Նա շատ էր սիրում երազել: Դա նրա առօրյայի մի կարեւոր մասն էր դարձել: Եթե նրա հասակակիցները աշխատում էին արագ վերջացնել դասերը, որպեսզի ժամանակն անցկացնեն սրճարաններում կամ ակումբներում, ապա նա շտապում էր տեղավորվել բազկաթոռի մեջ եւ երազել, անվերջ երազել: Նա գնում էր այնտեղ, որտեղ երբեւէ չէր եղել, գնում այն մարդկանց հետ ում այդքան սպասել էր, սակայն չէին եկել, վայելում նրանց ժպիտները, ովքեր հիասթափեցրել էին նրան, նեղացրել, սակայն ում ինքը միշտ ներել էր ու սիրել:
Առհասարակ նա մարդամոտ էր, սրտաբաց, անկեղծ… բայց իր երազանքների մասին ոչ ոքի չէր պատմում… Չէր պատմում, որովհետեւ վախենում էր, որ դրանք երբեք չէին իրականանա ու ինքն իրեն դավաճանված կզգա իր իսկ երազների կողմից…
Շատ ժպտերեսն էր: Ու ոչ ոք նրա ժպիտների, ինքնավստահ խոսքերի, քայլերի հետեւում չէր տեսնում նրա խոցելի, երազկոտ սիրտը: Միայն Աստծուն էին հասու նրա սպասումներն ու երազանքները, երբ գալիս տուն, հանում կոշիկներն ու ինքնավստահության դիմակը, թրմփում էր անկողնու վրա ու հոգոց հանում. «Աստված իմ, մի՞թե այս աշխարհում չկա մեկը, ով ինձ կհասկանա, ով իմ աչքերում կտեսնի հոգիս»:
Անցնում էին օրերը, գալիս էին նորերը… Իսկ նա սպասում էր: Չէ, նա ուժեղ աղջիկ էր… Հաճախ չէիր տեսնի նրա աչքերը թաց, հոգին ընկճված, բայց անվերջ սպասումի զգացումը քիչ-քիչ տանում էր նրա կենսուրախությունը ու ինքնուրույնությունը: Աստիճանաբար նրա երջանկությունը դառնում էր այլոց հայացքներից, բառերից ու կարծիքներից կախված, ուրախությունը՝ շինծու: Դե էլ ինչքան կարելի էր սպասել ու սպասել, սպասել մեկին, ով կհասկանա քեզ, ով չի թողնի տխրես, ամեն ինչ կանի, որ ժպտաս… Ինչքան կարելի է սպասել, որ երազանքներդ թեւեր առած իջնեն երկնքից ու գունավորեն կյանքդ:
«Աստված իմ, էլ չեմ դիմանում… Հոգնել եմ սպասելուց… Էլ չեմ ուզում սպասել, չեմ սպասելու, վերջ»:
Աչքերը փակում է վանում բոլոր երազները, երազների գրավիչ փայլը:
«Բայց երազելը լավ բան է, չէ՞: Ախր բոլորն են այդպես ասում… Կյանքն առանց երազների անգույն է, տխուր»:
«Իսկ դու ինչի՞ մասին ես երազում»:
«Երազում եմ, որ կողքիս լինեն ինձ հասկացող, սիրող մարդիկ, որոնք ինձ կուրախացնեն անակնկալներով, ժպիներով…»:
«Էլ ինչի՞ մասին ես երազում»:
«Դե այնքան երազանքներ կան, գեղեցիկ կյանք, փայլուն կարիերա, ճանապարհորդություններ, սեր, պարեր, ռոմանտիկա, ծով, նավ, ի վերջո Ռիո, Փարիզ, Լոնդոն… Բավական չէ՞»:
«Քո բոլոր երազանքներն ունեն մի ընդհանրություն… Դրանք բոլորը դեպի քեզ են ուղղված, քո շուրջն են պտտվում: Անգամ եթե այնքան սպասես, որ նրանք իրականանան, անգամ եթե կյանքի բոլոր օրենքներին հակառակ դրանք իրականանան, միեւնույն է, դու երջանիկ չես լինի: Դու կկորցես քեզ այդ գլխապտույտ երջանկության մեջ միայն այն պատճառով, որ դրանք քո շուրջն են պտտվում...»:
«Բայց ինչո՞ւ միայն իմ, չէ՞ որ ես էլ այդ դեպքում կսիրեմ ու կերջանկացնեմ ինձ շրջապատող մարդկանց, ես էլ նրանց անակնկալներ կանեմ, ժպիտ կբերեմ նրանց երեսին»:
«Իսկ քանի՞ անգամ ես երազել, թե ինչպես ես նրանց անակնկալներ անելու, սիրով ու ջերմությամբ նրանց կյանքը լցնելու, ապրելու նրանց համար»:
«Դե՜…»
«Մինչդեռ դրա մասին չեն երազում, այդպես ապրում են... Դու երջանիկ կլինես միայն այն ժամանակ, երբ մոռանաս քո մասին ու երջանկացնես քեզ շրջապատող մարդկանց, իսկ նրանք կան… Չփորձես հակառակվել… Չէ՞ որ դու անմարդաբնակ կղզում չես ապրում… Իսկ այ դա իսկապես խնդիր կլիներ… Էնպես որ գործի անցիր… Մինչ դու սպասում էիր երջանկությանը, նա քո կողքին նստած սպասում էր, թե երբ ես իրեն գրկելու…»:
«Իսկ ինչո՞ւ նա ինքը չէր ինձ գրկում»:
«Հապա մի քեզ նայիր, տես՝ ինչ սիրուն թեւեր ունես, ինչ սիրուն ձեռքեր… Իսկ երջանկությունը, ինչքան էլ զորեղ ու գեղեցիկ է, թեւեր չունի: Այդ դու ես նրան թեւեր տվողը: Հիմա դու գիտես, թե որտեղ է երջանկությունը, պարզապես փաթաթվիր նրան, տուր նրան քո թեւերը ու զգա նրա ջերմությունը»:
«Իսկ նրա ինչի՞ն են պետք իմ թեւերը»:
«Որ գնա ու գրկի քո սիրելիներին»:
Նա կախեց գլուխը ու արտասուքի մի մեծ կաթիլ գլորվեց, ընկավ այտին: Այդ կաթիլը իր հետ տարավ նրա երազանքները՝ սին երազանքները… Ու նա ժպտաց… «Իրոք որ՝ երջանկությանը չեն սպասում, այն արարում են…»
Անի Անտոնյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=481891585187504&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել