Օրերս տեղի է ունեցել ԵԱՏՄ Խորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվել է ԵՏՄ գազի միասնական շուկայի ձևավորման հայեցակարգը, ըստ որի մինչև 2018 թ.-ի հունվարի 1-ը պետք է մշակվեն գազի միասնական շուկայի ձևավորման ծրագրերը և ոչ ուշ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը միասնական շուկայի գաղափարը պետք է ուժի կոչվի: Վերջին իրադարձություններից կարելի է փաստել, որ ըստ էության ՀՀ Կառավարությունը բնական գազի մատակարարման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար երկու «ճակատով» է աշխատում Ռուսաստանի հետ:
Առաջին ճակատով, փորձում է ըստ բնական գազի մատակարարման գործող պայմանագրի նվազեցնել մատակարարվող գազի գինը, բացի այդ, ՀՀ Կառավարությունը կասկածի է ենթարկում «Գազպրոմ-Հայաստանի» գնագոյացման մեխանիզմները:
Հաջորդ ուղղությունը ենթադրում է՝ բնական գազի մատակարարման դիմաց դոլարի փոխարեն, վճարումները իրականացնել ռուսական ռուբլով, որի արդյունքում, Հայաստանի ֆինանսական վնասները կկրճատվեն: Գազի միասնական շուկայի ստեղծումը և ազգային արժույթներով գործարքների իրականացումը դրական քայլ է, մեր երկրի տնտեսության համար, սակայն ժամանակային առումով, դա երկարատև ժամանակ է պահանջում և բացի այդ, անորոշությունները շատ են:
Վերջինս հաշվի առնելով պետք է շարունակել ճնշում գործադրել մեր ռազմավարական գործընկերոջ վրա՝ գազի գնի իջեցման և վճարումների ռուբլով իրականացման հարցերով: Ինչպես նաև, ուսումնասիրել իրանական գազի ներմուծման նոր տարբերակներ, որը թույլ կտա ազատվել ռուսական կախվածությունից: