Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց բոլոր երեխաները կարան սիրեն»…Շշմելու է ասված: Բայց ես սիրով-անհոգնել ամեն օր բարձրաձայն կկարդամ այդ՝ թեկուզ հարյուր էջից կազմված ընթերցարանն այնպես, որ լսելի լինեմ աշխարհի բոլոր կարդալ չիմացողներին… Աղայան Ղազարոսն ասում էր, որ նախ՝ գրելը, հետո՝ կարդալը. Այստեղից՝ որ չգրեն մեր Արեգ-Նարեկները, ի՞նչ են կարդալու… «Պարտեզ»-ը՝ Աիդա Պետրոսյանի, Անահիտ Հարությունյանի «Բզեզ»-ը չեն կարող չկազմակերպել այս կարդալը… Զառա Առաքելյանը հետևողական ջանքեր է գործադրում՝ փոխարինելու մեր վեց տարեկան դարձածների համար ձեռք բերած պլանշետներն ավելի հարմար ճանաչվածներով, որ տեխնիկական իմաստով ոչինչ չխանգարի բնական գրել-կարդալու, ճանաչողության համար անհրաժեշտ մյուս հմտությունների ձեռքբերման մեթոդի գործադրմանը… յուրաքանչյուր ընտանիքում…
Առաջին կրթիչ մեր ընտանիքում երեկ ես ուշադիր հետևում էի մայրենիի ֆլեշմոբին իմ թոռնուհի Սոնայի և Դավիթ Բլեյանի ներգրավմանը… Ռուզան մորաքույրը, անգամ, սրա պատվին անմահական խմոր էր արել… Արմինեն կարողացավ հմտորեն հանել բոլոր խոչընդոտներն ու, տեսե՛ք, ստացվեց երեքի մայրենիի ուսուցում-աշխատանքը… խոհանոցում՝ մեծ սեղանի վրա… Ես էլի հուզվեցի, էլի ու էլի ոգևորվեցի, այնքա՜ն շնորհակալ եղա… Էմմա Բլեյան-Հովհաննիսյան «Հոգատարություն» մրցանակ ստացած Արևիկ թոռնուհիս, պարզվում է, գումարային պարգևը կիսում է երեք մասի, Արևիկը Դավթին ու Սոնուլին ճանաչում է իբրև համահեղինակներ. նրանցից յուրաքանչյուրի համար խելացի՝ տեխնոլոգիական-կերպարվեստի միջոցներ գնում՝ նկարելու-ծեփելու… Այնպես որ մեր տանը խաչվեցին մայրենիի և տեխնոլոգիական ստուգատեսները… Պետք էր տեսնել, թե ի՜նչ հաճույքով էր Սոնան նախշել-նկարել իրեն ու Դավթին, ու ոգևորված Դավիթն ինչպե՜ս էր վայելում ստուգատեսային իրիկունը… Այսպիսի խթանների հետևողական ու կոնկրետ գործադրումը չեն կարող չփոխել ընտանեկան-ուսումնական աշխատանքի բնույթը… Ես նորից նայեցի mskh.am-ի հաշվիչին… Նախորդ օրվա համեմատ մուտքերի թիվը հազար երկու հարյուրով ավելացել է. ուրբաթ օրով այդպես լինում է միայն կոնկրետ ազդեցությամբ-իրադարձությամբ… Այդպիսին դարձավ մայրենիի ֆլեշմոբ ընտանեկան նախագիծը, ընկե՛ր-կազմակերպիչներ…
Իմ ջանքերի-ուշադրության կենտրոնում 2016-ի մեր շրջանավարտներն են՝ նախ և առաջ տասներկուերորդ դասարանցիները… Բուռն էր օրը՝ իր այսօրվա համերգ-շրջագայության պատրաստությամբ, կրթահամալիրի բոլոր բակ-պարտեզներում պուրակային աշխատանքի թափով, Գեղարվեստի «Նկուղը՝ պատանեկան կենտրոն» նախագծի շինարարության մեկնարկով… Ես ոչ միայն մասնակցեցի մեր տասներկուերորդ դասարանցիների՝ 2016 թվականի շրջանավարտների «Ցտեսություն» մեծ նախագծով մայիսի 25-ի ցնծության-տոնախմբության պատրաստության պարապմունքներին. եղա Մերի Առաքելյանի, Նելի Փիլոյանի երաժշտական ու Ստեփան Թորոյանի պարի պարապմունքներին. որքա՜ն լուրջ-հավաք-ակտիվ են դարձել մեր պատանիները… Ավագ դպրոցի գրասենյակի ներկա-բացակային էլ ծանոթացա… Ավագ դպրոցի այս տարվա հարյուր տասնվեց շրջանավարտներից հարյուրը մասնակցում են առավոտյան այս ամենօրյա պարապմունքներին… Եվ նկարիչ-տեխնոլոգ Անի Հովհաննիսյանի ոգևորվածությունը կարելի է հասկանալ. այսպիսի հավաքանիով ու կազմակերպմամբ Մայր դպրոցը ներսով-դրսով կարելի է ճախրուն վիճակի բերել, որ մեզ, այո՛, կտրի շրիշակից (պլինտուսից)…
Կրթահամալիրի իններորդ դասարանցիները ոտքով, իրենց կազմակերպիչ Լուսինեի հետ ձգվում են Մայր դպրոցից Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ ամեն ուրբաթյա ժամը 13:00-ի պարապմունքի՝ «Ընթերցում ենք կտակարան տեր Զենոն քահանայի հետ». ես այս երթին հետևում եմ հեծանվի վրա… Հետո մտնում եմ նրանց՝ եկեղեցու ուսումնական պարապմունքների սրահ… բայց ես չեմ հասցնի պատմել օրվա գրում իմ տեսած-կուտակածը, ինչպես և Նոր դպրոցի ճերմակ տոնը Մայր դպրոցում, Մարմարյա սրահում, Մեդիա-ուրբաթ համերգին՝ մեզ քառասունհինգ րոպե գրաված… Ահա ինչու` անընդհատ է իմ օրագիրը, հուսամ և ձեր ընթերցումը… Ես որ նախ չգրեմ, դուք ի՞նչ եք կարդալու…
– Դավիթ, ինչո՞վ հասնես լողարան՝ հեծանվով, թե ինքնագլորով,- հարցնում եմ…
– Զորավար Անդրանիկի պես՝ երկուսով միանգամից, որ երկու նժույգով Զորավարի պես սլանամ…
Սա էլ, տեսեք, արտահայտություններից մեկը՝ շրջակա աշխարհի նկատմամբ իմ ու Դավթի ճանաչողական մշտական ուշադրության… Դավթին չես կտրի իր դինոզավրերից. որտեղից որտեղ հայտնվում են մեր հերոսի՝ հերոս դարձած, ինձ չոգևորող այս վերացած դանդալոշները…ոչ էլ թաքցնում եմ, բարձրաձայնում եմ…
– Չե՜ն վերացել, պա՛պ, ասում եմ քեզ, Աֆրիկայում են, ապրում են, դու չես տեսել…
– Դու տեսե՞լ ես, Դավիթ, որ այդպես խոսում ես…
– Չէ, ես դինոզավրեր չեմ տեսել, ես պատկերացնո՜ւմ եմ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել