Քաղաքացիական հասարակության առկայությունը ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչներից է, որի կայացման հարցում մեծ է քաղաքական կյանքում քաղաքացիների ներգրավվածության աստիճանը:
Մարդիկ իրացնում են քաղաքական մասնակցության իրենց իրավունքը ելնելով ամենատարբեր շարժառիթներից: Քաղաքական կյանքի մաս դառնալու ցանկությունը կարող է պայմանավորված լինել որևէ իրադարձությամբ, որը բեկումնային նշանակություն է ունեցել մարդու կյանքում: Քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու մարդու ցանկությունը պայմանավորված է սոցիալիզացիայով, տվյալ մարդու կյանքում պատահած որևէ իրադարձությամբ և քաղաքականության վերաբերյալ վերջինիս ունեցած վերաբեմունքով: Ոմանք քաղաքական կյանքին մասնակցում են ուժեղ քաղաքացիական պարտքի զգացում ունենալու, ինչպես նաև այն համոզման պատճառով, համաձայն որի՝ իրենք կարող են ազդեցություն ունենալ իշխանությունների վրա:
Քաղաքական կյանքում ակտիվ մասնակություն ցուցաբերելու որոշումը պատահական չի կայացվում: Մարդիկ պետք է մոտիվացված լինեն մասնակցել դրան: Այդ մոտիվացիան երբեմն փոխանցվում է շրջապատի մարդկանց կամ կազմակերպությունների միջոցով, որոնք անմիջապես փորձում են շահագրգռել մարդուն ներգրավվել քաղաքական կյանքում:
Որոշ պետությունների փորձն ուսումնասիրելը հնարավորություն է ընձեռում տեսնել, որ քաղաքական կյանքի հանդեպ մարդու հետաքրքրությունը սերմանելու հարցում մեծ են եղել քաղաքական ուժերի դերը: Մասնավորապես, նախընտրական քարոզարշավներում մարդկանց կամավորական աշխատանքներում ներգրավվելը: Սակայն այսօր քաղաքական կուսակցությունների այս գործառույթն այլևս չի իրականացվում:
Քաղաքական կյանքում ներգրավվելուն կարող է նպաստել քաղաքական սոցիալիզացիան: Վերջինս մի գործընթաց է, որի շրջանակներում մարդիկ ձևավորում են իրենց քաղաքական հայացքները, մոտեցումները և նախընտրելի գործողությունները: Զանգվածային լրատվամիջոցները, կազմակերպությունները կարող են մարդուն մոտիվացնել հետաքրքրվել քաղաքական կյանքով: Այս հարցում կարևոր դեր կարող է ունենալ քաղաքացիական կրթությունը, որը մարդ դեռևս դպրոցական տարիներին է ստանում: Գիտակցելով այն հնարավորությունների կարևորությունը, որ ժողովրդավարույթունն է ընձեռում կարող է ևս դրդել մարդուն իրականացնել իրեն վերապահված պարտականությունները:
Քաղաքացիների քաղաքական մասնակցությունը հնարավորությունների ամբողջություն է, որոնց շնորհիվ վերջիններս կկարողանան իրենց ձայնը լսելի դարձնել՝ հնարավորություն ունենալով ազատ արտահայտվել և բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին:
Քաղաքական մասնակցության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչներից է: Իրականում, իշխանությունների՝ ժողովրդավար լինելու աստիճանը որոշվում է նաև քաղաքական ազատությունների աստիճանով, իսկ քաղաքացիների քաղաքական մասնակցությունը մեծ նշանակություն ունի այդ հարցում: Ավելին, քաղաքական մասնակցության առկայությունը քաղաքացուն ստիպում է իրեն պաշտպանված զգալ ընդդեմ իշխողների կողմից իրականացվող հնարավոր բացասական քայլերի:
Չնայած այն հանգամանքի, որ քաղաքական մասնակցությունը ժողովրդավարության հարցում չափազանց կարևոր դերակատարում ունի, միևնույն է, քաղաքական մասնակցության իրավունքից ոչ բոլորն են օգտվում: Հաճախ մարդիկ միայն խոսում են քաղաքականության մասին, ակտիվ քննադատում դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն երբ հերթը հասնում է ընտրություններին մասնակցելուն, վերջիններս զերծ են մնում դրանց մասնակցելուց: Կան նաև այնպիսի քաղաքացիներ, ովքեր օգտվում են իրենց ընտրելու իրավունքից, սակայն երբեք չեն մտածի որևէ քաղաքական ուժի անդամ դառնալու կամ որևէ քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավներում ներգրավվելու մասին:
Տարիների ընթացքում որքան էլ տարբեր տեսաբաններ փորձել են ստեղծել քաղաքացիների քաղաքական մասնակցության վերաբերյալ միասնական տեսություն, մինչ օրս չկա մի տեսություն, որն ի զորու լինի ամբողջական նկարագիր տալ քաղաքական մասնակցություն ասվածին: Մասնակցությունն առհասարակ բարդ երևույթ է, որի պատճառները բազմազան են և փոփոխվում են կախված տեղից, միջավայրից և ժամանակից: Անդրադառնալով քաղաքական մասնակցության սոցիալական դրդապատճառներին, հարկ է խոսել կրթության և զբաղվածության ոլորտի դերի մասին: ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու կրթությունը, տարիքը, սեռը, կրոնը, զբաղվածության ոլորտը, եկամուտները և բնակության վայրը վճռորոշ դերակատարում ունեն քաղաքացու քաղաքական մասնակցության վրա: Առհասարակ, քաղաքական մասնակցություն են ցուցաբերում կրթված քաղաքացիները, ովքեր գիտակցում են իրենց ընձեռված լայն հնարավորությունների առավելությունները:
Չնայած որ ընտրություններին մասնակցելը քաղաքական մասնակցության կարևորագույն դրսևորումներից է, սակայն դա քաղաքական մասնակցության միակ դրսևորումը չէ: Քաղաքացիները կարող են ակտիվ քաղաքական մասնակցություն իրացնել նաև կազմակերպություններում և նախընտրական քարոզարշավներում ներգրավվելու միջոցով, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելով, կամավորական սկզբունքով տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելով, ինչպես նաև քաղաքական նպատակների իրացման համար ֆինանսական միջոցներ հայթայթելով:
Քաղաքացիների քաղաքական մասնակցությունից խոսելիս հարկավոր է հաշվի առնել նաև քաղաքական համակարգի և քաղաքական կյանքում ներգրավվելու քաղաքացիների հնարավուրթյան աստիճանի միջև առկա կապը, քանի որ քաղաքացին ժողովրդավարական ինստիտուտների առկայության պայմաններում է կարողանում լիովին իրացնել քաղաքական մասնակցության իր իրավունքը: Այս հարցում մեծ է նաև տվյալ պետության պատմությունը, որն իր ազդեցությունն է ունեցել քաղաքացիների մտածելակերպի ձևավորման վրա:
Լուսինե Առաքելյան