Քաղաքական վարչակարգերի փոփոխությունն ու ժողովրդավարության ապրած էվոլուցիան ուսումնասիրելու արդյունքում առաջ է գալիս քաղաքական վարչակարգի ևս մեկ դաս՝ երրորդը, որին պատկանող պետությունները հնարավորինս քիչ գործոններով են բավարարում ժողովրդավարություն համարվելու պահանջները, սակայն հստակորեն տարանջատվում են ավտորիտար քաղաքական վարչակարգերից:
Պետք է տարանջատել էլեկտորալ ժողովրդավարությունները և այն էլեկտորալ քաղաքական վարչակարգերը, որոնք ունեն բազմաթիվ քաղաքական կուսակցություններ և օժտված են էլեկտորալ ժողովրդավարության համար անհրաժեշտ շատ ու շատ այլ սահմանադրական առանձնահատկություններով և, այնուամենայնիվ, զուրկ են մեկ առանցքային գործոնից, խոսքը արդար մրցակցային պայմանների մասին է, որոնց միջոցով իշխող կուսակցությունը կարող է փոխարինվել: Խուան Լինզը, Սեյմուր Մարթին Լիփսեթը և Լերի Դայմոնդը վերը հիշատակված քաղաքական վարչակարգն անվանում են կեղծ ժողովրդավարություն, քանի որ ձևականորեն ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների առկայությունը, ինչպիսին է քաղաքական կուսակցությունների միջև առկա նախընտրական մրցակցությունը, քողարկում է իրական ավտորիտար իշխանությունը:
Կեծ ժողովրդավարությունները ևս տարբերվում են միմյանցից: Դրանք կարող են լինել կիսաժողովրդավարություններ, որոնք առավել մոտ են էլեկտորալ ժողովրդավարություններին իրենցում առկա պլյուրալիզմով և մրցակցությունով, կամ, ինչպես Ջիովանի Սարտորին է առանձնացնում, հեգեմոն քաղաքական համակարգերով, որի պայմաններում որոշակիորեն ինստիտուցիոնալացված իշխող կուսակցությունն առավելագույնս դիմում է հարկադրանքի, հովանավորչության, մեդիա դաշտըվերահսկողության տակ առնելու հնարքին, ինչպես նաև իշխանության համար մղվող պայքարում զրկում ըստ էության լեգալ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին արդար և մրցակցային ընտրությունների մասնակցելու հնարավորությունից: Վերջինիս առկայության դեպքում իշխող կուսակցությունը կանոնավոր կերպով հաղթում է ընտրություններում և օրենսդիր և գործադիր մարմիններում զգալի պաշտոններ զբաղեցնում: Հիշատակվածն առկա է եղել Մեքսիկայում մինչև 1988 թվականը, ինչպես նաև Սենեգալում և Սինգապուրում:
Իրենց կիրառելիությամբ կեղծ ժողովրդավարությունները դուրս են գալիս նման հեգեմոն կուսակցական ռեժիմների տրամաբանությունից՝ ընդգրկելով բազմակուսակցական ընտրական համակարգեր, որոնցում իշխող կուսակցության ոչ ժողովրդավար իշխանությունը կարող է թույլ և վիճարկելի լինել (օրինակը՝ Քենիա) կամ գտնվել էլ ավելի մրցակցային համակարգի մասնատվելու գործընթացում (օրինակը՝ Մեքսիկա) կամ էլ չափազանց անձնականացված լինել և բնավ ինստիտուցիոնալացված չլինել (օրինակը՝ Ղազախստան):
Կեղծ ժողովրդավարական պետությունները տարբերվում են ոչ ժողովրդավարականներից նրանով, որ վերջիններումս առկա են լինում օրինական այլընտրանքային քաղաքական կուսակցություններ, որոնք նվազագույնը որոշակիորեն իրական և անկախ ընդդիմություն են դառնում իշխող կուսակցության համար: Այս հանդուրժողականությունն ուղեկցվում է քաղաքացիական հասարակությունում առկա կազմակերպությունների բազմազանությամբ և դիսիդենտական գործունեությամբ, ինչն անհնար է ասել ռեպրեսիվ ավտորիտար քաղաքական վարչակարգերի մասին:
Ինչ խոսք, կեղծ ժողովրդավարությունները ոչ ազատական ժողովրդավարություններ են, սակայն տարբերվում են իրենց ռեպրեսիվությամբ և նվազագույն պահանջներին համապատասխանելով հակվում են էլեկտորալ ժողովրդավարությանը:
Ամբողջացնելով կարելի է արձանագրել, որ կեղծ ժողովրդավարություններում, ի տարբերություն այլ ավտորիտար քաղաքական վարչակարգերի, ազատությունները հակված են լինել որոշակիորեն բարձր մակարդակի վրա:
Ժողովրդավարության զարգացման հարցում մեծ է լեգալ ընդդիմադիր կուսակցությունների առկայության դերը, որոնք ունակ են մրցել իշխանության համար և խորհրդարանում որոշակի տեղեր զբաղեցնել, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ընձեռնված լայն հնարավորությունները:
Մեքսիկայում, Հորդանանում, Մարոկկոյում և Հարավային Աֆրիկայի մի քանի պետություններում, որտեղ նախկին միակուսակցական բռնապետությունները կեղծարարությունների միջոցով նոր ընտրություններ անկացրին, ժողովրդավարության այդ բաղկացուցիչն ընդլայնեց քաղաքականության մեջ հնարավորիսահմանները, որոնք կարող են էլեկտորալ ժողովրդավարության մեջ բեկումնային լինել, ինչպես 1996 թականին պատահեց Գանայում: Մի շարք Աֆրիկյան պետություններում, որոնք առավելապես կամ նվազագույնն էին բավարարում էլեկտորալ ժողովրդավարության պահանջները, խորհրդարանի օրեցօր աճող ինքնավստահության, սահմանադրականության նորացված շեշտադրումների և քաղաքացիական հասարակության նախաձեռնողականության շնորհիվ հնարավոր եղավ խթանել հաշվետվողականությունը, օպերատիվությունը և մարդու իրավունքները, որոնք էլ հանգեցնում են ավտորիտար քաղաքական վարչակարգերի նահանջին: Չիլիի, Վենեսուելայի և Կոստա Ռիկայի սահմանափակ ժողովրդավարությունները, որոնք բնորոշվում էին էլիտայի իշխանությամբ, ժամանակի ընթացքում շատ ավելի ժողովրդավար դարձան, երբ հասարակական կազմակերպությունները և կարող միջին խավի քաղաքական կուսակցությունները միավորվեցին միևնույն նպատակի շուրջ:
Այստեղ առաջանում է ավտորիտար քաղաքական վարչակարգերի չորրորդ՝ մնացորդային կատեգորիան, որում տեղ գտած պետությունները տարբերվում են ընդունված ազատությունների մակարդակներով և կարող են անցկացնել բավականին մրցակցային ընտրություններ: Վերջիններս կարող են իրենց թույլ տալ ունենալ քաղաքացիական հասարակություն, դատական բավականին սահմանմափակ ինանքավարություն, սակայն կարող են նաև չափազանց փակ և ռեպրեսիվ լինել, անգամ ամբողջատիրական: Ավտորիտար քաղաքական վարչակարգի հիշատակված կատեգորիայի մաս կազմող պետություններում բացակայում է ժողովրդավարության հաստատման հարցում չափազանց մեծ նշանակություն ունեցող հիմնաքարը, այն է՝ լեգալ, անկախ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները: Աշխարհին հայտնի բոլոր պետությունները, որոնցում առկա է ռեպրեսիվ քաղաքական վարչակարգ, ընդգրկվում են այս կատեգորիայում:
Ժողովրդավարության աստիճանը կարող է զգալիորեն տարբերվել կախված կոնկրետ ոլորտից կամ ինստիտուցիոնալ ասպարեզից:
Լուսինե Առաքելյան