Օրինակ լսում ես այսպիսի էշություն. «Մեսրոպ Մաշտոցը նստեց հին աթոռին, չոփը ծակեց հետևը, տեղից թռավ, գոռաց «աաաա՜», և գրեց հայոց այբուբենի առաջին տառը»: Առաջին հայացքից թվում է պրիմիտիվ, մի քիչ էլ տափակ հումոր: Բայց դա՝ մեծերիս, ավելի ճիշտ մեծերի գիտակից, զարգացած ու կիրթ տեսակի համար: Բայց այս տափակությունը լսում են նաև փոքրերը, նրանք, որոնք դեռ շատ բան ունեն սովորելու, ճանաչելու՝ մինչև գիտակից ու տրամաբանական վերլուծություն կատարող անձ դառնալը: Դաստիարակություն, որն անջատում է մարդուն՝ կենդանական բնազդներով առաջնորդվողների աշխարհից: Երեխայի ուղեղը նման է սպունգի՝ դրսից քաշում է այն ամենը, ինչ լսում է ու տեսնում: Եվ վերլուծում իր իմացության չափով, այնքանով, որքանով իր տարիքին բնորոշ տեղեկատվական դաշտ ունի գլխում՝ վերլուծելու համար: Եվ վերոնշյալ հիմարությունը լսելուց հետո, ամեն անգամ, երբ լսում է Մաշտոցի անունը, հիշում է դա և մտածում. «Հա՜, Մաշտոցը նա չէ՞ր, որ նստեց աթոռին, թռավ տեղից, գոռաց «ա՜»ու գրեց հայերենի առաջին տառը»:
1600 տարի, ապրելով օտարների դաժան ու ապազգային իշխանապետության տակ, չունենալով սեփական պետություն, որը պետք է պահպաներ ու պաշտպաներ էթնիկ մշակույթն ու լեզուն, հայոց ազգային գիտակցությունը պահպանվեց բացառապես հայատառ գրի շնորհիվ: Անգամ ցեղասպանության տարիներին, Դեր-Զորի անապատում, երբ մայրը զգում էր, որ մահանալու է ու իր երեխային կարող է վերցնեն ու որդեգրեն քուրդ կամ արաբ տեղաբնիկները՝ որպեսզի իր հայ լինելը երեխան չմոռանա՝ անապատի ավազի վրա, վերջին շնչում, նրան սովորեցնում էր հայոց տառերը ...
Եվ ահա՝ առվույտով լցված ուղեղով կամա թե ակամա մի ապազգային տար ասում է. «Մեսրոպ Մաշտոցը նստեց հին աթոռին, չոփը ծակեց հետևը, տեղից թռավ, գոռաց «աաաա՜», և գրեց հայոց այբուբենի առաջին տառը»:
Ու վերջ. հազարամյա արժեքային համակարգը մեկ վայրկյանում արժեզրկվում ու վերածվում է պարզունակ հումորի ...
Մտածեք, թե ինչ են լսում ու տեսնում ձեր երեխաներն ամեն քայլափոխի, երբ տեղեկատվական դաշտը լցված է ամեն տեսակ աղբով, ինչ հետևանքներ դրանք կունենան այս պահին քողարկված, բայց հետագայում տեսանելի՝ ձեր զավակի ձևավորման վրա, ու ինչքանով եք կարողանում բացատրականով հակազդել այս ամենին ...
Պաշտպանեք ձեր երեխաներին ճիշտ պաշտպանությամբ և օր ծերության՝ կլինեք պաշտպանված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10209164633500991&set=a.1941433303573.115937.1474663336&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել