Ասում են` 1990 թվականի սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» հյուրանոցի տասներորդ հարկում գտնվող 10-րդ սենյակի առջեւ մեծ խառնաշփոթ էր։ Իմ հյուրանոցային համարի դռանը պաստառ էր փակցված, որը հայտնում էր, թե ես եւ Վիկտոր Համբարձումյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ, քաղաքական հացադուլ ենք հայտարարել, որպես բողոք Գորբաչովի կողմից Ղարաբաղում սահմանադրական իշխանության վերացման։
Ամեն օր համերաշխության հարյուրավոր հեռագրեր էինք ստանում աշխարհի տարբեր երկրներից, եւ ամեն օր մեզ այցելում էին բարեկամներ, զինակիցներ, հայրենակիցներ։ Բայց այդ օրն իրոք աշտարակաշինական խառնաշփոթ էր տիրում։ Նախօրեին «Վեստի» ծրագրի թղթակիցն այցելել էր մեզ եւ մեր ընկերներին (որոնք նույնպես հացադուլ էին հայտարարել)՝ Սոս Սարգսյանին, վեցերորդ հարկում իր զբաղեցրած սենյակում, տասներորդ հարկում՝ ՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանին (Աստված հոգին լուսավորի) եւ ԽՍՀՄ նախագահի կողմից լուծարված Ղարաբաղի մարզխորհրդի նախագահ Սեմյոն Բաբայանին։
«Վեստին» ողջ երկրով մեկ հայտարարել էր, որ սեպտեմբերի 18-ին լրանում է մեր ժամանակների ականավոր գիտնական, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ Վիկտոր Համազասպի Համբարձումյանի 82-ամյակը։
«Վեստին» ողջ երկրով մեկ հայտարարել էր, որ սեպտեմբերի 18-ին լրանում է մեր ժամանակների ականավոր գիտնական, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ Վիկտոր Համազասպի Համբարձումյանի 82-ամյակը։
Այդ օրն անընդհատ մեր սենյակ էր գալիս մեր օգնականը՝ սամբոյի հայտնի ըմբիշ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Լեւոն Հայրապետյանը եւ զեկուցում, թե ով է ցանկանում մեզ հետ հանդիպել։ Եւ երբ նա տվեց Կիրիլ Լավրովի անունը, զարմացա։ Հայտնի դերասանը նախորդ օրը ուշ երեկոյան մեզ մոտ էր իր բարեկամ եւ թատերական գործընկեր Սոս Սարգսյանին այցելելուց հետո, եւ մենք գիտեինք, որ հաջորդ օրը մեկնելու է Լենինգրադ։ Պարզվեց, երեկոյան տեղեկանալով Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվա մասին, որոշել է անպայման, ինչպես ինքն ասաց, սեղմել հոբելյարի ձեռքը։
Այդ հանդիպումը երբեք չեմ մոռանա։ Իմանալով, որ Լավրովը կանոնավորապես այցելում է իր գործընկերոջը, Համբարձումյանը հետաքրքրվեց Սոսի առողջական վիճակով։ Կիրիլը մի տեսակ մտահոգ տարածեց ձեռքերը եւ մեղմ արտաբերեց.
-Չգիտեմ էլ, թե ինչ ասեմ։ Բայց կարծում եմ՝ վատ է։ Այտերը սմքել են, դեմքի գույնն անառողջ է։ Ախր, ծխում է։ Գլանակ գլանակի հետեւից։ Իսկ դատարկ ստամոքսին դա հավասարազոր է մահվան։
-Իսկ դուք գիտե՞ք, Կիրիլ Յուրեւիչ...
-Վիկտոր Համազասպովիչ,-զրուցակցին ընդհատեց Լավրովը,-դուք կարող եք ինձ միայն անունով դիմել...
-Իսկ ես ուզում եմ ընդգծել, որ գիտեմ հենց ձեր հայրանունը։ Չէ՞ որ ճանաչում էի ձեր հորը։ Բարձր է հնչում՝ «ճանաչում էի»։ Ես ձեր հորը տեսել եմ բեմում։ Դա պատերազմից անմիջապես առաջ էր։ Գործերով Կիեւում էի, որտեղ թնդում էր Յուրի Լավրովի անունը։ Իսկ հետո, երբ դուք փայլուն խաղացիք Կորոլյովի (կամ Բաշկիրցեւի) դերը կինոյում, ես հետաքրքրվեցի եւ իմացա, որ Յուրի Լավրովի որդին եք։
Դրանից հետո առանց այն էլ ջերմ զրույցը ձեռք բերեց, կասեի, մի ինչ-որ հարազատ, մտերմիկ բնույթ։ Բայց խոսակցությունը միայն Սոս Սարգսյանի մասին էր։
-Ես պետք է ասեմ ձեզ, Կիրիլ Յուրեւիչ,- Համբարձումյանը ծիծաղեց եւ դիմեց նրան անունով,- որ մեր ողջ ժողովուրդը շատ է սիրում Սոս Սարգսյանին։
-Իսկ ես գիտեմ, թե ինչու է ձեր ողջ ժողովուրդը սիրում նրան,- ասաց Լավրովը,- համոզված եմ` ոչ միայն ձեր, այլեւ առաջին հերթին ռուս ժողովուրդը եւ ընդհանրապես ողջ խորհրդային ժողովուրդն է սիրում նրան ոչ միայն այն պատճառով, որ պարզապես հանճարեղ արտիստ է։ Սոսը մեծ մարդ է։ Ես հաճախ եմ մտորում այդ մասին եւ կարծես թե պարզել եմ այդ սիրո պատճառները։ Հայտնաբերել եմ նրա հանդեպ սիրո գաղտնիքը բացելու բանալին։ Դա կուլտուրան է։ Նա մարմնացյալ կուլտուրա է, որն արտահայտվում է ոչ միայն շփման ժամանակ, այլեւ ներքուստ, նույնիսկ խորքային մակարդակով։
Այդ երեկո երկար խոսեցինք Սոսի մասին։ Խոսք ասացի եւ ես։ Եւ նույնիսկ քնելուց առաջ, դատարկ ստամոքսով (հացադուլի իններորդ օրն էր) առաջին հերթին իմ հուշատետրում գրի առա Վիկտոր Համբարձումյանի եւ Կիրիլ Լավրովի զրույցը։ Գիտեի, որ ինչ-որ ժամանակ պետք է գալու քսաներորդ դարի այդ երկու ականավոր մարդկանց ոչ միայն հանդիպման նկարագրությունը։ Այլեւ առանձնապես այն, թե ինչ են խոսել ոչ պակաս ականավոր մարդու, մեր ժամանակակցի մասին։
Եւ ահա, կարծում եմ, որ այդ ժամանակը հասել է։ Այն ժամանակ Սոսը վաթսուն տարեկան էր, հիմա՝ ութսուն։ Չկա այլեւս հայ մեծ գիտնականը, չկա ռուս մեծ արտիստը։ Բայց իմ հիշողության մեջ մնացել է այդ հանդիպումը։ Մնացել են խոսքերը Սոս Սարգսյանի մասին։ Սիրո եւ խորին հարգանքի խոսքերը։
Կուլտուրային եւ Սոսին վերաբերող թեմային, որ սկսեց Լավրովը, դեռ կանդրադառնամ։ Կարծում եմ, որ դա այսօր շատ կարեւոր է մեզ համար։ Իսկ առայժմ այն մասին, թե ինչպես մոտավորապես մեկ ամիս այն բանից առաջ, երբ «Արմենիա»-ի անձնակազմը կմեկներ Միջերկրական ծովում գտնվող իր մեկնարկի վայր, վաղ առավոտյան ինձ զանգեց Սոսի կինը։ Նելլիի ձայնից, նույնիսկ շնչառությունից հասկացա, որ լավ բան չի պատահել։ Ցավոք, չսխալվեցի։ Նելլին դժվարությամբ, մի կերպ արտաբերեց. «Սոսը վատ է»։ Եւ արցունքը խեղդած` հավելեց. «Շատ»։ Իսկույն նետվեցի նրանց մոտ։ Հիշեցի, թե ինչպես էի մի վաղ առավոտ էլ վազել անմոռանալի Ջոն Կիրակոսյանի մոտ, նրա որդի Արմանի զանգից հետո։
Ճանապարհին զանգեցի առողջապահության նախարար Արտեմ Քուշկյանին։ Դժվար չէր նրան բացատրել, թե ինչ կարող էր պատահած լինել Սոսի հետ։ Իհարկե, տարիքի հարց էլ կա։ Բայց նա առավոտից երեկո անխնա ավերում է իր թոքերը։ Ոտքից գլուխ թունավորված է նիկոտինով։ Ի դեպ, ոչ միայն նիկոտինով։ Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան հարյուր թունավոր նյութեր, այդ թվում՝ նույնիսկ ռադիոակտիվ պոլոնիում։ Պետք էր նրան շտապ վերակենդանացման բաժին տանել, կաթիլային միացնել՝ մեկը մյուսի հետեւից։ Սոսը, ինչպես հաճախ, հիմա էլ կտրուկ հրաժարվում էր։ Անհնար էր նայել նրան, հողագույն դեմքին։ Այնպես էր կծկվել, որ կարծես չէր կարողանալու ուղղվել։ Խեղդվում էր չոր հազից։ Բայց շարունակում էր հրաժարվել հոսպիտալացումից։ Այլ ելք չունեի, քան, ինչպես ասում են, հավաքել-տանել։ Դա դժվար չէր, որովհետեւ վերջին անքուն շաբաթների ընթացքում ամբողջովին ցամաքել էր։ Եւ առանց դիմադրությանը ուշադրություն դարձնելու, նրան բառացիորեն խցկեցի մեքենա։
Սոսի շուրջ իրար էին անցել բազմաթիվ բժիշկներ ու քույրեր։ Դա արդեն հասցրել էր կազմակերպել առողջապահության նախարարը։ Անհնար էր չնկատել, թե ինչպես էին վերաբերվում հիվանդին։ Քնքշանքով, ինչպես հարազատին։ Հիշեցի Վիկտոր Համբարձումյանին ու Կիրիլ Լավրովին։ Եւ միայն այն ժամանակ, երբ նրա իրոք հողագույն դեմքին վարդագույն երանգներ հայտնվեցին, եւ աչքերի խորքից սկսեց ժպիտ առկայծել, հասկացա, որ փրկված ենք։ Այո՛, մենք ենք փրկված։ Վերցրեցի կախիչից կախված նրա պիջակի գրպանից դուրս ցցված սիգարետի տուփը։ Ճզմեցի ափիս մեջ ու նետեցի աղբամանը։ Ստիպեցի երդվել բոլոր սրբերով, որ այս պահից սկսած թողնելու է ծխելը, հակառակ դեպքում դավաճան է եւ միայն դավաճան։ Առաջ անցնելով՝ ասեմ, որ հիմա ամեն օր զանգում է «Արմենիա» եւ անկեղծորեն խոստովանում, որ չի ծխում։ Վախեցել է «դավաճան» բառից։
Բայց դա իրոք այդպես է։ Մի բան պատահեր՝ կդավաճաներ մեզ բոլորիս։ Այդ օրը դուրս գալով հիվանդանոցից, որտեղ Սոսին բուժեցին այնքան, մինչեւ ինքը վերագտավ ուժերը, անընդհատ մտածում էի. Տե՜ր Աստված, ի՜նչ վառ ու փայլուն անուններ կորցրեց Հայաստանը, ասենք, միայն վերջին կես դարում։ Ինչպիսի հսկաներ։ Եւ բոլորն էլ՝ համաշխարհային մեծության։ Եւ քանի որ ելման կետ եմ ընդունել «վերջին կես դարը», ապա բացառության կարգով միայն մեկ անուն տամ։ Ավետիք Իսահակյան. մահացավ համարյա կես դար առաջ։ Մնացածներին թվարկեմ ոչ թե անուններով, այլ Աստծուց շնորհված իրենց կոչումներով։
Եւ վստահ եմ, մեզանից յուրաքանչյուրն արդեն կհիշի ոչ թե մեկ կոնկրետ անուն, այլ կոնկրետ անուններ. նկարիչ, կոմպոզիտոր, զորահրամանատար, գիտնական, ճարտարապետ, արտիստ, երգիչ, շախմատիստ, պետական գործիչ, մարզիկ, չխոսենք արդեն գիտնականների եւ տեխնիկայի ոլորտի գործիչների մասին, որոնց անունները պետությունը գաղտնի է պահել։ Ցանկը կարելի է շարունակել, բայց ստիպված եմ վերադառնալ առաջին անվանը եւ կրկնել պոետ, պոետ, էլի պոետ, եւս մեկը... Իրոք, մեծ պոետներ շատ կորցրինք։ Թեեւ, քիչ չէին նաեւ թե՛ գիտնականները, թե՛ արտիստները։ Չէ՞ որ դրանք անուններ էին, որոնք հիմքի պես իրենց վրա էին պահում մեր ժողովրդի երջանկությունն ու հեղինակությունը։
Եւ այդ ամենի մասին մտածեցի այն օրը, երբ դուրս էի գալիս հիվանդանոցից, որտեղ բժիշկները փրկում էին մի մարդու կյանք, որն այնքան պետք է մեզ բոլորիս։ Մեր ժողովրդին, մեր մշակույթին։ Չէ՞ որ այն ժամանակ էլ հպարտ էի, երբ ժողովուրդը նշում էր Վիկտոր Համբարձումյանի ութսուներկու տարին։ Երբ Կիրիլ Լավրովն էր տալիս մեր Սոսի գնահատականը, գործածելով ոչ թե պարզապես բառ, այլ «կուլտուրա» տերմինը։ Այդպես էլ ասաց. «Նրա՝ Սոսի մեջ ամեն ինչ գալիս է կուլտուրայից. թե ինչպես է խոսում, ինչպես է լսում, ծիծաղում, վիճում կամ բարկանում։ Ինչպես է պահում իրեն բեմում»։ Բայց չհապաղեց անպայման ավելացնել, թե ինչպես է մտածում Սոս Սարգսյանը՝ բոլորին ու ամեն ինչ հանգեցնելով մշակույթին, այդ թվում՝ նաեւ մարդու եւ մարդկության փրկությունը։
Սոսը երբեք ներքին կուլտուրան չի շփոթում արտաքին փայլի հետ։ Նույնիսկ մարմնավորելով բոլորովին տարբեր կերպարներ, մարդու մեջ ջանում է ընդգծել ամենակարեւորը, ամենափրկարարը՝ մարդկայնությունը։ Լինի դա Մկրտիչը («Եռանկյունի»), Ֆեոֆան Պրոկոպովիչը («Լոմոնոսով»), թե, նույնիսկ, շեքսպիրյան Ջոն արքան։ Դույզն իսկ չանտեսելով հեղինակների մտահղացումը, նա ներսից ընդգծում է աշխարհի սեփական ընկալումը՝ իր հերոսի էության միջոցով։ Այնպես որ, Սոսի առումով խոսքն ավելի շատ կյանքի, այլ ոչ թե խաղի մասին է։
Սոսը, հաճախակի հիշատակելով, որ հայ թատրոնի պատմությունը ձգվում է մինչեւ դարերի խորքը, եւ որ Հայաստանը մեծ դերասանների հայրենիք է, անպայման հավելում էր. «Հենց բուն հայկական արյան մեջ ասես կա մի բան, որը ձգում է դեպի թատրոնը»։ Նա գտնում է, որ ոչ թե մտավորականությունը, այլ հենց ժողովուրդն է ընկալում իր դերասաններին որպես ազգային ոգու մարմնացում։
Ճի՛շտ է ասում նա։ Մի կողմ թողած կեղծ համեստությունը, ասում է նաեւ իր մասին։ Մանավանդ, երբ խոսքը ոգու մասին է։ Ես երջանիկ էի, երբ ղարաբաղյան խառնակ տարիներին համոզվեցի, որ ամենից շատ մեջբերվող մեր հայրենակիցը Գարեգին Նժդեհն է։ Այդ նա էր պնդում, որ ոգին գործուն զենք է։ Եւ երբ մեծ զորահրամանատարն ու փիլիսոփան, կավելացնեի՝ նաեւ հրապարակախոսը, պարզապես պարտավորեցնում էր բոլորիս ոտքի կանգնել եւ պայքարն սկսել սեփական պարտությունը հաղթելուց, ինքն իրեն հաղթահարելուց, մենք հասկացանք, որ մեր ժամանակը եկել է։ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Սոսը շարքերում էր, ինչպեսեւ լեգենդար Սիլվան։
Քչերն են այսօր հիշում, որ սումգայիթցի խեղված փախստականների հոսքը Երեւան լցվելուց արդեն մի քանի օր անց Սոսն իր բնակարանը վերածեց ամենաիսկական շտաբի։ Այն ժամանակ նա ապրում էր Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու։ Ամեն օր, վաղ առավոտից նրա դռան մոտ հերթ էին կանգնում։ Սումգայիթի փախստականները լուռ կուտակվում էին նրա բակում։
Նրա եւ տաղանդավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ այցելեցինք սկզբում Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանին, հետո մեկնեցինք Էջմիածին, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ։ Հաջորդ օրը Էջմիածինը Պետբանկի հաշվին փոխանցեց երկու միլիոն ռուբլի (այն ժամանակ դա փող էր)։ Մի քանի ուսանողներ կամովին սկսեցին աշխատակցել Սոսի շտաբում։ Յուրաքանչյուրի սեղանին համակարգիչ կար։ Գրանցվում էին անունները, անձնագրերի համարները, եւ տրվում էին ստացականներ, որոնք նախապես ուղարկվում էին բանկից։ Դա շարունակվեց մի քանի ամիս։ Շուտով Ֆադեյ Սարգսյանը կարողացավ անել ամենագլխավորը։ Նրա խնդրանքով ԽՍՀՄ տարբեր տարածաշրջաններից մեզ ուղարկեցին ահռելի քանակով ֆիննական տնակներ, որոնք իսկույն ուղարկեցինք Ստեփանակերտ։ Մի քանի անգամ Սոսի եւ Սիլվա Կապուտիկյանի հետ գնացինք Արցախի մայրաքաղաք եւ տեսանք, թե ինչ բուռն աշխատանք է կատարում Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը։ Կարճ ժամկետներում նա կարողացավ քաղաքում կառուցել մի ողջ թաղամաս, որն այդպես էլ կոչվեց՝ Սումգայիթյան։ Եւ այդ ամենի մեջ կար Սոս Սարգսյանի ոգին։ Այն ժամանակ նրա դռան վրա ինչ-որ մեկը կավճով գրել էր Սողոմոնի առակի բառերը Հին կտակարանից. «Ոգուց զուրկ մարդը նույնն է, ինչպես ավերված քաղաքն՝ առանց պատերի»։
Ես բոլորովին չեմ կասկածում, թե Աստծո կամքն էր, որ ճակատագիրս ինձ մերձեցներ Սոսին։ Չափազանց լավ գիտեմ, թե որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին նրա ոգին։ Այդ պատճառով էլ չեմ ուզում, որ նա թուլանա։ Չէ՞ որ վաղուց է ասված, թե աղեղը կոտրվում է լարումից, իսկ ոգին՝ թուլանալուց։ Դրանում մեզ բոլորիս համոզեց ինքը՝ Սոս Սարգսյանը, հանճարեղորեն մարմնավորելով Ձորի Միրոյի եւ Նահապետի կերպարները։
Օրերս նա զանգեց ինձ՝ «Արմենիա» առագաստանավ։ Խոսակցության վերջում, չթաքցնելով ոչ այն է ուրախ տագնապը, ոչ այն է՝ տագնապալից ուրախությունը, ասաց. «Պատկերացնո՞ւմ ես, թեւակոխում եմ իններորդ տասնամյակ»։ Ո՛չ, նրա խոսքում ո՛չ տագնապն էր, ո՛չ էլ, նույնիսկ, կեղծ ուրախությունը։ Հպարտությունն էր։ Ես ձեւացրեցի, թե չեմ լսել նրա վերջին բառերը եւ խնդրեցի, որ կրկնի։ Ճոճվող տախտակամածին կանգնած, ես գլխիցս վեր բարձրացրի բջջային հեռախոսը, որպեսզի օվկիանոսը լսի նրա բառերն այն մասին, որ ոտք է դնում իններորդ տասնամյակ...
Իսկ ինձ մնում է իմ եւ անձնակազմի անունից, որի պատվավոր անդամն է նա դեռեւս «Կիլիկիա»-ի ժամանակներից, հենց բուն «Արմենիա» առագաստանավի անունից ասել ընկերոջս. «Առողջություն քեզ, Սո՛ս։ Ապրիր երկա՛ր։ Չէ՞ որ քո տարիները մեր հարստությունն են»։
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/01/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




