-Զղջո՞ւմ ես:
-Զղջա՞լ: Ինչի՞ համար: Այն գեղեցիկ պահերի՞, այն երջանկությա՞ն համար, որ ապրեցի այդ կարճ ժամանակահատվածում: Զղջալը կյանքում ամենաանօգուտ բանն է… Թեև հիմա նա` իմ կյանքի փոքրիկ այդ լույսը, վաղուց արդեն չի լուսավորում իմ ներկան, չի տաքացնում այս գրողի տարած ձմեռը, միևնույն է ես զղջալու ոչ մի առիթ և պատճառ չունեմ... Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել. դա անհնար է, և պետք էլ չէ: Ուղղակի պետք է ապրել ու վայելել այդ ակնթարթը: Ակնթարթ, որը կարող է երբևէ էլ չկրկնվել, որը կարող է վերջանալ նույնքան հանկարծակի, որքան հանկարծակի և սկսվել էր: Եվ եթե այդ ակնթարթը սկսվելուց եղել ես «այս աշխարհի ամենաերջանիկ մարդը», պետք չէ վերջում զղջալ:
Զղջալ մեկի համար, ով քեզ երջանկացրե՞լ է: Ով քեզ պարգևել է հեքիաթային վայրկյաննե՞ր: Ում հաղորդագրություններից ու զանգերից հետո այս աշխարհը քեզ համար ուղղակի երազ ու անիրակա՞ն է թվացել: Մի՞թե կարելի է զղջալ այդպիսի ակնթարթների համար… Ակնթարթներ, որոնք յուրաքանչյուր ուրիշը կերազեր նույնիսկ երազում տեսնել: Եվ միևնույն է՝ ինչքան է տևել այդ առասպելական ակնթարթը, դու ուղղակի քեզ պետք է համարես այս կյանքում այն հաջողակներից մեկը, ով զգացել է, թե ինչպես է շունչը կտրվում, սիրտը այնքան ուժգին բաբախում, և թե ինչպես են ոտքերն ու ձեռքերը դողում քո այդ թվացյալ հեքիաթի հերոսին տեսնելիս: Եվ նշանակություն չունի, թե քո հեքիաթի հեղինակը ինչ վերջաբան է գրում: Ճիշտ է, այդ վերջաբանը կարող է քո սրտով չլինել, քեզ ցավ պատճառել, բայց երբեք չի կարելի մոռանալ այդ հեքիաթի գեղեցիկ սկիզբն ու ընթացքը: Եվ ինչքան էլ ցավոտ լինի այդ հեքիաթի վերջը, միևնույն է, միշտ հիշիր` երբ վերջանում է հեքիաթը, գիրքը պետք է փակել: Պետք է փակել և դնել այն պահարանում, որի բանալին միայն դու ունես: Եվ հավատա, որ դա ոչ առաջին, ոչ էլ վերջին գիրքն է, որը փոշոտվելու է այդ պահարանում: Գիտեմ`այդ գրքից բաժանվելը տխուր է, չէ՞ որ այդ գրքի թեթերից չես գտնի և ոչ մի գրքում: Բայց միշտ հիշիր մի բան, կգա ժամանակ և այս աշխարհիս երեսին կգտնես մեկին, ով կգրի քո կյանքում կարդացած ամենագեղեցիկ հեքիաթը, որի գլխավոր հերոսը կլինես դու և որը կունենա ամենագեղեցիկ ու ամենասպասված վերջաբանը: Թերևս այդ ժամանակ, բացելով քո գրքերի պահարանը, դու մի պահ շնորհակալություն կհայտնես այն գրքերի բոլոր հեղինակներին, ովքեր տառասխալներ էին թույլ տվել իրենց գրքում: Եվ որոնց տառասխալների շնորհիվ դու կարողացար գտնել քո հեքիաթի իրական հեղինակին…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=484663524910310&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել