Էստեղ մուրացկանների մասին է:
Ամեն օր շփվում եմ 3-4 մուրացկանի հետ: Ամեն օր հանդիպում են: Մի բարի խոսք ասում, մի երկու կոպեկ ստանում կամ չէ ու գնում են:
Մեկը էն տեսակն է, որ ավտոմեքենաներ է հսկում փողոցում կամ սուպերմարկետի մոտ իր ծառայությունն է առաջարկում, որ տոպրակները տանի մինչև մեքենան: Բոլոր 10 մատներն էլ կտրված են: Ալբինա է անունը: Ժամանակին դաշնակահար է եղել: Էդպես է ասում: Գալիս է, ընտրում թանկ ու որակով շորեր ու կամաց, մի քանի օրում մարում պարտքերը: Սրանով է ուրախանում: Երբեմն էլ մեզ նվերներ է անում: Մի նասկի, մի ձեռնոց ձեռը հայտնվում է: Սառած, շաղ եկած մազերով, բայց բարի ու միշտ մանկամիտ ժպիտով: Եթե ասենք՝ մուրացկանություն չանի, դժվարանում եմ ասել, թե ինչ վիճակում կլինի: Քույրը իր հույսին է ու հոգեկան հիվանդ: Վստահ կարող եմ ասել, որ կյանքում իրեն գտած, կայացած մուրացկան մարդ է:
Էն մեկի մասին մի երկու տարի առաջ գրել եմ: Նունիկն է: Էլի բարի ժպիտով, «յա ու մամի դուռոչիա» պոչիկներով, մոտ 40 տարեկան մի աղջնակ: Իր օրվա հացն է վաստակում ու մի քիչ էլ ետ գցում: Նոր տարվա, ծննդյան օրվա ու ձմեռվա փայտի համար: Հիվանդության թոշակը կոպեկներ է: Դրա հույսով միայն մեռնել կարելի է: Ապրելու համար, պարոնայք, ուրիշ թվեր են պետք:
Ես, անկեղծ ասեմ, համակրում եմ իրենց: Ու ինչ-որ տեղ պատասխանատու եմ զգում իրենց համար:
Ահա Չապլինի նամակից մի հատված հիշեցի աղջկան`Ջերալդինային. «Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտե՞ս, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն. մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է»: Նամակը ամբողջությամբ էստեղ ու շատ նկարներ:
Հ.Գ. Բայց ահավոր չեմ սիրում, երբ տներով ման են գալիս ու անհանգստացնում, երբեմն արթնացնում հիվանդներին ու երեխեքին:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/550383.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել