ՄԻԱԿ քարտուղար |
Այսօր «շատ պարապ մնացած» քաղաքական գործիչներ և քաղաքականամերձ փորձագետներ ջանք չեն խնայում, որ սպասվելիք նախագահական ընտրությունները ոչ մրցակցային ներկայացնեն: Ընդ որում, որպես այս թեզի հիմնավորումներ, բերվում են խիստ իռացիոնալ, երբեմն նույնիսկ անտրամաբանական փաստարկներ: «Ջրերը պղտորելու» այս փորձը իրականում մեկ նպատակ ունի. ամեն գնով ստվեր գցել ընտրությունների վրա` առաջացնելով ընտրությունների վերաբերյալ գոնե արտաքին լեգիտիմության դեֆիցիտ: Սակայն սա հենց սկզբից չաշխատող թեզ է, քանի որ որևէ մեկի չառաջադրվելը նրա խնդիրն է, և հնարավոր չէ հանրայնացնել ու ներկայացնել այն որպես հանրության խնդիր: Դրանում համոզվելու համար այդ արհեստական թեզի հեղինակները կարող են պարզ էքսպրես հարցում անել` պարզելու, թե ընտրողների որ մասն է իշխանությանը, իսկ որ մասը ընդդիմությանը մեղադրում ստեղծված իրավիճակի համար: Վստահ եմ, որ ճնշող մեծամասնության համար հենց ընդդիմության քայլերն են լինելու անհասկանալի ու դատապարտելի: Եվ այս համատեքստում խոսել ոչ մրցակցային ընտրությունների մասին ու նսեմացնել այն գործիչների դերը, որոնք առաջադրել են իրենց թեկնածությունները և տրամադրված են լուրջ քաղաքական պայքարի, առնվազն անհարգանք է ընտրողների քաղաքական նախապատվությունների հանդեպ: Ինձ համար միանշանակ է, որ ընտրողներն են որոշելու, մրցակցային են լինելու ընտրությունները, թե ոչ մրցակցային: Իսկ նրանք ոչ մրցակցայինի վերաբերյալ որոշ քաղաքական գործիչների անձնական տպավորությունները փետրվարի 18-ին կտեղափոխեն բոլորովին այլ հարթություն: