Անմտություն է որևէ բանի համար մեծամտանալը: Անմտություն է տաղանդով պարծենալը, որովհետև այն տրված է լինում, ինչպես մազերի, մաշկի և աչքերի գույնը, ինչպես խառնվածքը: Բացի այդ՝ ամեն մարդ մեծ է իր տեղում: Համենայն դեպս, կարող է այդպիսին լինել: Սխալն այն է, որ մարդկանց մեծ մասին թվում է, թե կան մեծ ու փոքր գործեր, որոնցով վճռված է մեծ ու փոքր լինելը: Քաղաքակրթության իմաստն էլ այն է, որ ամեն աշխատանք, ամեն զբաղմունք իր կարևորությունն ունի:
Մարդն ամեն րոպե կարող է անօգնական մնալ իր մեծ հաջողության, հռչակի, նվաճումների և իրագործված երազանքների հետ: Ո՞ւմ է պետք հանճարեղ գյուտը, եթե դռան փականը փչացել է, և մարդը տանից դուրս գալ չի կարող: Երբ վերելակը խափանվում է, ճիշտ պահին հայտնված վերելակավարը դառնում է աշխարհի կարևորագույն մարդը: Երբ սիրտը դավաճանում է, շտսպօգնության բժիշկը աստծո տեղապահն է: Երբ մի տեղից ուշանում ես, տաքսու վարորդը փրկիչ է: Եթե տպագրատան բանվորը խռովեր գրողի մեծամտությունից, գրողն ան-գիր ու անգիրք կմնար:
Նայիր շուրջդ՝ մի՞թե յուրաքանչյուրը և բոլորը անփոխարինելի չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել