Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Էմմա Շ.-ի և Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Հայկը կազմակերպել ու իր ծանոթուհի Էմմայի միջոցով շորթում է կատարել հանրությանը հեռուստաեթերից ծանոթ անձից:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Էմման Հայկին տեղեկացրել է, որ իրենց ընդհանուր ծանոթ X- ը «ոչ բնական եղանակով սեռական հարաբերություններ ունենալու հակում ունի… Հայկը Էմմային հրահանգել է X-ի հետ ունենալ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն, տեսանկարահանել, այդ նյութը հրապարակելու սպառնալիքով X-ից գումար պահանջել և տալ իրեն»:
Էմման Հայկի հրահանգը կատարել է հետևյալ կերպ. նա «բջջային հեռախոսով տեսագրել է իր ընկերուհի ոմն Ալլայի և X-ի սեռական ակտը, այնուհետև զանգահարել է X-ին ու պահանջել է 600 դոլար՝ սպառնալով՝ չվճարելու դեպքում տեսագրությունը տարածել…»:
Հայկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել շորթում կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 1-ին մասով:
Էմմա Շ.-ին մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:
Երկու ամբաստանյալների նկատմամբ էլ կիրառված է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: