Եզակի է մեկ տարի, ութ ամիս տևող իմ կենսապատումում 582-րդ անընդհատ գիրը. այն ես պատմում եմ Մեդիակենտրոնի իմ անկյունում…. Հանրային 1-ին հեռուստատեսության լրագրող Մարիաննային երեկ կրթահամալիրում իրականացվող նկարահանումների ժամանակ ասացի՝ իմն աշխատանք չէ, իմ կյանքն է, ամբողջական, որի մեծ հատված կոչվում է տնօրենի գործունեություն… Ո՞նց անջատես, երբ կյանքում անանջատ են… Իմ բլոգն էլ այդպիսին է, իմ օրագիրն էլ. և բնական է, որ իմ բլոգի, օրագրի անընդհատ «շահագործումը» լոկ իմ խնդիրը չէ. աշխատանքի կազմակերպումն անընդհատ հանրայնացվում է, դառնում ավելի բաց ու ինքնավար…. Օրագիրն իմ ունի ամենօրյա խմբագիրներ ու ֆոտոխմբագիրներ. նկատեցի՞ք, որ երեկվա խմբագիրը Կարինե Պետրոսյանն էր, ֆոտոխմբագիրը՝ Մարինե Մկրտչյանը… Կրթահամալիրի տնօրենի բլոգը, ինչպես «Դպիրն» ու mskh.am-ը, իր միջուկով նաև անգլերեն է, ռուսերեն, վրացերեն… Տարածվի ու տարածվի. այսօր չհասնես՝ վաղը կհանդիպես…

Կրթահամալիրի ավագ դպրոցի 2016թ. շրջանավարտների «Ես եմ» նախագիծը, որ բարեխիղճ թողարկում է«Սեբաստացի» TV-ն, չի կարող իմ բլոգապատման եթերում չլինել։ Այս անգամ ես առանձնացրի շրջանավարտների՝ կրթահամալիրի գնահատումը մեկ բառով, մեկ նախադասությամբ։ Տեսեք՝ ինչ ոգևորիչ շարք ստացվեց՝ «Իմ ստեղծագործ դպրոցը», «հնարավորությունների դպրոց», «միշտ պայծառ», «միշտ ծաղկուն ու հետաքրքիր, ինչպես գարունը», իսկ… իմ հուզմո՜ւնքը, որ կրթահամալիրը ասոցացվում է Աշոտ Բլեյանի հետ… Այսպիսի նախագիծը գուցե ամենաազնիվ, մարդկային վարկանիշավորում է ուսումնական հաստատության…

Սպիտակի, Վանաձորի ռոբոտաշինության խմբերի սովորողներնի, ղեկավարների արձագանքներն էլ իրենց անմիջականությամբ՝ կրթահամալիրում որպես մեր մեծ տան բնակիչներ իրենց, բառիս բուն իմաստով, ապրած օրերի տպավորությունները, վարկանիշավորման կարևոր շտրիխ են բերում…

Թաքնված տեսախցիկով, գոնե ձայնագրիչով թե մեկը լիներ, որքա՜ն կհեշտացներ իմ կենսապատումը, որքա՜ն պատումը համապատասխան կլիներ մեր, իմ ապրած կյանքին՝ նույնքան անմիջական, ինքնաբուխ, վստահելի, ինչ վայել է ընտանիքին. նույն շնորհներով է ապրում-գործում մեր ուսումնական գերդաստանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել