Երբ զանգահարում եմ ատամնաբույժիս այցելություն գրանցելու համար և, վերջինս ասում է, որ առաջիկա շաբաթն ազատ ժամ չունի, հավատում եմ։
Նա լուրջ մասնագետ է։ Բայց, երբ ինձ են առաջարկում մասնակցել որևէ համաժողովի, կլոր սեղանի, հանձնաժողովի կազմում գտնվել, որևէ թեմայի շուրջ էսսե գրել, և նրանց ասում եմ, որ ժամանակ չունեմ, ինձ, չգիտես ինչու, չեն հավատում։ «Դե լա՜վ, Պրոֆեսո՛ր,-ասում են,- ժամանակն ինչ է, որ Ձեզ նման մարդը չգտնի։ Հավանաբար մեզ՝ հումանիտար մասնագիտություն ունեցողներիս, որպես լուրջ մասնագետներ չեն ընկալում, մենք համարվում ենք ժամանակ վատնողներ։
Ես հաշվել եմ և կոչ եմ անում նմանատիպ մասնագիտություն ունեցող գործընկերներիս ևս հաշվել ու ինձ ասել՝ ճիշտ եմ ասում, թե ոչ։ Նահանջ տարին ունի 8760 ժամ։ Այստեղից ութ ժամը գնում է քնի վրա, մեկ ժամ զարթուցիչն անջատելու և հարդարվելու, կես ժամ հանվելու, հանքային ջուրը գիշերասեղանին դնելու և ամենաքիչը երկու ժամ ուտելու համար։ Կազմեց 4170 ժամը։ Երկու ժամ քաղաքում մի տեղից մյուսը տեղափոխվելու համար, եղավ 730 ժամ։
Շաբաթական ունենալով երկու ժամ տևողությամբ երեք դասախոսություն և մեկ ետկեսօր ուսանողների ընդունելության համար, համալսարանը քսան շաբաթում ինձնից խլում է մոտավորապես 220 ժամ գործնական դասընթաց, որին ավելանում է 24 ժամ քննություն, 12 ժամ թեզերի խորհրդատվություն և 78 ժամ տարբեր գիտական խորհուրդներին ու ժողովներին մասնակցելու համար։ Տարեկան միջինում համարենք, որ ունեմ 350 էջանոց հինգ թեզ, որոնց յուրաքանչյուր էջը ամենաքիչը երկու անգամ կարդում եմ խմբագրելուց առաջ և հետո՝ միջինում էջի վրա ծախսելով 3 րոպե․ արդեն կազմեց 175 ժամ։ Հաշվի առնելով, որ գործնական դասընթացների գրավորներից շատերը ստուգում են հիմնականում իմ գործընկերները, կսահմանափակվեմ ամեն քննաշրջանում չորս քննական գրավոր հաշվելով, որից յուրաքանչուրը երեսուն էջ է, ամեն էջի ընթերցանության և քննարկման վրա ծախսում եմ հինգ րոպե, ուրեմն արեց 60։ Իմ սեփական ուսումնասիրությունը մի կողմ դրած՝ արդեն 1465 ժամ կա։
Ես ղեկավարում եմ VS նշանագիտական ամսագիրը, որը լույս է տեսնում տարեկան երեք անգամ և միջինում ունենում է 300 էջ։ Մի կողմ դնելով ձեռագրերը, սևագրությունները, որոնց յուրաքանչյուր էջի վրա (գնահատում, վերընթերցում ) ծախսվում է 10 րոպե, արդեն արեց 50 ժամ։ Ես զբաղվում են իմ սեփական գիտական հետազոտություններով և մշակում եմ պարբերաբար լույս տեսնող իմ աշխատությունները, այսպիսով հաշվելով տարեկան վեց գիրք, որն ունի 1800 էջ, յուրաքանչյուր էջի վրա ծախսելով 10 րոպե, արդեն եղավ 300 ժամ։ Գրածս տեքստերի, էսսեների, գրքերի, հոդվածների, համաժողովներում ելույթների թարգմանությունների մեջ կան լեզուներ, որոնք կարող եմ ստուգել և ուստի տարեկան նայում եմ միջինում 1500 էջ, որոնց վրա ծախսում եմ 20 րոպե (ընթերցում, բնագրի հետ համեմատում, թարգմանչի հետ քննարկում հեռախոսով կամ նամակագրությամբ), արդյունքում եղավ 500 ժամ։ Այս ամենից բացի կան իմ սեփական ստեղծագործությունները։ Եթե անգամ համարենք, թե գիրք չեմ գրում, ապա միայն էսսեները, համաժողովներում արված ելույթներս, ամփոփագրերը, դասախոսություններիս նոթերն արդեն իսկ կազմում են 300 էջ։ Թեմայի մասին մտածելու, նշումներ անելու, տեքստը համակարգչով հավաքելու, ուղղելու մեկ էջի վրա գնում է ամենաքիչը մեկ ժամ, այսինքն՝ ընհամնենը 300 ժամ։ Ինչ վերաբերում է Միներվայի տուփին [1] , եթե լավատեսորեն դիտարկենք,ապա թեմատիկ դաշտը որոնելու, գրառումներ կատարելու, որևէ գիրք այդ թեմայով թերթելու, գրելու, համապատասխան ձևաչափով կրճատելու, ուղարկելու կամ այն թելադրելու վրա ծախսվում է 3 ժամ։ Այս բոլորը բազմպատկելով 52 շաբաթով ( արտահերթ և բացառիկ հոդվածները չեմ հաշվում) ստացվում է 156 ժամ։ Վերջապես նամակագրությունը, որից ոչ մի կերպ չեմ կարողանում գլուխս ազատել, շաբաթական ինձանից խլում է շաբաթական 3 առավոտ՝ ժամը իննից մինչև ժամը մեկը և կազմում է 624 ժամ։
Հաշվել եմ, որ 1987 թվականին, ընդունելով առաջարկների միայն տասը տոկոսը և սահմանափակվելով միայն մասնակցել նեղ մասնագիտական համաժողովներին, իմ և գործընկերներիս կողմից գրված աշխատանքների շնորհանդեսներին, պարտադիր ներկայություններին (ակադեմիական միջոցառումներ, նախարարությունների կազմակերպած ժողովներ), ստացվել է 372 արդյունավետ ներկայություն ( չեմ հաշվում մեռցրած ժամանակը)։ Հաշվի առնելով, որ այս գործերիս մեծ մասը տեղի է ունեցել արտասահմանում, հաշվարկել եմ ծախսված 323 ժամ մի քաղաքից մյուսը տեղափոխվելու համար։ Հաշվարկս ներառում է, որ Միլան- Հռոմ ճամփորդությունը տևում է չորս ժամ։ Մինչև տաքսիով գնում եմ օդանավակայան, սպասում եմ, Հռոմում տաքսի եմ նստում, տեղավորվում եմ հյուրանոցում, գնում եմ ժողովի վայրը և, վերջապես, երթուղու ժամանակը։ Իսկ Նյու Յորք ճամփորդությունը տևում է 12 ժամ։
Այս ամբողջն այսպիսով կազմում է 8094 ժամ։ Հանե՛ք այս թիվը տարվա մեջ առկա 8760 ժամից, մնում է 666 ժամ , որը նշանակում է, որ օրական մեկ ժամ քառասունինը րոպեում պետք է հասցնեմ նվիրել սեռական հարաբերություններին, ընկերների և հարազատների հետ հանդիպմանը, թաղումներին, բժշկական խնամքին, գնումներին, սպորտին և ներկայացումներին։ Ինչպես տեսնում եք, չեմ հաշվարկել հրատարակված նյութերի ընթերցումը ( գրքեր, հոդվածներ, շարժանկարներ)։ Ընդունելով, որ ընթերցանությանս ցանկությանը հագուրդ եմ տվել ճամփորդությունների 323 ժամերի ընթացքում, ամեն էջին տրամադրելով 5 րոպե ( մաքուր և հասարակ ընթերցանություն և ծանոթագրություններ), հնարավորություն եմ ունեցել ընթերցելու 3873 էջ, որը համապատասխանում է 300 էջանոց 12,92 գրքի։ Բա ծխե՞լս։ Օրական 60 ծխախոտ եմ ծխում, մինչև տուփը գտնում եմ, գլանակը վառում եմ, հետո հանգցնում եմ, ապա յուրաքանչյուրի վրա ծախսում եմ կես րոպե՝ ընդհանուր առմամբ ծախսելով 182 ժամ։ Արդյունքում՝ այլևս ժամ չմնաց։ Ուրեմն ստիպված եմ ծխելը թողնել։
[1]Խոսքը գնում է Էսպրեսսո թերթում 1985 թ-ի մարտ ամսից առ այսօր հրատարակվող ՈՒմբերտո Էկոյի սյունակի մասին՝Միներվայի տուփը խորագրով։
Թարգմանությունը իտալերենից` Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի