Հասարակության տարբեր խմբերին հատկացվող նպաստը երբեմն ընդհանրապես չի հասնում հասցեատերերին, երբեմն էլ հասնում է ոչ ամբողջությամբ: Եվ, առհասարակ, այս ճանապարհին մի շարք խնդիրներ են առաջանում, որոնց մասին նպաստառու խավը թեև բարձրաձայնում է առանձին զրույցներում, սակայն քչերն են շտապում դիմել պատկան մարմիններին:
Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում, երբ սոցիալական ապահովության գործակալությունները կառավարությանն են ներկայացրել իրենց աշխատանքները, «ջրի երես են հանել» մի շարք խնդիրներ: Հարցը հասել է Կառավարության նիստի օրակարգ:
Որոշվել է հանձնարարել բոլոր մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`հսկողության տակ վերցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը:
Կարևորվել է տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման ապահովումը, սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում ձևավորված համակարգող խորհուրդների գործունեության մշտադիտարկումը:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ աջակցության խորհուրդները, կարծես, ֆորմալ բնույթ են կրել. «Պատկան մարմիններին հանձնարարել եմ՝ ուշադրություն դարձնեն գումարի բաշխման անաչառությանը և արդյունավետությանը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Կառավարության աշխատակազմը, տարածքային կառավարման նախարարն ու արտակարգ իրավիճակների նախարարը պետք է ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը, որպեսզի հատկացված գումարները հասնեն այն մարդկանց, ովքեր ունեն դրանց կարիքը: