Վաղվա՝ փետրվարի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը մտադիր է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ: Հարցը ներկայացնելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մայրաքաղաքի գլխավոր հատակագծով, կառավարության և քաղաքապետի ավելի վաղ ընդունած որոշումներով նախատեսվում է վերակառուցել և կառուցապատել Գլխավոր պողոտան, ինչի համար և անհրաժեշտ է տարածքի նկատմամբ գերակա հանրային շահի ճանաչումը:
Նշված տարածքում կան հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներ և շինություններ, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են արտակարգ իրավիճակների պատճառ դառնալ: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող հատվածներում նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:
Կառավարությունն իր նախկին որոշումներով նշված տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Եվս մեկ որոշմամբ տարածքների ձեռքբերողներ են ճանաչվել «Ի Էմ Սի» ՓԲ և «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊ ընկերությունները: Օտարման գործընթացի վերջնաժամկետ էր սահմանվել 2015թ. սեպտեմբերի 1-ը, երբ օտարվող սեփականության սեփականատերերին էր պետք ուղարկել օտարման պայմանագրերի նախագծերը: «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն գրավոր հայտնել է, որ տարածքում եղած մեծածավալ ինքնակամ շինությունների և գույքի նկատմամբ հավակնություն ունեցող անձանց շրջանակի անորոշության պատճառով չի կարողացել նրանց մի մասի հետ պայմանագիր կնքել:
Երևանի գլխավոր հատակագծով Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է ստեղծել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և կորսված ու քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում իրագործել քաղաքաշինական գեղագիտական յուրօրինակ մի նախագիծ:
Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության ոլորտ: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են, որտեղ ամեն մի կառույցը ուրույն երանգ է հաղորդում փողոցների ճարտարապետագեղագիտական ձևավորմանը և ցուցադրանքի արտահայտչականությանը:
Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվելու է այդ փողացներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը: