Նա էլ էր մեկը բոլոր անհամարներից ու առանձնահատուկը ոչ մի առանձնահատկությամբ... Նա էլ էր ճակատագրի արևին ձգտում, թեև փոքր էր ու թեև անօգնական... Ու մտքերն անգամ ցրտահար էին նրա...
Ու քամին դանդաղ օրորում էր թերթիկները նրա, ու թեպետ նա դողում էր անդուր ու սառը շնչից, բայց երջանիկ էր... Երջանիկ էր ուղղակի, որ կա...
Ձմեռ էր, ու ամեն կենդանի շունչ բավարարվում էր ուղղակի շնչելով ու... Ու ձմեռ էր. մահացու նինջը աշխարհ էր պատել... Կործանված էր ամեն ձգտում ու կարծրացած ամեն դառը վիշտ...
Գարունը վախենում էր անգամ շունչ փչել ու ամեն հոգում սառը ձմեռ էր ու ամեն հոգում սառույց էր կարծես... Ոչ մի երկրային շունչ ունակ չէր արցունքներ դառնալու, ոչ մի երկրային ուժ ունակ չէր ձմեռը խորտակելու... Ամենը սառն էր ու անօթևան...
Ու մեկ էլ հանկարծակի, միանգամից, շեշտակի հողը ճեղքեր տվեց... Ճեղքվեց ձյունն անգամ ու ցնցում ապրեց... Ու թե աշխարհը հրեշ կսպասեր, նրան դեմ ելավ մի փոքր ծաղիկ, լոկ մի ձնծաղիկ, որ թեև փոքր էր ու անօգնական, բայց հստակ գիտեր իր նպատակը... Արև էր ուզում, ձգտում արևին ու իր ձեռքերը` արնոտ, ցրտահար, նա վեր էր ձգում ու ձգտում առաջ...
Ցրտահար էին ձեռքերը նրա ու իր հողմավար թավշյա թերթերով ձգտում էր նա հենց այն արևին, որ լուսավորում, բայց չէր տաքացնում նրա նմանին... Նրան, ով մեկն էր բոլորից ու առանձնահատուկը ոչ մի առանձնահատկությամբ... Նա արմատներով կառչել էր հողից, զուր աղաչում էր իրեն չպոկել...
Ու թեև փոքր էր ու անօգտակար, բայց նա էր... Նա էր այն առաջինը, որ ձյունը ճեղքեց... Նա էր այն առաջինը, ում տաք շունչը գոլորշի դարձավ ու ձգտեց արև... Նա առաջինն էր իր տեսքով ու գոյությամբ... Ուղղակի առաջինն էր... Առանց «եթե»-ների ու առանց «բայց»-երի նա առաջինն էր... Ու թեև ցավով, թեև արնոտ ու ցրտահար նա գարուն բերեց... Բերեց, որ ցամաք հոգիները խոնավանան ու ցրտահարները տաքանան... Նա ազդարարեց սկիզբ իր մի բուռ գոյությամբ, իր աննկատ զորությամբ, իր լռությամբ, որը կարող էր աշխարհներ ցնցել...
Գարուն բերեց, ու բոլորը տառապեցին գարնանացավով բացի նրանից... Գուցե այն բանից, որ նա էր միակը ու առաջինը... Նա էր...
Ու շատերը կմոռանան նրան` առաջինին...
Գարունը կանցնի... Մեծ ու հոտավետ գլխիկներով ծաղիկները ևս կաճեն... Ու բոլորը կմոռանան առաջինի մասին... Նա կմնա ներքևում ու չի ստիպի իրեն նկատել... Նա կմնա ծաղկի սրահներում ու չի վաճառվի, թեպետ նա էր միակը` ձյուների մեջ ու առաջինը` իր տեսակով...
Ու նա չորացավ գուցե այն պատճառով, որ փոքր էր ու անօգտակար...
Էլի մեռնող ձմեռներ կլինեն, ու անցած տարվա «առաջինը» էլի պայքար կսկսի նախ ինքն իր դեմ, հետո ուրիշի... Ու էլի մի միտք էր, որ մղում էր առաջ.
«Ես թեպետ փոքր եմ ու անօգտակար, թեև ես` անօգնական ու ոչ առանձնահատուկ... Բայցևայնպես էլի գարուն կծնեմ իմ մանր թևերով ու արևը կձգեմ իմ կողմ... Էլի գարուն կգա, ու ցամաք հոգիները կտառապեն գարնանացավով... Հաստատ գարուն կգա... Դիմացիր...»:
Alisa Khachatryan
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=482347621808567&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել