Lragir.am-ը գրում է․
Ռիգայում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում մեր երկու տիտղոսակիր ըմբիշները՝ Ռոման Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը պարտվել են: Ընդ որում, երկուսն էլ պարտվել են ռուս մարզիկներին:

Ռոմանն ու Արթուրը գտնվում են մարզական կարիերայի պիկին: Մեր մեկ այլ տիտղոսակիր ըմբիշ՝ Արսեն Ջուլֆալակյանը, պարտությունը բացատրել է նրանով, որ մրցավարները կողմնապահություն են արել հօգուտ ռուս մարզիկների:

«Մեզ համար շատ կարևոր Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասին՝ մասնագիտական։ Հիանալի, 100% մշակված, հղկված տակտիկա է ընտրված դատավորների համար՝ ռուսների հետ գոտեմարտելու դեպքում», ասում է նա ու ներկայացնում իր մեկնաբանությունը։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վրա ավանդաբար մեծ է Ռուսաստանի ազդեցությունը: Ընդհանրապես, այս երկիրը սպորտը վեր է ածել գրեթե ազգային լինելիության խնդրի, որը բնորոշ է բարդույթավորված, քաղաքականության, տնտեսության ու մարդկային զարգացման ոլորտներում տապալված հանրություններին:

Մյուս կողմից, Ռուսաստանի սպորտի բնագավառը ներկայում ցնցվում է դոպինգային սկանդալներից, տասնյակ տիտղոսակիր, տարբեր խոշոր մրցաշարերի չեմպիոններ բացահայտվել են արգելված միջոցներ օգտագործելու մեջ: Ռուսաստանի թեթեւ ատլետիկայի ողջ հավաքականն ընդհանրապես որակազրկվել է: Այս գործընթացը շարունակվում է, եւ չեն բացառվում նոր աղմկոտ սկանդալները:

Իհարկե, այստեղ կա քաղաքականության տարր, մյուս կողմից, սպորտի բնագավառը Ռուսաստանը նույնպես քաղաքականացրել է անհնարինության աստիճան: Սոչիի օլիմպիադայի, ֆուտոլի աշխարհի առաջնության շուրջ պարբերաբար խոշոր կոռուպցիոն սկանդալներ են բռնկվում:

Այս իրավիճակում, ռուսների համար գրեթե լինելիության խնդիր է դառնում ցանկացած մեդալ ցանկացած մարզաձեւում:

Արդյոք մեր մարզիկները պարտվել են ազնիվ պայքարում, թե՞ մրցավարներն են կողմնապահություն արել, նաեւ հաշվի առնելով «ռազմավարական դաշնակցի» նեղ վիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել