս Ռուբէն Խաչատրեանի գործով, բայց հարցերն աւելի ինձ էին վերաբերում, քան՝ Ռուբէնին: Ի տարբերութիւն մեղադրեալի, կամ կասկածեալի , ով իրավունք ունի հանուն իր պաշտպանութեան ցուցմունք չտալ կամ հրաժարուել ցուցմունքից, որպէս վկայ դու պարտաւոր ես խօսել։ Իրավիճակին անծանոթ մարդը քննիչի ցույց տուած օրենքի սպառնալիքի տակ` պարտաւոր է զգում ասել ճշմարտութիւնը եւ իր ձեռքով դնում իրեն մեղադրանք ներկայացնելու հիմքերը:
Կար եւս մէկ հոգեբանական նրբերանգ։ Քեզ չեն կալանաւորում, քեզ չեն սպառնում կալանաւորմամբ եւ աւելին, ասում են, որ դու ճշմարտութիւը պատմելով եւ քննութեանն օգնելով ապացուցում ես նաեւ քո անմեղութիւնը։ Այդ իրավիճակում հակադրուել քննիչներին ու ասել որ որեւէ պատճառաբանութեամբ դու չես կամենում ցուցմունք տալ, կը նշանակէր ապացուցել հակառակը։ Այս պահը «կագէբէ»-ն լաւ օգտագործում էր, ու ես անուանապէս գիտեմ մարդկանց, որ զոհ էին գնացել այդ խաղին ու բառի դասական իմաստով դարձել դաւաճաններ։ Խնդիրս անփորձութեան պատճառով դաւաճան դարձած մարդկանց բացայայտումը չէ։
Ամփոփ լինելու համար ես ինձ տրուող հարցերը ներկայացնելուց առաջ ճիշտ եմ համարում ներկայացնել, թէ ընդհանուր առմամբ ինչ էր տեղի ունեցել: Ինչպէս արդէն նշեցի Ռուբեն Խաչատրեանը Ազգային Միացեալ Կուսակցութեան ղեկաւարութեան անդամ դառնալու թեկնածուներից էր, լինելու էր խորհրդի վեցերորդ անձը։ Նա միայն կռահել կարող էր, որ ղեկաւարութեան անդամ է դառնալու: Այդպիսի բաները ընդյատակային պայքարի մասնակից մարդիկ իմանում էին կատարուելուց, տեղի ունենալուց յետոյ։ Մինչ այդ ես միայն ակնարկում էի կառոյցի կայացման դէպքում նման այլ մասնաճիւղերի ղեկավարների հետ ծանոթանալու, համատեղ աշխատելու հնարաւորութեան մասին։ Գործերն յաջորդում էին իրար եւ այդ մասնաճիւղում արդէն հասել էին վերջին փուլին, երբ իրենց գրած եւ բազմացրած թռուցիկներն էին տարածում։ Եւս մի քանի շաբաթ եւ Ռուբենը կտեղեկանար, որ ինքը ԱՄԿ տասնապետ է, որ ընդգրկուած է ԱՄԿ խորհրդի կազմում եւ իր պայմանական թուահամարն է 6-ը։ Կիմանար, որ իր հին ծանօթներ Ազատը, Աշոտը, Անդրանիկը եւ իր երեխաների կնքահայր Յակոբջանը ոչ միայն հին հայրենասէր ընկերներ են, այլեւ ԱՄԿ խորհրդի անդամներ, որոնց քուէարկութեամբ է որոշւում ԱՄԿ գործունէութեան ընդհանուր ուղեգիծը։ Այդ ամենը տեղի չունեցաւ, որովհետեւ Բագրատ Շահուերդեանի եւ Արարատ Թովմասեանի դատաւարութեան վերջում, դատավճիռն ընթերցելիս դատաւորն ազդարարեց, որ Ռուբեն Խաչատրեանը պետք է կալանքի վերցուի եւ ենթարկուի դատական պատասխանատւութեան։ Նրա նկատմամբ գործ յարուցելու որոշումն աւելի վաղ էր կայացուած։ Երբ իմացանք դատարանի որոշման եւ Ռուբէնի անխուսափելի կալանաւորման մասին, մի քանի ընկերներով շտապեցինք նրանց տուն։ Ռուբենը իր կնոջ եւ երկու երեխաների հետ բնակւում էր Երեւանի Կոմիտաս կոչուող շրջանում։ Այսօրուայ պէս յիշում եմ նրա երիտասարդ կնոջ Տիգրանուհու տագնապած, տխուր սպասումով լի հայացքը։ Մխիթարական ոչինչ չունէինք ասելու։ «Ռուբէն, երեւի հիմա կը գան քո հետեւից։ Դատարանը քեզ կալանաւորելու որոշում հրապարակեց»։ «Իսկ Բագրատենց քանի՞ տարի տուեցին»,-հետաքրքրուեց կատարելապէս հանգիստ թուացող Ռուբէնը։ Թէ իրականում ինքն այդ պահին ինչ էր զգում, միայն ինքը կարող էր գիտենալ։ «Հինգ տարի խիստ ռեժիմ եւ երկու տարի աքսոր։ Արարատին՝ երեք ու կէս տարի (ճշտել)»,-պատասխանեց Յակոբջանը։ «Դուրս գա՞նք»,-առաջարկեցի ես,-Քանի դեռ չեն եկել»։
Իհարկէ, մանկամտութիւն կլինի մտածել, թէ մենք աւելի վաղ հասանք նրանց տուն քան «չեկիստ»-ները։ Երեւի նրանց էլ պէտք էր իմանալ, թէ ովքեր կը հանդիպեն Ռուբէնի հետ եւ ինչ կը խօսեն։ Այդ է, որ չկամեցանք իրենց հնարաւորութիւն տալ տնից դուրս գալով։ Հրաժեշտ տուեցինք մտահոգ, տագնապած աչքերով մեզ նայող Տիգրանուհուն եւ Ռուբէնի հետ դուրս եկանք իրենց տնից։ Գնացինք Երեւանի Էրեբունի թաղամաստի Վարդավառի լճի այգի (ժողովուրդը կոչում է «Թոխմախգոլ»)։ Տեսանք, որ մեզ հետեւում են, բայց որեւէ բան փոխել չէինք կարող։ Պիտի հասցնէինք խօսել կարեւոր բաների մասին։ Պայմանաւորուեցինք, որ կալանքի օրուանից հաշւուած ուղիղ քառասուներորդ օրը ինքը պիտի դիմում գրի Միաւորուած Ազգերի Կազմակերութեան (ՄԱԿ) գլխաւոր քարտուղարին եւ տեղեկացնի որ ի նշան բողոքի ընդդէմ իր եւ միւս քաղաքական կալանաւորների հետապնդումների եռօրեայ հացադուլ է անում։ ՄԱԿ-ից խնդրելու էր հատուկ հանձնաժողով կազմել եւ ուղարկել Հայաստան՝ հայ քաղկալանավորների գործերն ուսումնասիրելու նպատակով։ Նոյն քառասուներորդ օրն էլ սկսելու էր հացադուլը։ Ռուբէնը բաւական հանգիստ էր․ կարծես իրեն չէ, որ պիտի կալանաւորէին։ Երբ խօսեցինք քննութեան ընթացքում իր պահուածքի մասին ասաց, որ չի պատրաստւում որեւէ ցուցմունք տալ։ Մենք կարծում էինք, թէ իրեն կալանաւորելու որոշումը կապուած էր միայն Բագրատենց գործի հետ։
Ընդհարապես հացադուլերը արդիւնաւետ էին, եթե դրանց մասին աշխարհը իրազեկուած էր լինում։ Չկար կամ ինձ յայտնի չէր նախադեպ, երբ որեւէ մեկի Պետական Անւտանգութեան Կոմիտեի բանտում արուած հացադուլի մասին տեղեկութիւն տարածուէր այն էլ արտասահմանում։ ՊԱԿ-ի բանտերն համարւում էին խիստ մեկուսացուած եւ նրացից որեւէ տեղեկութեան արտահոսքը արտակարգ դէպք կը լիներ: Հենց այդպիսի մի արտակարգ դէպք էլ նախատեսում էինք մենք, որպէսզի նման գործողութիւնների շարքով անուրանալի դարձնէինք հայ ազգի՝ նրա ազատութեան եւ անկախութեան նուիրեալների պայքարի փաստը ։
Ռուբենին կալանաւորել էին դէկտեմբերի 10-ին։ Քառասուներորդ օրը յունուարի 19-ն էր։ Մեր պայմանաւորուածութեան համաձայն այդ օրն էլ նա սկսել էր իր եռօրեայ բողոքի հացադուլը։ ԱՄԿ-ի բոլոր կառոյցներին տեղեկացրել էինք, որ ՊԱԿ-ի բանտում գտնուող Ռուբէն անունով ԱՄԿ պատասխանատուներից մէկը բողոքի հացադուլ է անում եւ ԱՄԿ-ականները առանց ցուցադրականութեան մէկօրեայ համերաշխութեան հացադուլ պէտք է անէին նրա հետ։ Դա նաեւ կրթական, դաստիարակչական նպատակ էր հետապնդում։ Հացադուլի մասին լուրը ես Ռուբէնի լուսանկարի հետ նախապէս ուղարկել էի նաեւ մոսկովեան այլախոհական շրջանակներին։ Նրանք իրենց հերթին փոխանցել էին արեւմտեան տարբեր լրատուամիջոցների եւ կարելի է պատկերացնել, թէ ինչ անակնկալ էին ապրել «չեկիստները»։ Սակայն այդ ամենը, ինչպէս յետոյ պարզուեց, լուրջ հետեւանքներ էին ունեցել։ «Կագէբէ»-ն արտակարգ միջոցներ էիր դիմել եւ հատուկ քայլեր էր ձեռնարկել Ռուբէնի նկատմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել