1924թ. այս օրը Թիֆլիսում ծնվել է 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովը:
Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։
Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945թ. ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։
Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973թ. դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրաինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան՝ նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
Երկար տարիներ Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ականներին նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել է քաղցկեղից 1990 թվականի հուլիսին Երևանում: 2010թ. Հոլիվուդում ստեղծվեց Փարաջանով-Վարդանով ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/4060324717245
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել