Ժամանակակից գինեկոլոգիայում «վիժում» տերմինը նշանակում է հղիության ընդհատում: Վիժման պատճառ կարող են դառնալ քրոմոսոմային անոմալիաները, հորմոնային տարաբնույթ խնդիրները, ինչպես նաև առողջական խնդիրներն ու տարատեսակ վարակիչ, բորբոքային հիվանդությունները: Բացի այս, վիժման կարող են հանգեցնել նաև մոր տարիքը, հղիության ընթացքում ստացած վնասվածքները, անառողջ ապրելակերպը և այլն: Վիժման մասին կարող են վկայել մի քանի նախանշաններ, ինչպիսիք են ուժգին արյունահոսությունը և գոտկատեղի շրջանի ցավը:
Գինեկոլոգիայում հատուկ ուշադրություն է դարձվում վիժմանը, քանի որ այն բավականաչափ բարդ, մի քանի փուլեր ունեցող գործընթաց է: Գիտնականներն առանձնացնում են վիժման մի քանի տեսակ: Ժամանակակից բժշկության մեջ տարբերում են «վիժման վտանգ», «ոչ ամբողջական կամ անխուսափելի վիժում», «ամբողջական վիժում», «կրկնվող վիժում» հասկացությունները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու նախանշանները:
Վիժման վտանգը բնորոշվում է հղիության վաղ ժամկետում արգանդային արյունահոսություններով, որոնք ուղեկցվում են գոտկատեղի ցավերով: Անխուսափելի վիժումը բնութագրվում է արգանդի զիկի լայնացմամբ, հնարավոր է նաև, որ պտղապարկը պատռվի: Ոչ ամբողջական՝ թերի վիժման դեպքում հնարավոր է, որ սպազմ և ուժեղ արյունահոսություն սկսվի: Ամբողջական վիժման դեպքում սաղմը դուրս է գալիս արգանդից: Ցանկացած տիպի վիժման դեպքում կնոջ բուժումը նախ և առաջ ուղղված է արյունահոսությունը դադարեցնելուն և այս կամ այն վարակի ներթափանցումը կանխելուն: Այսպիսի բուժման պարագայում հատուկ դեղամիջոցներ են կիրառվում: Կանանցից շատերին մի հարց է անհանգստացնում՝ արդյոք հնարավոր է խուսափել վիժումից: Բժիշկները համոզված չեն, որ կինը կարող է պաշտպանել իրեն հղիության այս բացասական երևույթից, քանի որ վիժմանը նպաստող գործոնները շատ են, սակայն մասնագետներն անպայման որոշ խորհուրդներ կտան, որոնք կօգնեն նվազագույնի հասցնել պտղի կորուստի վտանգը: