Դեկտեմբերին 97 տարեկան հասակում մահացավ Ալբերտ Հիրշմանը (Albert O. Hirschman), որը հայտնի է 1970թ. իր հեղինակած «Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն» (Exit, Voice, and Loyalty) աշխատությամբ:
Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում է տեղի ունենում, մարդիկ դրան արձագանքում են կա՛մ երես թեքելով ու հեռանալով, կա՛մ դրա մասին բարձրաձայնելով ու պայքարելով՝ նպատակ ունենալով իրավիճակը փոխել: Իհարկե, այս երկու տարբերակների ընտրության հարցում որոշիչ է կոնկրետ իրավիճակի նկատմամբ հավատարմության գործոնը:
Հիրշմանն ասում է, որ այս մոտեցումը հավասարապես կիրառելի է և՛ սովորական սպառողական մթնոլորտում, և՛ մեծ ու փոքր կազմակերպություններում, և՛ հատկապես պետություններում: Եթե սպառողը դժգոհ է իր օգտագործած ապրանքների որակի կամ ինչ-որ խանութի ծառայությունների վատացումից, նա կա՛մ համազոր այլ ապրանք է գնում, կա՛մ այլ տեղ է գնումը կատարում, կա՛մ, եթե հավատարմություն ունի ապրանքի կամ խանութի նկատմամբ, բողոքում է և փորձում իրավիճակը փոխել:
Եթե ինչ-որ ընկերությունում աշխատողները տեսնում են իրավիճակի ու մթնոլորտի վատացում, նրանք կա՛մ դուրս են գալիս աշխատանքից, կա՛մ բողոքում են ղեկավարությանը և փորձում շտկել իրավիճակը:
Նմանապես, երբ մարդիկ դժգոհ են լինում երկրում առկա վիճակից, կա՛մ պայքարում են այն փոխելու համար, կա՛մ լքում երկիրը: Նրանք, ովքեր լքելու հնարավորություն չունեն, ամբողջական անտարբերություն են ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ:
Հաշվի առնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը, արտագաղթի տեմպը և նախագահական մոտալուտ ընտրությունները` Հիրշմանի աշխատությունը անհավատալիորեն արդիական է մեզ համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/539016186109576
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել