Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ ևերրորդ մասերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:
Հոդվածաշարի նախորդ մասերում արդեն արձանագրեցինք, որ արդյունավետ քաղաքական գործընթացի կարևորագույն գրավականներից մեկն այդ գործընթացը նախաձեռնողների կողմից կիրառվող դիմադրությունն իշխանության ամենախոցելի կողմերի դեմ կենտրոնացնելն է: Պայքարը կառուցելով այնպիսի ոլորտներում, որտեղ իշխանությունն ունի մեծ, երբեմն էլ անսպառ թվացող ուժի աղբյուրներ, քաղաքական գործընթացը նախաձեռնողները հայտնվում են բավականին փակուղային վիճակում:
Ասվածի օրինակները բազմաթիվ են մեր իրականության մեջ: Մասնավորապես, մինչ այս ընդդիմադիր շարժումներ նախաձեռնած խմբերի կողմից անընդհատ անտեսվում է ոստիկանական ուժերի հետ ընդհարման գնալու բացասական հետևանքները: Ոստիկանական ուժերի հետ ընդհարման գնալու հետևանքով բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ հայտնվում են ճաղերի ետևում, ինչն էլ տվյալ շարժմանը միանալու համար խոչընդոտ է հանդիսանում մնացած քաղաքացիների համար: Արդյունքում, շարժման հիմնական նպատակները իրականցնելու փոխարեն շարժումը տեղափոխվում է իրավիճակային պայքարի փուլ և վերջում ամբողջությամբ տապալվում:
Հոդվածաշարի նախորդ մասերում քաղաքական զգալի փոփոխություններրի համատեքստում քննարկեցինք նաև արտաքին ուժերի միջամտության բացասական հետևանքներն ու ստեղծված քաղաքական իրողությունների պայմաններում ընտրական գործընթացների ֆիկտիվ բնույթը: Այս հատվածում կքննարկենք խաղաղ անհնազանդության այն հասանելի այլընտրանքային միջոցները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել զգալի քաղաքական փոփոխությունների:
Խաղաղ անհնազանդության շարժման տրամաբանությունն ի սկզբանե մերժում է առկա քաղաքական խնդիրների հանգուցալուծումն իշխանության կողմից թելադրված պայքարի միջոցներով: Պայքարի այս միջոցի ընձեռած քաղաքական ուժը ճիշտ կիրառելու արդյունքում հնարավորություն է ընձեռվում խարխլել նույնիսկ ամբողջատիրական համակարգերի խոցելի կողմերը: Գործնական կիրառելիության ընթացքում խաղաղ անհնազանդությունը կարող է թե՛ բավականին ընդգրկուն ռազմավարական խնդիրներ լուծել, թե՛ կենտրոնանալ որոշակի տեղային նպատակների իրականացման վրա: Փողոցային պայքարի ճիշտ մարտավարության կիրառման դեպքում հնարավոր է ապահովել հանրային լայն մոբիլիզացիա: Միևնույն ժամանակ խաղաղ անհնազանդությունը նպաստում է հասարակության շրջանում արդյունավետ իշխանության գաղափարի տարածմանը՝ առավել հավանական դարձնելով ժողովրդավարական հասարակության ստեղծումն ու պահպանումը:
Խաղաղ անհնազանդությունը կարող է ծառայել տարբեր նպատակների՝ քաղաքական հակառակորդին տարատեսակ գործողությունների մղելուց մինչև անգամ սեփական նպատակն իրագործելու համար անհրաժեշտ օբյեկտիվ իրականության ստեղծմանը կամ էլ քաղաքական իշխանության տապալմանը: Խաղաղ պայքարի միջոցները հիմնականում առնչվում են բնակչության և սոցիալական ինստիտուտների կողմից կիրառվող հոգեբանական, սոցիալական, տնտեսական և քաղաքական «զենքերի» հետ: Վերջիններս դրսևորվում են բողոքի ակցիաների, հանրահավաքների, համագործակցության մերժման (գործադուլներ, հացադուլներ, առևտրային բոյկոտներ և այլն), ժողովրդական ճնշման տեսքով:
Ինչպես նախորդ մասերում արձանագրեցինք՝ ցանկացած բնույթի վարչակարգ գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ունի իր հետ համագործակցող հասարակություն, որն էլ հանդիսանում է իշխանության թիվ մեկ ուժի աղբյուրը: Քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն առաջարկում է այդ ամենը բացառիկ կերպով վերացնելու «խաղաղ զենքեր» (peaceful weapons):
Խաղաղ անհնազանդության առաջարկած պայքարի մեթոդները
Մեր երկրում տեղի ունեցած բացառապես բոլոր քաղաքական շարժումների ընթացքում կիրառված պայքարի մեթոդները որևէ աղերս չեն ունեցել խաղաղ անհնազանդության տրամաբանության հետ: Ավելին, մինչ այս տեղի ունեցած ընդդիմադիր շարժումներ նախաձեռնողների կողմից գրեթե միշտ ընտրվել են պայքարի այնպիսի մեթոդներ, որոնք ցանկացած նպատակ հետապնդող շարժում տարել են պարտության: Այդպիսի շարժումների ընթացքում կիրառվել է ընդամենը հրապարակային պայքարի մեկ կամ երկու մեթոդ՝ զանգվածային ցույցեր և բոյկոտի անհաջող փորձեր: Իրականում, գոյություն ունեն հրապարակային (կամ ինչպես մեզ մոտ է ընդունված ասել՝ փողոցային) պայքարի մի քանի հարյուր մեթոդներ, որոնց կիրառումը թույլ է տալիս դիմադրության շարժման ռազմավարություն մշակողներին հնարավորինս լայն կոնսոլիդացիա ապահովել շարժման նպատակների շուրջ և այն ավելի ընկալելի դարձնել բնակչության շրջանում: Խաղաղ անհնազանդության ժամանակակից տեսության հեղինակ պրոֆեսոր Շարփն առանձնացնում է խաղաղ անհնազանդության մեթոդների շուրջ երկու հարյուր տարբերակ և դասակարգում դրանք.
