Iravaban.net–ը գրում է.
Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում, այն է՝ ԱԳԼՃԿ-ներում ավտոգազավառելիքի առևտրի ժամանակ մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման համար նախատեսված կանոնները ամրագրված են ՀՀ կառավարության Ν 1101-Ն որոշմամբ: Վերոնշյալ որոշման 91-րդ կետի համաձայն սահմանվում է. «Ավտոտրանսպորտի և այլ տրանսպորտային միջոցների լիցքավորման կարգն ԱԳԼՃԿ-ում որոշվում է ԱԳԼՃԿ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից: Բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումը պետք է կատարվի միայն լիցքավորման աշտարակների միջոցով: Ամեն մի գազալիցքավորման աշտարակ պետք է ունենա ավտոտրանսպորտային միջոցի վարորդի գործողությունների հրահանգ: Այն պետք է հստակ կարդացվի օրվա բոլոր ժամերին: Բնական գազի կոմպրեսացված վառելիքով լիցքավորման համար վարորդը պետք է ԱԳԼՃԿ ներկայացնի գազագլանոթային համակարգի ընդունված կարգով տրված փաստաթուղթ: Գլանոթ լիցքավորված գազի քանակը պետք է որոշվի սարքավորումներով` հաշվիչներով: Արգելվում է բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորումը` ԱԳԼՃԿ-ում անսարքությունների առկայության դեպքում, որոնք կարող են վթարի պատճառ լինել, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վթարային իրավիճակի դեպքում: Ավտոմեքենաների գազագլանոթային համակարգում գազի արտահոսքի առկայության դեպքում պետք է դադարեցնել լիցքավորումը և միջոցներ ձեռնարկել` վթարի վերացման պլանի համաձայն: ԱԳԼՃԿ-ում արգելվում է լիցքավորումը կայծակի և մթնոլորտային լիցքաթափումների վտանգի ժամանակ»: