Եթե դու չգիտես ուր ես գնում`
դու «այնտեղ» չես գնում…
Ըստ Պիտերի սկզբունքի՝ ցանկացած հիերարխիկ համակարգում, յուրաքանչյուր մարդ, ծառայողական աստիճաններով կարող է բարձրանալ մինչև որոշակի դիրքի հասնելը, որտեղ ինքն արդեն ի վիճակի չի լինում կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այսինքն՝ դառնում է ոչ կոմպետենտ, ոչ մտահասու: Այս աստիճանը կոչվում է տվյալ պաշտոնյայի ոչ մտահասության աստիճան, և նա, «կպչելով» այդ դիրքին, պատրաստ է ամեն բան անել այն չկորցնելու համար: «Ժամանակային սահմանափակումների բացակայության պարագայում,- պնդում է գիտնականը,- ցանկացած կառավարման համակարգի պաշտոնեական ողջ աստիճանակարգը` վերից վար, զբաղված է լինում ոչ մտահասու մարդկանցով»:
Այսպիսի համակարգերը որակվում են որպես ՓՏԱԾ, իսկ նրանց կողմից կառավարվող օբյեկտները` լինի դա «պեռաշկի» թխելու արտադրամաս, գործարան, գյուղական կամ քաղաքային համայնք, թե պետություն` ԿՈՐԾԱՆՎՈՒՄ են, քանզի դրանց «պեռաշկին»` ուտելու, գործարանի արտադրանքը` գնելու բան չէ, գյուղը, քաղաքն ու պետությունն էլ մանրից ավարվում ու ավերվում են:
Այս վիճակում գտնվող համակարգերի կառավարիչները, անկարող լինելով հասարակության առջև ծառացած պրոբլեմները երևակելու, պարտ ու պատշաճ որևէ հարց լուծելու կարողությունից, խոսքով, արտաքուստ ձևական, հասարակության առջև մտազբաղ ու մտահասու կառավարիչների «խաղեր տալով» իրականում զբաղված են միայն սեփական դիրքերի ամրապնդման, ինքնապահպանման, ինքնավերարտադրման խնդիրներ լուծելով:
Մեր այսօրվա հայաստանյան իրականությունը, կարծես Պիտերի տեսության լաբորատոր-փորձարարական հաստատումը լինի: Ամեն բան կարծես ճիշտ և ճիշտ համընկնում է:
Սակայն մեզանում դրությունն էլ ավելի վատթար է, վիճակը` գրեթե անհույս… Կառավարման ներկայիս համակարգից դուրս գտնվող գրեթե բոլոր ուժերն ու կազմակերպությունները, որոնք «տոգորված» են ներկայիս կառավարիչների տեղը գրավելու ճանապարհով երկրում ինչ-որ բան փոխելու մղումներով, արդեն կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների, անհատ առաջնորդների իրենց դիրքերում սեփական մտահասության աստիճանի վերաբերյալ մեծ կասկածներ են հարուցում:
Սրանք բոլորն, անվանումներով մեկը մյուսից տարբեր լինելով, «դրախտային» մի երկիր են նկարագրում մարդկանց, որտեղ ժողովված ու միաբանված ողջ հայությունն ապրելու է եղածից էապես տարբերվող, իրենց պատկերացրած արժանապատիվ կյանքով, որտեղ տիրելու է մարդու նյութական բարգավաճությունն ու բարեկեցությունը, մշտնջենական լույսը, զվարճանքն ու ուրախությունը, որտեղ բացակայելու են կաշառակերությունը, պետության թալանը, անարդարությունը և ամբարիշտությունը, շահատենչությունն ու անբարոյականությունը:
Այս մարդկանց ճնշող մեծամասնությունն այս նույն ճանապարհով մեկ անգամ արդեն անցած լինելով պետք է ըմբռնած լինեին, որ իրենց որդեգրած արժեքային համակարգում, իրենց երազած «հայի դրախտը» գոյություն ունենալ չի կարող, քանզի կաշառակերությունն այստեղ ոչ թե խանգարիչ արատ է, այլ կառավարման համակարգի հիմքն է հանդիսանում, պետական միջոցների հափշտակումը` ըմդունված նորմ է, պաշտոնեական դիրքի չարաշահումը`չգրված օրենք, քավորասանահերությունն ու խնամիականությունը` պաշտոնեական դիրքերի պահպանման ու ամրապնդման անհրաժեշտ միջոց, պաշտոնյայի, իր շրջապատի, սեփական կուսակցության շահը վեր է պետության շահից, քաղաքական, պաշտոնեական դիրքը` սեփական լակոտներին կամ սանահոր բալիկներին փոխանցվող ժառանգություն է և այլն, և այլն:
Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հոգևոր-բարոյական այս անկումից դուրս պրծնելու Ուղիներ որոնել, նոր, առաջանցիկ գաղափարներ գտնել: Սակայն մտավորականությունը, ում վրա դրված է այս Առաքելությունը, գոյություն չունի, մահացած է կամ կողմնակի դիտորդի կարգավիճակ ստանձնած իր համար թամաշա է անում, սրան-նրան իր «վերևներից» քննադատում և դրանով ինքնաբավարարվում: Հատուկենտ Բան ասողներին էլ` լսող չկա…