Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մասերին, ինչպես նաև և վեցերորդ մասի առաջին և երկրորդ հատվածներին և յոթերորդ մասի առաջին հատվածին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:
Մարտավարությունների նախագծման մանրամասները
Որքան էլ խաղաղ անհնազանդության հիմնական ռազմավարությունը մշակված լինի բազմակողմանի և իրատեսական հաշվարկների հիման վրա, այն անհնար է իրականացնել առանց այլ՝ ավելի կոնկրետ նպատակներ իրականացնող առանձին ռազմավարական քարոզարշավների: Առանձին ռազմավարական քարոզարշավներն էլ իրենց հերթին պետք է ունենան առանձին գործողությունների համալիր ծրագրից բաղկացած մարտավարություններ: Մարտավարությունն ու համալիր գործողությունների ծրագիրն ավելի մանրակրկիտ մշակման կարիք ունեն: Վերջիններս պետք է այնպես մշակել, որպեսզի կարողանան իրականություն դարձնել առանձին ռազմավարական քարոզարշավների առաջադրած կոնկրետ նպատակները: Շարժման ռազմավարությունների և մարտավարության մշակման համար անհրաժեշտ են այնպիսի անհատներ, ովքեր բացի ինտելեկտուալ բարձր մակարդակից, տիրապետում են նաև ռազմավարական մտածելակերպին, ստեղծագործ միտք և հմտություններ ունեն: Առանձին ռազմավարական քարոզարշավներ և մարտավարություն մշակողները պետք է հաշվի առնեն տարբեր գործոններ և խնդիրներ, որոնցից մի քանիսին կանդրադառնանք ստորև:
- Առանձին ռազմավարական քարոզարշավներ և մարտավարություն մշակողները պետք է որոշեն առանձին ռազմավարական քարոզարշավի հիմնական նպատակները և իրենց հնարավոր ուժի աղբյուրների ներդրումն այն իրականացնելիս:
- Դիտարկել խաղաղ անհնազանդության ու քաղաքական ջիուջիցուի ընձեռած հատուկ միջոցները, որոնք հնարավորինս արդյունավետ կօգտագործվեն ընտրված ռազմավարության իրականացման համատեքստում:
- Առանձին ռազմավարական քարոզարշավի համար նախատեսված յուրաքանչյուր ընդհանուր միջոցառման ընթացքում անհրաժեշտ է որոշել, թե ինչ փոքր մարտավարական ծրագրեր և համալիր գործողությունների ծրագիր է հարկավոր օգտագործել հակառակորդի ուժի աղբյուրները սահմանափակելու համար: Հարկավոր է սկզբունք դարձնել այն տրիվյալ իրողությունը, որ ցանկացած մեծ նպատակների իրականացումը բաղկացած է առավել մանր գործողությունների ճշգրիտ ընտրությամբ և արդյունավետ կիրառմամբ:
- Պետք է որոշել, թե կոլեկտիվ մերժման ինչպիսի տարբերակն է ճիշտ կիրառել հակառակորդի ուժի աղբյուրները սահմանափակելու համար: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տնտեսական բոյկոտը (առևտրի կենտրոնների, բանկային վարկերը վճարելու, կոմունալ ծախսերը վճարելու բոյկոտ) կարող է վերոգրյալ նպատակների իրականացման հարցում կարևոր դեր խաղալ, ապա հարկավոր է նախանգծել նաև շարժման հաջողության հասնելուց հետո քաղաքացիների և պետության կրած վնասների փոխհատուցումը:
- Նախօրոք որոշել, թե հատկապես ո՞ր առանձին խումբն ի՞նչ գործառույթ պետք է իրականացնի շարժման ընթացքում: Հստակեցնել առանձին խմբերի ներսում անհատների դերաբաժանումը և սահմանել այդ խմբերում որոշումների կայացման ընդհանուր սկզբունքներն ու միմյանց հետ ներդաշնակ աշխատելու պայմաններ ստեղծել:
- Ապահովել առանձին ռազմավարական քարոզարշավի ընթացքը լուսաբանող միջազգային և տեղական լրատվամիջոցների առկայությունը:
- Կազմել շարժման ընթացիկ հռետորաբանությունն և հաշվետվողականության հիմնական ձևաչափը: Հարկավոր է հիշել, որ շարժման ընթացիկ հռետորաբանության մեջ առկա չափազանցություններն ու օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող ցանկացած միտք կամ կոչ կարող է խիստ վնասակար լինել շարժման վերջնական հաջողության համար: Հարկավոր է նաև խելամիտ պահնաջների հստակ սահմանումն իրականացնել այնպես, որպեսզի այն իրականացնելու համար ռազմավարական քարոզարշավների մասնակիցները հնարավորինս քիչ շեղվեն իրենց առօրյա կյանքի հունից:
- Ծրագրել շարժման մասնակիցների սեփական կարիքները հոգալու համար անհրաժեշտ սոցիալական, կրթական, տնտեսական մեխանիզմներ, որոնք կարող են ղեկավարել շարժմանն ուղղակի մասնակցություն չունեցող անձինք:
- Որոշել, թե ինչպիսի արտաքին օգնությունն է առավել ընդունելի արդյունավետ շարժման համար: Ինչպե՞ս կարելի է լավագույնս օգտագործել արտաքին օգնությունն ու միաժամանակ ներքին պայքարը չդնել կախվածության մեջ այդ արտաքին գործոններից: Հարկավոր է մանրակրկտորեն քննարկել բոլոր արտաքին կազմակերպությունների հավանական աջակցությունն ու մոտիվացիան:
Հասարակության շրջանում խաղաղ անհնազանդության գաղափարի տարածման ռազմավարական նշանակությունը
Ռազմավարական մանրակրկիտ ծրագրի մշակմանը զուգահեռ խաղաղ անհնազանդություն նախագծողները պետք է հնարավորինս ինտենսիվ կերպով հասարակության շրջանում տարածեն խաղաղ անհնազանդության հիմնական սկզբունքները: Ինչպես հիշում եք, նախորդ մասերում մենք քննարկեցինք «Կապիկի տերը» առակը, որը բավականին դիպուկ է նկարագրում խաղաղ անհնազանդության հիմնական և կարևորագույն գաղափարը՝ համագործակցության մերժումը: Ինչպես այդ առակում, այնպես էլ իրական կյանքում բավականին հեշտ է համագործակցության մերժման միջոցով հասնել առավելագույն արդյունքի: Հարկավոր է միայն, որ հասարակության լայն շերտերի սեփականությունը դարձնել համագործակցության մերժման զգալի հետևանքները: Ուստի, խաղաղ անհնազանդության հիմնական գաղափարների տարածումը ռազմավարական նշանակության խնդիր է իրականացնում: Պետք է հասարակության շրջանում անընդհատ խոսել և քննարկել խաղաղ անհնազանդության շրջանակներում հասարակության առանձին անհատների կարևոր դերակատարման մասին: Նմանատիպ ռազմավարական քարոզչությունները հաջողության են հասել նույնիսկ դաժան բռնապետական համակարգեր ունեցող երկրներում, իսկ մեր երկրում հասարակությանն այդ գաղափարի կարևորությունը գիտակցելուն նպաստելը առավել քան դյուրին է:
Խաղաղ անհնազանդության գաղափարն ու դրսևորման հիմնական ձևերը հասարակությանը ներկայացնելիս հարկավոր է կարևորություն տալ նաև բռնության և ատելության խոսքի բացառմանը: Հարկավոր է հասարակությանը բացատրել և հիմնավորել, որ ցանկացած տեսակի բռնի գործողություն օգտակար է միայն նրանց, ում հրամանատարության տակ է գործում երկրի զինված ուժերն ու ոստիկանությունը, և ցանկացած նմանատիպ գործողություն հրահրող անհատ կամ խումբը ոչ այլ ոք է, քան այդ նույն մարդկանց (տվյալ դեպքում իշխանության) ուղղակի կամ անուղղակի գործակալը:
Նարեկ Սամսոնյան