Ինչու՞ կրոնն ու (հատկապես «կրոնավուն») կուսակցությունները տեղ չեն ունեցել ու չեն ունենա իմ կյանքում (հետազոտական տեսանկյունը չհաշված)։ Որպես պատասխան՝ ներկայացնեմ երեք հանրահայտ դրվագ մեր պատմությունից.
ԴՐՎԱԳ Ա. Քրիստոնեության հաստատման ժամանակ մերոնք «ամենայն զօրօքն հանդերձ» և «տէրունական նշանի / խաչի» զորությամբ ավերեցին բագիններն ու տաճարները։ Ի դեպ՝ երբեմն պնդում են, թե մեհյանները չեն կործանել, այլ միայն՝ բագինները (զոհարանները)։ Նախ՝ չեմ հասկանում, թե դա ինչ է փոխում։ Երկրորդ՝ մեհյանները չեն կործանե՞լ։ Դե ուրեմն ուշադիր կարդանք մեր աղբյուրները.
«Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին» (Ագաթանգեղոս § 778)։
Ապա հերթը հասնում է Անահիտի մեհյանին. «և ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան. և լուցեալ յանկարծօրէն փայտակերտն հրդեհեցաւ» (Ագաթանգեղոս § 779)։
«Եւ իբրև եկին հասին յանդիման մեհենացն, մօտ ի գետն Եփրատ՝ կամէր ... կործանել զբագինսն, և շինել զվկայարանս նոցա [Հովհաննես Մկրտիչի ու Աթանագինեսի համար - ՀՄ]» (Ագաթանգեղոս § 810):
«հրաման ետ Գրիգոր զօրականին և իշխանացն որ ընդ իւրն էին, զի ելցեն և մրճօք տապալեսցեն զշինուածս բագնացն» (Ագաթանգեղոս § 812):
Ապա՝ Տիրոջ ուղարկած հողմը «չոգաւ հարթեաց, տապալեաց, ընկէց զամենայն շինուածսն բագնացն: Եւ այնչափ կորոյս, զի յետ այնորիկ ոչ ինչ ոք յայնմ տեղւոջ նշմարանս կարէր գտանել, ո՛չ քարի և ոչ փայտի, ո՛չ ոսկւոյ և ոչ արծաթոյ, և ոչ բնաւ երևէր, թէ լեալ ինչ իցէ անդ: Եւ անթիւք կոտորեցան մարդիկ պաշտամանն քրմութեան որ ի տեղւոջ անդ էին, և անհետ եղեն ոսկերք նոցա. և որք տեսինն՝ անթիւ մարդիկ հաւատացին» (Ագաթանգեղոս § 813):
«Սոյնպէս և ի տեղիս մեհենացն զոր կործանեաց յառաջագոյն». Տրդատի մասին է (Ագաթանգեղոս § 841):
ԴՐՎԱԳ Բ. Հետո սլաքները փոխվեցին՝ եկան եկեղեցիների վատ օրերը։ Պարսից արքունական հրամանով. «Մինչև ի նաւասարդէ ի նաւասարդ, ասէ, յամենայն տեղիս՝ որ իցեն ընդ իշխանութեամբ թագաւորին մեծի, բարձցին կարգք եկեղեցւոյ, փակեսցին եւ կնքեսցին դրունք սուրբ տաճարացն...» (Եղիշէ, գլուխ 2 [1989, էջ 104])։
ԴՐՎԱԳ Գ. Հետո, էն անեկդոտի նման, «աբեշչիկն եկավ ու սաղին դուրս արավ». :) եկան Սովետն ու կոմունիստական կուսակցությունը և գիտենք, թե ինչ արեցին եկեղեցիների ու մնացած «շեղումների» հետ։
Միշտ նույնը. կործանի՛ եղածը, որ հաստատես քո կրոնն ու գաղափարախոսությունը։ Ու դա արա հավատի օգնությամբ՝ մարդկանց զգայուն լարերի հետ խաղալով։
Կրոնն ստեղծում է մշակութային խոշորագույն արժեքներ։ Կրոնն աստվածային չի, քանի որ ստեղծված է մարդու կողմից։ «Աստվածային» են մարդու ստեղծած մշակութային արժեքները՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից կամ դավանաբանական հենքից (աստվածային՝ ո՛չ կրոնական իմաստով), և անաստվածորեն զազրելի ու դատապարտելի է մշակույթ կործանող ամեն մի դրվագ՝ քրիստոնեական թե ոչ քրիստոնեական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել