Երբ Մարդը միացրեց համակարգիչն ու բացեց Ֆեյսբուքի իր էջը, սուրճի բաժակում մնացել էր միայն թանձր նստվածքը` ջրի բարակ շերտով: «Դա էլ կվայելեմ առաջին գրառումները կարդալիս»,-մտածեց Մարդը: Տեսնես՝ ի՞նչ հետաքրքիր բան կպատահի: Սուր հումորի ու նոր ավտովթարի փնտրտուքով վառեց առաջին ծխախոտը: Շամշյանը լռում էր, վթար չկար, իսկ ամենազվարճալի իրադարձությունն աշխատավարձը եռակի բարձրացնելու կառավարության որոշումն էր: Մարդը տագնապեց:
«Լավ,-մտածեց Մարդը,-մի հատ տեսնեմ բամբասանքներից ինչ կա». պատգամավորները սուսուփուս օրենք էին ընդունում, կաշառքից ձեն-ծպտուն չկար, աստղերը բոլորն անխտիր ամուսնացել էին, համեստ շորեր հագել, ակումբներից վերադարձել էին` այլևս երբեք այնտեղ չայցելելու վճռականությամբ: Իսկ Ավետ Բարսեղյանն արդեն երեք ամիս կատարում էր երգ-երաժշտություն չգրելու իր հրապարակային խոստումը: Վերջին հույսը Քիմ Քարդաշյանն էր: Սակայն նա էլ կրիայի պես փակվել էր իր պատյանում` հասարակության աչքից հավերժորեն պահելով իր մարմնի բարեմասնությունները:
Անցան ժամեր: Պատկերը նույնն էր: «Չէ, էս երկիրը երկիր չի»,-մտածեց մարդը, կուլ տվեց սուրճի սառած կումը, ծխեց վերջին գլանակն ու դառնացած սրտով դուրս եկավ Ֆեյսբուքից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/m.yalanuzyan/posts/295067300596194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել