Բաժանելով աշխարհը մասերի,
մարդը դադարեց հասկանալ ոչ միայն
Արարչական, այլ նաև իր հորինած օրենքները:
Լաո Ձե
Մեր երկրի հետաճի, տնտեսության աննախադեպ քայքայման, ժողովրդի հոգևոր- բարոյական այս աստիճանի անկման գլխավոր պատճառներից է նաև այն, որ մեր անկախացումից իվեր, մեր երկրի կառավարման համակարգը զբաղեցնում են ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ զուրկ մարդիկ…
Մեզ, որպես օրենք, առաջնորդել և այժմ էլ առաջնորդում են մարդիկ, որոնց մոտ բացակայում է հասկացություններով ու տրամաբանական հորինվածքներով մտածելու ունակությունը, մարդիկ, ովքեր չեն կարողանում բաղդատելով ըստ հատկանիշների, ամբողջը տարաբաժանել մասերի և ի զորու չեն երևույթի առանձին մասերի ընդհանրացման ճանապարհով տեսնել ամբողջը, (անալիզ և սինթեզ), մարդիկ, ովքեր ի վիճակի չեն համեմատությունների միջոցով համադրել ու դասակարգել առարկաներն ու երևույթները, ովքեր զուրկ են վերացարկման ճանապարհով կարևորն երկրորդականից առանձնացնելու կարողությունից, մարդիկ, ովքեր իվիճակի չեն համակարգել ու ընդհանրացնել, դատղությունների միջոցով եզրահանգումներ անել, առանձին երևույթների ուսումնասիրման ընթացքում հստակ տեսնել բոլոր հնարավոր պատճառահետևանքային կապերը, արտաքին ներգործությունները, անցյալն ու ապագան, շրջակա միջավայրը և նրա ազդեցությունները, մարդիկ, ովքեր չեն տեսնում երևույթի հետ թվացյալ կապ չունեցող մոտ և հեռու խնդիրները...
մարդիկ, ովքեր իրենց գործունեության ընթացքում ապավինում են մտածողության շատ ավելի պրիմիտիվ, մակերեսային, ֆրագմենտար, ՛՛կլիպային՛՛ ձևերին, հենվում են իրենց կյանքի փորձի, կենցաղային աչքաբացության, առօրյա հնարամտության, ճարպկության ու ՛՛ճիշտ հարմարվողականության՛՛ վրա, մարդիկ, ովքեր գործում են կյանքի մասին իրենց սուբյեկտիվ պատկերացումների, իրենց որդեգրած ՛՛պանյատյաների՛՛ ու ՛՛համոզմունքների՛՛, սեփական հուզական մտապատկերների ազդեցության տակ…
Մտածողության այս պրիմիտիվ ձևերի կրողներին հատուկ է եսակենտրոնությունը, երևույթներին, անգամ ինքն իրեն ՛՛կողքից՛՛, այլ մարդկանց աչքերով նայելու անկարողությունը: Այս է նաև պատճառը, որ այս տեսակի մարդիկ, ովքեր մեծ մասամբ տառապում են նաև ինքնասիրահարվածության ախտով, առաջնորդվում են իրավիճակի միայն իրե՛նց գնահատականներով, միայն իրե՛նց պատկերացումներով: Նրանց մեծ մասն անկեղծորեն հավատում է, որ հենց ա՛յդ գնահատականներն են միակ ճշմարիտը…
Իրականում, այդ գնահատականները որև առնչություն չունեն քննվող երևույթների, իրական կյանքի հետ… Դրանք բնույթով պատրանքային են, թվացյալ են ու կեղծ:
Այս է պատճառը, որ համակարգային մտածողությունից զուրկ մարդկանց որևէ կանխատեսում չի իրականանում, նրանց որևէ նախագիծ չի մարմնավորվում…
Այսպիսի մտածողության տեր մարդիկ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ: Ինչին որ ականատես ենք ազգովի:
Պետության առաջնահերթ խնդիրը պիտի լիներ, և այժմ էլ պիտի լինի փնտրել ու գտնել համակարգային մտածողությամբ օժտված մարդկանց, և նրա՛նց ու միայն նրա՛նց վստահել երկրի կառավարումը: Ասում են, ժամանակին ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի տղերքը իրար մեջ որոշած են եղել հենց այդպես վարվել. Գտնել աշխարհաճանաչողության լայն հորիզոնների տիրապետող խոկուն մարդկանց, բարձրակարգ մասնագետների, ազնիվ, արդար ու բարոյական անհատների ու նրանց վստահել երկրի կառավարումն ու ապագան: Սակայն դա տեղի չունեցավ, քանզի գայթակղություններն ավելի զորավոր գտնվեցին… Մեկին ՛՛ազգային բուժուազիա՛՛ ստեղծելու մարմաջը, մյուսին իշխանության տենչը, երրորդին փառավորվելու փափագը, չորրորդին արագ հարստանալու անհագ ցանկությունը, տարան այնտեղ, որտեղ որ իրենք հայտնվեցին... Եվ մեզ էլ հայտնվեցրեցին այս ճահճում, որտեղից ելքերն արդեն չեն նշմարվում…
Սոցիալական աստիճանակարգում, երկրի կառավարման համակարգում որքան բարձր է կանգնած համակարգային մտածելակերպից զուրկ մարդը, այնքն ավելի թանկ է վճարում հասարակությունը նրա ընդունած որոշումների համար: Մի հետադարձ հայացք նետե՛ք անցած տարիներին և կտեսնե՛ք, թե փքուն անվանումներով ու երկրի համար շատ ծանր ֆինանսական բեռնվածք ունեցող որքա՜ն տարաբնույթ ծրագրեր են ընդունվել, որոնք ոչնչով են ավարտվել… Հիմա էլ նույնն է…