Ինքնաճաչումը՝ անհատի ձևավորման առաջին քայլերից է: Այդպես մարդը հաստատում է ինքնությունն ու տեղն արևի տակ: Եթե ինքնաճանաչման լեզուն ֆրանսերենն է, ապա անհատն իրեն ֆրանսիացի է համարում, իսկ հայրենիքը՝ Ֆրանսիան: Այլ կերպ ասած՝ հայերենի հայրենիքը հայերի հայրենիքն է: 88-ի փետրվարյան զարթոնքից առաջ հայերենն անտեսված էր, հաճախ արհամարհված: Պետական շատ հիմնարկներում պաշտոնական գրագրությունը հայերեն չէր: Հասարակական բարձր դիրք ունեցողների զավակները հայկական դպրոց չէին հաճախում: Հայերենը վերածվել էր գավառական լեզվի և ուներ երկրորդական նշանակություն: Անկախությունից հետո վերականգնվեցին հայերենի իրավունքները: Աստծո շնորհած ինքնության 36 սյուները կանգնեցին ազգային շենքի կառուցման ծանրության տակ: Սակայն 28 տարի անց էլ դեռ կան ժառանգությունից փախչողներ, որոնք գերադասում են խոսել, մտածել ու կրթել ոչ հայերենով: Բայց չէ՞ որ ոչ հայերենով ձևավորվող անհատն անտարբեր է հասարակական խնդիրների հանդեպ, արհամարհում է ազգային ձեռքբերումները և այլ վայրում է փնտրում մշակութային հայրենիքը: Ինչ-որ կերպ հասկանալի է, որ պետությունը ինչ-ինչ պատճառներով՝ բավարար հոգատարություն չի ցուցաբերում անապահով քաղաքացիների նկատմամբ, սակայն հայոց լեզվի հանդեպ հասարակական արհամարհանքը ոչ մի արդարացում չունի: Այսօր՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ, շնորհավորում եմ բոլոր հայերին: Արժանի լինենք Աստվածային պարգևին, հավատարիմ մնանք մաշտոցյան 36 քաջերին, որոնց մեծ հաղթանակները դեռ գալու են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել