Դե, եթե բաց ենք և´ ֆիզիկական, և´ մեդիամիջավայրում, ինչո՞ւ իմ Օրագրում պիտի լինեն արգելված թեմաներ… Հատկապես, որ իմ շաբաթ օրը այս կամ այն ձևաչափով զբաղեցրել են կադրային հարցերը: Սամսոն Բուլղադարյանը` հեծանվի ակումբի ղեկավարը, մարզիչ ուսուցիչը, հեծանվի արհեստանոցի պատասխանատուն` բոլորը մեկում, բարձրագույն մասնագիտական կրթությամբ, երիտասարդ, բայց և փորձառու, ում այսքան հնարավորություն ենք ընձեռել, հեռանկար ենք բացել-կապել, աշխատանքից ազատման դիմում է գրել հիմա, երբ բացվում են կրթահամալիրում հեծանվասպորտի-մարզանքի նոր հնարավորություններ…
Հարգելի տիար Բլեյան,  խնդրում եմ,  լուծել իմ աշխատանքային պայմանագիրը 2016 թ. մարտի 1-ից՝ անձնական նախաձեռնությամբ: Շնորհակալություն Ձեզ և իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ շատ հաճելի էր աշխատել: 
Խորենը, Միքայելը, Վահրամը Մարտիրոսյան, ընկերները տարակուսանքի մեջ են, Գևորգ Հակոբյանը, ամենագետ Սուսանը, եթե որևէ մեկը տեղյակ է, համեցե’ք, հայտնե’ք, վրիպել ենք, շտկենք… Հատկապես որ, ինչ-որ շրջանից սկսած, որևէ պաշտոնում աշխատանքի ընդունվում են ոչ միայն բաց, այլև միասին ենք ընդունում` հավաքական ու կոնկրետ մասնակցությամբ, որը ես ընդամենը ձևակերպում եմ: Նույնն է և աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում: Այսպիսի դեպքերում կարևոր է կապը սաների հետ. մանկավարժությունը հենց այսպիսի կապ է ու պայմանագիր… Պատանի հեծանվորդները անակնկալի էին եկել. շարունակ գովում էին Սամսոնին, մյուս կողմից` կասկածանքով ինձ նայում: Տնօրենի պաշտոն է` իր խաչով, ես սովոր եմ: Դիմացը շաբաթ-կիրակի էր, ես առաջարկեցի սաներին` լուծել իրենց մարզիչ ընկերոջ հարցը: Սպասենք զարգացումներին:
Հարգելի երաշխավորությամբ ու այսպիսի անբասիր կենսագրությամբ մարդուց աշխատանքի առաջարկ եմ ստացել. կրթահամալիրի զարգացումը, նրա վաղը ոչ միայն ու ոչ այնքան ինձնից է կախված: Ես, թվում է, դրսևորված եմ. էլ ի՞նչ ունեք սպասելու… Նոր խնդիրները, զարգացում կոչվածը պահանջում են և նոր մարդիկ` ունակ, կոչված, կանչված հենց այդ խնդիրները լուծելու, և այդ թվում` խիստ անձնական-հարգելի, ընդունելի պատճառներով, կրթահամալիրից դժվար բաժանված մարդիկ` Ռիմա Երեմյանը, Մարգարիտ Հեքիմյանը, և իհարկե` կրթահամալիրում իրենց ներուժը իրենցից կախված-չկախված, բայց չդրսևորած ու դրանից ճնշված ինքնազգացողությամբ, ասված-չասված դժգոհություններով, պահանջներով (պրետենզիան ո՞րն է սրանցից) մարդիկ, օրինակ` Սյուզի Մարգարյանը, Դավիթ Բլեյանի դաստիարակ Կարինե Խառատյանը, Լուիզա Քեշիշյանը… Որ ձեզ այս անգամ այսպես անդրադառնալուց անհարմար չզգաք, նաև այս շարքում են ամենամարդիկ` Գրիգոր Խաչատրյանը ու ընկերը Կարինե Մացակյանը… Համարենք, որ Արմինե Թոփչյանն ինքն իր հարցերը լուծեց: Լուծումներ են փնտրում, առաջարկվում, մերժվում Քրիստինե Սահակյանցի համար… Իմացեք, որ ինձ համար թիվ մեկ կարևորության հարց է ձեր յուրաքանչյուրի ինքնադրսևորումը, թվարկած-չթվարկած, ինքնազգացողությունը աշխատանքով պայմանավորված, անմիջական, թե ոչ այնքան աղերսներով… Իմացեք, որ ես պատրաստակամ եմ լուծումներ առաջարկել, լսել, քննարկել, բայց գտնել: «Յոլան», զոհողությունը, «հլը տեսնենք»-ը իմը չեն: Վստահե՛ք ինձ, կրթահամալիրին, սա նաև ձեր ֆենոմենն է: Ո՜ւֆ,  մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի…
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել