Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթեր ում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված:
Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերՍ պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13):
Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի: