Երևի նկատել եք, որ վերջերս Հայաստանում շատ են սկսել ֆիլմեր նկարահանել: Դե, մեզ մոտ ամեն բան այդպես է, երբ տեսնում ենք, որ մեկը փող աշխատեց ինչ-որ բանի վրա, ապա համարում ենք տիեզերական անարդարություն այն, որ մենք գումար չենք աշխատում նույն եղանակով: Ինչո՞վ ա մեզանից լավը որ... Արդյունքում ստանում ենք մի մեծ ծավալի աղբ, որը լուրջ հարցի առաջ է կանգնեցնում կինոթատրոններին. Ցուցադրել թե չցուցադրել այդ աղբը: Ի օգուտ ցուցադրելուն խոսում է այն, որ ինչ էլ նկարեն՝ եթե դա գովազդվի հեռուսատեսությամբ, ապա առնվազն երկու շաբաթ մարդիկ գալու են ու դիտեն "ֆիլմը" ու դահլիճները լինելու են լեփ-լեցուն: Հետո արդեն սարաֆանը կտարածի, որ նայելու բան չէ ու մարդկանց հոսքը կտրուկ կդադարի: Աղբի ցուցադրումը կարելի է արդարացնել նաև նրանով, որ կինոթատրոնը պետք է ցուցադրի տարբեր ֆիլմեր և չի բացառվում, որ ցանկացած աղբ գտնի իր հանդիսատեսին: Եվ իհարկե կողմի ամենամեծ գործոնը այն է, որ ֆիլմի պրեմիերայի առաջին օրերին խիստ անցանկալի է հարյուրավոր մարդկանց աասել, որ քեզ մոտ այդ ֆիլմը չկա... Բացի ֆինանսական կորուստներից, այստեղ նաև հաճախորդի կորուստի հարց է կանգնում, ով հավանաբար մեկ այլ կինոթատրոնում ֆիլմը դիտելուց հետո կհասկանա, թե ինչու քեզ մոտ այն չկար, բայց դե ամեն դեպքում, բա որ չհասկացավ... Իհարկե կան նաև ԴԵՄ-ի փաստարկներ: Ֆիլմից դժգոհող և առավել ևս կեսից դուրս եկող 10 հաճախորդից առնվազն մեկը դժգոհում է հենց կինոթատրոնից և ոչ թե ֆիլմից, հարցնում թե ինչպես ենք համաձայնել նման աղբ ցուցադրել մեզ մոտ: Բացի դա, ցուցադրելով նման ֆիլմեր, կինոթատրոնը փաստացի ճանապարհ է հարթում հաջորդ աղբ արտադրողների համար, ովքեր այնքան վստահ են, որ ֆիլմը պետք է ամեն տեղ ցուցադրվի, որ նույնիսկ մինչև քեզ հետ խոսելը՝ պաստառի վրա գրում են "ԲՈԼՈՐ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ":
Երևի սա մի անդուր փուլ է հայկական կինոարտադրության պատմության մեջ, երբ հանդիսատեսը կարոտ է հայերենով ֆիլմերի և ով ասես օգտվում է այդ կարոտից: Միևնույն ժամանակ, կինոթատրոնները չեն վաստակում այնքան գումար, որպեսզի հրաժարվեն փող բերող աղբից: Մնում է հուսալ, որ մի օր հայկական ֆիլմի քաղցը մի քիչ կանցնի և հանդիսատեսը կձևավորի հստակ պահանջ կինոարտադրողի հանդեպ: Աղբը այլևս չի բերի գումար, կինոթատրոններն էլ չեն ցուցադրի դա: Էտ օրը պետք է որ գա, հուսանք որ երկար չի սպասեցնի...