«Խաղաղ գործողությունների մեթոդները դասակարգվում են երեք մեծ խմբերում՝ խաղաղ բողոք և քարոզչություն, համագործակցության մերժում, միջամտություն: Խաղաղ բողոքի և քարոզչության մեթոդները հիմնականում խորհրդանշական բնույթ ունեցող ցույցերն են, այդ թվում՝ շքերթները, երթերն ու նստացույցերը (54 մեթոդ): Համագործակցության մերժումը բաժանվում է երեք ենթատեսակի՝
ա) սոցիալական համագործակցության մերժում (16 մեթոդ)
բ) տնտեսական համագործակցության մերժում, այդ թվում՝ բոյկոտներ (26 մեթոդ) և կոլեկտիվ մերժում (23 մեթոդ)
գ) քաղաքական համագործակցության մերժում (38 մեթոդ):
Խաղաղ միջամտությունը, հոգեբանական, ֆիզիկական, սոցիալական, տնտեսական և քաղաքական առումներով (ինչպիսիք են, օրինակ, արագ, խաղաղ օկուպացիան և ստվերային կառավարությունը (41 մեթոդ)), կազմում է խաղաղ գործողության վերջին խումբը (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», հայերեն հրատարակություն, 52-53 էջ): Հոդվածաշարի ամփոփիչ հատվածում կներկայացնենք վերոգրյալ մեջբերման մեջ առկա ոչ բռնի ակցիաների 198 տարբերակները:
Խաղաղ անհնազանդության առաջարկած պայքարի միջոցները բավականին արդյունավետ գործընթաց են ենթադրում: Ասվածի վառ ապացույցը վերոգրյալ խաղաղ միջոցների արդեն իսկ գործնականում արդյունավետ կիրառվածությունն է: Քանի որ հոդվածաշարում վելուծվում են արդյունավետ քաղաքական գործընթացները, ուստի՝ կարևորում եմ անդրադառնալ, քննարկել խաղաղ պայքարի քաղաքական դրսևորումներին: Պայքարի քաղաքական դրսևորումներին անդրադառնալիս անխուսափելիորեն բախվում ենք հայկական իրականության պայմաններում «քաղաքական» եզրույթի տարընթերցումներին: Բազմիցս անդրադարձ եղել է թե՛ մեր ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչների կողմից «քաղաքական» տերմինի նշանակության նենգափոխումներին: Ուստի, հարկ եմ համարում հատուկ շեշտել, որ քաղաքական դրսևորում ասելիս նկատի ունեմ գործընթացի քաղաքական դրսևորումները, որոնք պայնավորված չեն շարժման հռետորաբանությամբ և առաջ քաշված նպատակների էությամբ:
Խաղաղ անհնազանդության շարժման քաղաքական դրսևորումների շարքին կարելի է դասել քաղաքական իշխանության հետ համագործակցության մերժումն ու հոդվածաշարի նախորդ մասերում սահմանված լեգիտիմության չընդունումը: Համագործակցության մերժումը կարելի է նաև կիրառել ընդդեմ իշխանության կողմից վարվող կոնկրետ քաղաքականության: Օրինակ, հրաժարվել ոստիկանական սադրանքներին ենթարկվելուց՝ խաղաղ երթերի ընթացքում բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելով սադրիչ գործողություններ հրահրող ոստիկանների նկատմամբ:
Խաղաղ անհնազանդության շարժման ռազմավարություն մշակողներին հարկ է նկատի ունենալ, որ պայքարի հաճախակի հանդիպող մեթոդներից շատերը (իրազեկման ակցիաներ, իրար հաջորդող հանրահավաքներ, նստացույցեր, հացադուլներ, գործադուլներ, դասադուլներ) դրանց մասնակցողներից պահանջում են իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք ստիպում են նրանց կտրվել իրենց բնականոն ապրելակերպից: Հենց այդ պատճառով է, որ հասարակության զգալի մեծամասնության համար պայքարի այդ միջոցներին մասնակցելը չափազանց դժվար է: Վերոգրյալն հաշվի առնելով, նաև հարկավոր է փողոցային պայքարը հնարավորինս զերծ պահել ծայրահեղ իրավիճակներից: Պետք է հասկանալ, որ ոչ բոլորն են պատրաստ հայտնվել ոստիկանական բաժանմունքներում և ուղղակի ճնշումների ենթարկվել:
Ելնելով վերոգրյալ բնական խոչընդոտներից՝ խաղաղ անհնազանդությունն առաջարկում է պայքարի այնպիսի մեթոդներ, որոնք հասարակությունից պահանջում են հնարավորինս քիչ շեղվել իրենց բնականոն առօրյայից, սակայն բավականին արդյունավետ մասնակցություն ունենալ խաղաղ անհնազանդության շարժմանը: Օրինակ, ըստ այդ մեթոդների, գործադուլ անելու փոխարեն մարդիկ կարող են ներկայանալ աշխատանքի, բայց դիտավորյալ ավելի վատ և անարդյունավետ աշխատել: Պատասխանատու աշխատանք ունեցող քաղաքացիները կարող են հաճախակի «վրիպումներ» թույլ տալ, իսկ առանձին դեպքերում կարող են հիվանդ կամ անաշխատունակ ձևանալ: Նույնը վերաբերում է ուսանողներին, որոնց դասադուլ պարտադրելու փոխարեն կարելի է ընդամենը կոչ անել ներկայանալ դասերին և հնարավոր բոլոր միջոցներով փորձել կաթվածահար անել կրթական գործընթացը (ի դեպ սույն տարբերակը կիրառվել է 2012 թվականին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողական շարժման ընթացքում): Իրենց բնականոն առօրյայից չկտրվելով քաղաքացիները կարող են պարզապես հրաժարվել համագործակցել թաղային հեղինակությունների հետ:
Վերոգրյալ վարվելակերպը սովորական դարձնելով հասրակության լայն շերտերն իրենց առօրյա ապրելակերպից չշեղվելով կկարողանան ապահովել իրենց արդյունավետ մասնակցությունը ժողովրդական ուժերի կողմից նախաձեռնած խաղաղ անհնազանդության շարժմանը: Պետք է խստագույնս հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ խաղաղ անհնազանդությունն ու բռնի պայքարը սկզբունքորեն այլ կերպ են գործում և խաղաղ անհնազանդության ընթացքում չնչին բռնության կիրառումն անգամ կարող է հակառակ արդյունքի հանգեցնել՝ պայքարը տեղափոխելով իշխանության ճնշող առավելություններ ունեցող տիրույթ (ոստիկանության հետ ընդհարում, ձերբակալություններ, զանգվածային ահաբեկման և քարոզչական հարձակումներ): Հարկավոր է միշտ հիշել, որ խաղաղ անհնազանդության արդյունավետության հիմնական նախապայմաններից մեկը որդեգրած ռազմավարության և մարտավարության ընթացքում բարձր կարգապահություն դրսևորելն է:
Կարգապահության պահպանումը դյուրին է դարձնում նախորդ մասերում քննարկված քաղաքական փոփոխության չորս մեխանիզմների արդյունավետությունը: Կարգապահությանը հետևելը նաև կաևոր նախապայման է քաղաքական ջիուջիցու (արևելյան ինքնապաշտպանական մարտարվեստ) կիրառելու պարագայում: Խաղաղ անհնազանդության գործընթացի մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառումը, եթե նրանք խստորեն հետևում են սահմանված մարտավարությանն ու կարգապահությանը, բացասական հետևանք է ունենում այն կիրառող իշխանության համար: Եվ հակառակը, երբ քաղաքական գործընթացի մասնակիցները տրվում են սադրանքներին (հայկական իրականության պայմաններում նրանք են հաճախ դիմում սադրիչ գործողությունների), ներքաշվում են անկարգությունների, բախումների մեջ, իշխանության կողմից կիրառվող բռնությունն ամբողջությամբ լեգիտիմացվում է: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեր իրականության պայմաններում վերջին դրսևորումները գերակշռում են:
Այնուամենայնիվ, քաղաքական պայքարի որոշակի փուլում հնարավոր է, որ իշխանության հանդեպ ունեցած հուզական մոտեցումները գերակշռեն պրագմատիկ հաշվարկներին, և բռնության կիրառումն անխուսափելի լինի: Հնարավոր է՝ լինեն դեպքեր, երբ որոշակի խմբեր, նույնիսկ գիտակցելով խաղաղ պայքարի արդյունավետությունը, նախընտրեն բռնի գործողությունները: Նման անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) առկայության պարագայում ընդամենը հարկավոր է հնարավորինս տարանջատել և մեկուսացնել բռնության կողմնակիցներին խաղաղ անհնազանդության մասնակիցներից, քանի որ բռնության կիրառումը կարող է աղետալի ներգործություն ունենալ խաղաղ անհնազանդության ավելի հաջողված և արդյունավետ մեթոդների վրա:
Նարեկ Սամսոնյան