Մարտի 5–ը նշանային օր է. այդ օրը ծնվել են 3 նշանավորներ՝ Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը և ևս մի Բաբայան, իմ հրաշալի ընկեր, վաղամեռիկ բանաստեղծ ու լրագրող Գայանե Բաբայանը։Վաղ առավոտից մեդիան բերնեբերան լցվեց Վազգեն Սարգսյանով.դե սպանելուց հետո սրբացնելը պարտադիր է. հերոսի մեռածը ոչինչ չի ուզում, տեղով մեկ անպատասխանատու խոսքի քրքջան աղբյուր է՝ , բերանդ ավելի լայն ճոռի, որ այդտեղից մեզ վրա ավելի խրոխտ թափես պատերազմի ողջ մկանուքն ու երիկամունքը, որն, անշուշտ, չի արյունակցվում քեզ հետ։ Դե քեզ տեսնեմ. հերոսացիր և հերոսացուր. հերոսի արնակոլոլն է լավը, դեմքով հատակին պարանվածը, ի վերջո՝ Եռաբլուրում ննջողը։Թե չէ, ինչի նման է էն մեկելը՝ էն Սամվել Բաբայանը, ով կենդանի հերոս է. փառքը շատ, որ մեզ ցույց տվեց, որ հերոսի ողջն էլ է լինում։ Բա ինչ անենք սրա հետ. եկեք տանենք Շուշվա բերդում փտացնենք.չստացվեց՞, ուրեմն եկեք գցենք քաղաքական մուտիլովկեքի մեջ ու խուրդենք–գնա։Լավ չստացվե՞ց։ ՈՒրեմն…բիզնես–միզնեսի ռեխը տանք, հո հերոսն էլ ուտել, ապրել է ուզում՝ գցենք էդ արանքը, թող գնա կորչի.չկորավ՞, կամ դրամատիզմն այն չէ՞. դե եկեք երկրից խռիկ տանք, պրծնենք։ էն Վանոն էլ էր մեծ–մեծ խոսում.հիմա որտեղ է նա՝ ապրես, Աստված գիտի...Կասեք, ծննդյան այս ազիզ օրը մի այսպիսի դաժան նոթ՞. ներեցեք, որ տխրեցրի, բայց այսպես շարվեց։ Եվ որպես մեղքի թողություն ներքևում կարդացեք իմ առաջին և վերջին պատմվածքը, որ գրվեց ընկերոջս՝ Գայանե Բաբայանի հիշատակին, այն օրը երբ քաղաքի մի բանուկ մասում նրա մեծ սիրտը ճզմվեց անիվների տակ։

ՊԱՏՄՎԱԾՔ

Ընկերոջս` Գայանե Բաբայանի հիշատակին

Հայրս թունդ ընդդիմադիր է. դեռ Սովետի ժամանակ էր ասում. Թուրքը ճամփեքը փակելու ա ձեզ թողնի մայկա-տրուսիկով: 88-ից մեր տան վերանորոգումը կանգնեցրեց թե ՌԵՎԱԼՅՈՒՑԻԱ ա: Ավելի ուշ, միտինգներից տուն չեկող 58-ամյա հեղափոխական մարդուն մայրս լավ մզզացրեց մի օր .., սեղանին շրխկացրեց հորս խնայողական գրքույկը` բոլոր զրոները ջնջած, տակը սիրուն գրած` 200 դրամ: էս էլ քո 40 տարվա հալալ հախը` էս էլ ձեր ռեվալյուցիան, էն կուկլա երկիրը ձեզ ափսոս էր-ասաց մաման ու… հերս մթնեց: Տասով զրո արեց հորս, խոսք չկար: Էս դեպքից հետո ես էդ մարդուն հավեսով հաց ուտելիս տեսած չկամ: Մայրս մինչև հիմա անիծում է Լևոնին: Քիչ առաջ ջնջեցի նրա ուղիղ խոսքն այդ առիթով, որովհետև Գալուստ Սահակյանն այն կարող էր իր անունից ԱԺ ամբիոն բարձրացնել ու անհարկի քաշքշել: Գալուստից էլ իմ հայրենի Գորիսի Տաթև գյուղացիք են ահավոր զզվում: Վերջերս, երբ նկարահանումներ էի անում այնտեղ, խնդրեցին Տաթևի գանգատը հասցնել իրենց բառով ասած` վերխուշկին: Հասցնում եմ. Մենք սոված էլ կմնանք, ծարավ էլ, մենակ թող էդ թանի ճանճը չդզզա… Հայրս սա որ կարդա , շատ հանրապետականների, իր ասած բոլշեվիկների անուններ էլ կավելացնի, իսկ որ մայրս, կարդա… երգս երգված է: Նա համոզված է, որ մեր շենքի կեսը ագենտ է ու չի կասկածում, որ իր 4 երեխաների ու 2 փեսեքի անգործությունը գալիս է հենց իր մարդու չխամրող լևոնականությունից:
Այ էսքանը գրել էի ու չորս ամիս կանգ առել, մտածում էի էս չարքն էլ եկավ-անցավ, ես ուր, պատմվածքն ուր, հետո էլ կյանքն ավելին է քան մնացած ամեն բան… մեկ էլ տեղերիս մեջ թերթակոլոլ պառկած եմ զըընգ, չոռ-ասում եմ, ներվեր չկա, ու քիթս չեմ էլ բարձրացնում Գայանե Բաբայանի հոդվածից` էնքան լավ է շշել մի քանիսին, որ սկսում եմ հակառակի մասին մտածել. կարող է գիրն, այնուամենայնիվ կյանքից լավ բան է, որովհետև կյանքում դժվար պառլամենտի շեֆին էդքան հարմար բռնացնես որ ասես. «Ահա ձեր տունը ձեզի ավերակ պիտի մնա» կամ սամթը գտնես ու էդ մեծատուն-մեծաբերանների սեղանները շուռ տաս գլխներին, արանքում տեղ հասցնելով այս տեքստը. « էս ի՜նչ դարձրիք իմ հոր տունը…»:
Մեկ էլ… ավելի ներվային, ավելի խելագար. Զզզզընգ-հը՞,հըհ…հա, հա…հ: Հեչ էլ մի զարմացեք, նա էդ հոդվածը գրելու ընթացքում էր մահացել. Գրով ընկած գնացել – խփվել էր Ձիթենյաց լեռանը, լեռն էլ ծոց էր արել մարդու որդուն… էդքան բան: Բա որ մահը ճշմարիտ բան լիներ, էսքան էժան կլինե՞ր։ Էսօր էլի եկավ, գիշերվա առավելությունն էլ դա է ցերեկվա նկատմամբ, չպլանավորված հանդիպումների դրամատուրգիան միշտ ավելի ուժեղ է. Ես ու ինքն էլի շուկա էինք գնացել, սա ամեն ինչի բերանը ճղում — լցնում էր փողոց, ամբողջ շուկան հարայհրոց, վայ–տարան… սա բերանը լիքը հռհռում էր. հենց հասնում էին որ բռնեն, արագ երկինք էր սուրում գլխին` համեմ, թարխուն, տանձուխնձոր։ էդ ինչ օյին դրեց գումի շուկայի գլխին, էդ ինչ խաղեր խաղաց ու… էլի վերև… Արթնացա։ Ու էդ կանաչին և հատկապես ջրալի տանձը ուզեցի: էլ հոգնել չկա, սրտիդ վաղուց չես էլ լսում, գոնե բերանիդ տիրություն արա, հիմար կնիկ: Ուղիղ շուկա…
Վայ, մեկ էլ տեսնեմ էն երազիս կնիկը, որից Գայանը կանաչի էր վերցնում ու շարում մազերի մեջ, դե էն էլի, ով ամենաշատն էր գոռում ու անիծում: Ուրեմն նույն շորերով, նույն ռեզինով կապ արած փնջերով, նույն արկղի ու քաչալ մարդու կողքին… Կապտել եմ, մեխված նայում եմ, ես սարսափում եմ կատուներից, եթե ուշադրություն եք դարձրել Սուրբ գրքում բացի կատվից բոլոր կենդանիներն էլ կան… հա մեկ էլ մի կատու եկել, կողքս բռնել-կանգնել է, բայց ուժ չունեմ դրան քշելու, հետո էլ էնքան մենակ եմ, էնքան մենակ, որ դրան էլ եմ համաձայն, թող լինի: Մեկ էլ մի քամի բարձրացավ, մի քամի… բացօթյա շուկան երեսը պնդացրել, պաշտպանվում էր սկզբում, մեկ էլ էդ քամին տարավ-բերեց մի էնպիսի սիլլա տվեց վաճառողների քամակին, որ սրանք մի ծոց ապրանք ձեռքներին, տարիքն ուրացած, իրար կոխ տալով վազեցին դեպի… բաց աչք կար, որ տեսնեին ուր։ Իսկը երազիս պես էր, նույն տանձուխնձորը, ոտի տակ տված կանաչին… մենակ ինքը չկար: Ինքը չկար… Մեկ էլ տեսնեմ իր նկարով երեկվա թերթն է քամին քշում, մեկ էլ, հոպ, որտեղից որտեղ եկավ ու իջավ էն կատվի դեմքին. Ու տեղում կարկուտ սկսվեց: Մեկ էլ զըըընգ, հա, հա մամ, համարյա գոռում եմ… ի՞նչ, պապա՞ն, պապան ի՞նչ, ու… թեթևացած, խելոք-խելոք ասում եմ. Այ կնիկ, մի նեղացրու հորս, ինչ ուզում ա տուր, ոչինչ մի խնայի… շատ ա խոսու՞մ ուրեմն կամ փող չունի կամ հիվանդ ա, հիվանդ ա՞։ Ի՞նչ, կատուն իջեցնում ա՞ ճնշումը։ Չէ, կատվից էլ չեմ վախենում, եթե ուզում ա թող պահի…
ՎԱՐԴուհի Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել