Հիշողությունը հոգեկան կարևորագույն ֆունկցիաներից մեկն է, որն արտահայտվում է ուղեղի կողմից ինֆորմացիան ընկալելու, այն պահելու և հետագայում վերարտադրելու ունակությամբ:
Հիշողության ուժը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից ու հետաքրքրությունից և օրգանիզմի ընդհանուր վիճակից:
Նորմայում հիշողությունը արտահայտվում է հետևյալ ձևերով.
Տեսողական հիշողություն, որի հիմքում ընկած է ակնառու պատկերավոր հիշողությունը (հատկապես զարգացած է նկարիչների մոտ):
Լսողական հիշողությունը, որը հատկապես լավ է արտահայտված երաժիշտների մոտ:
Համի ու հոտի հիշողությունը, որ զարգացած է համտեսների մոտ:
Մեխանիկական հիշողությունը հիմնվում է միևնույն նյութի կրկնության (անգիր սովորելու) վրա. զարգացած է ասմունքողների, դերասանների մոտ:
Հուզական հիշողություն, որը հիմնականում կապված է տարբեր հույզերի (հաճույք, տխրություն, վախ և այլն) մտապահման ու վերարտադրման հետ:
Տրամաբանական հիշողություն, երբ նյութի վերարտադրումն արտահայտվում է դատողությունների միջոցով: Հիշողության այս ձևը սերտորեն կապված է մարդու տարիքային և իմացական, բանական զարգացման հետ:
Գիտության ժամանակակից տվյալներով լուրջ նշանակություն է տրվում հիշողության կենսաքիմիական տեսությանը, որտեղ հիմնական դերը վերագրվում է ռիբոնուկլեինաթթվին: Նյարդային բջիջներում կենսաէլեկտրական հոսանքների ազդեցության տակ կուտակված ՌՆԹ-ի օգնությամբ ինֆորմացիաները ծածկագրվում են՝ կարճատև հիշողությունից վերածվելով երկարատևի:
Գոյություն ունի հիշողության երկու ձև՝ կարճատև և տևական: Կարճատև հիշողության դեպքում մտապահման տևողությունը կազմում է մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամ: Տևական հիշողությունն ավելի կայուն է, երբ ընկալված ինֆորմացիան կարող է մնալ շատ երկար, ընդհուպ նույնիսկ ողջ կյանքում:
Մեկ էլ հույս ունեմ պարզ է, թե ինչ է ռիբոնուկլեինաթթուն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/346925348749002
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել