Գաղտնիք չէ, որ բավականին հապաղվում է նոր ընտրական օրենսգրքի ընդունումը։ Խնդիրը նրանում է, որ իշխանական ճամբարում ոչ մի կերպ չեն կարողանում սինթեզել այնպիսի մի ոսկե միջին, որը ձեռք կտար թե՛ գործող իշխանություններին, թե՛ կարժանանար եվրոպական գործընկերների հավանությանը։

Ու հավանություն ասվածը այսպես ոչ թե ինչ որ աբստրակտ ու ոչինչ չնշանակող հայտարարությունների մասին է, այլ այն ունի շատ կոնկրետ գումարային պոտենցիալ։ Այսպես ձևակերպենք․ եթե ներկայացվի այնպիսի օրենսգիրք, որը եվրոպացիների սրտներով լինի, ապա դրա կյանքի կոչման համար Եվրոպան գումարներ կհատկացնի գրանտերի ու ծրագրային հատկացումների տեսքով, իսկ դա համեղ բլիթ է թվում մեր իշխանավորներին։

Սակայն այս ամենում կա մի շատ մեծ ԲԱՅՑ․ եթե ամեն ինչ լինի եվրոպացիների սրտով, էապես կնվազեն ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքների վրա ազդելու իշխանությունների հնարավորությունները, ինչը արդեն իսկ շատ լուրջ խնդիր է։ Ասել է, թե փողն իհարկե լավ բան է, բայց արդյո՞ք սա այն գինն է, որ պատրաստ են վճարել՝ վերահսկողությունն ու լծակների թիվը նվազեցնելու համար։

Հենց այս հողի վրա է նախանշվում է ներիշխանական պառակտում, որտեղ իհարկե միայն փողը չէ հիմնական մոտիվատորը, այլև քաղաքական կշռի ու ամբիցիաների խնդիրը։ Չմոռանանք, որ կարկառուն շատ ՀՀԿ-ականներ ու իշխանական օղակի այլ ներկայացուցիչների իրենց բարեկեցությունն ու անվտանգության երաշխիքները պահպանում են այդ թվում նաև նրա համար, որ կարողանում են ընտրություններին ստվերային ու մութ ձևերով ձայներ ապահովել, իսկ նոր համակարգի ներդրման պարագայում նրանց այդֆ հնարավորությունները կարող են էապես սահմանափակվել։ Հետևաբար, կսահմանափակվի նաև այդպիսի կերպարների դերակատարությունը, ինչից էլ վերջիններս խիստ վախենում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել