Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից բնակարան շնորհելու մասին շատ չխոսվեց, գուցե, որովհետեւ մենք շատ խոսում ենք միայն երբ դժգոհում ենք, կամ բողոքում են, գուցե…Իսկ կոնկրետ այս պարագայում բողոքելու հիմք չկա եւ անհրաժեշտություն ու պատճառ չկա. տիկին Լուսիկն արժանի է:
Բայց այս պատմությունը ուշագրավ է բոլորովին այլ տեսանկյունից: Բանն այն է, որ տիկին Ագուլեցուն քաղաքապետարանը նոր բնակարան է տվել, որովհետեւ ազգագրագետն իր հին բնակարանը դարձրել է թանգարան, այսինքյն հիմա ստիպված իր ընտանիքի անդամների հետ միասին ապրում է թանգարանում: Այսինքն քաղաքապետարանը գնահատում է տիկին Լուսիկի ստեղծածը, կարեւորում է թանգարանների պահպանությունը, եւ դրանք պահպանելու նպատակով որոշում է կայացրել Լուսիկ Ագուլեցուն եւ նրա ընտանիքին տրամադրել բնակելի նոր տարածք: Եւ, կրկնում եմ, շատ էլ լավ է արել:
Բայց, խնդիրն այն է, որ Երեւանը, նկատի ունեմ հին Երեւանը եւս թանգարան է, ավելի ճիշտ՝ էր, քանի որ հին Երեւան էլ չկա, քանդել են ու աբսուրդն այն է, որ հին Երեւանը քանդել են, որպեսզի կառուցեն Հին Երեւանը: Այսինքն այս պարագայում թանգարանը չի պահպանվում, թանգարանը քանդվում է, թանգարանն այլեւս չկա: Պնդել, թե սա տեղի է ունենում, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանում չեն գնահատում թանգարանները չենք կարող, քանի որ ահա, խնդրեմ, տիկին Լուսիկի ստեղծած թանգարանը պահպանում են: Ասել, թե Երեւանի քաղաքապետարանի կարծիքով հին Երեւանն ամենեւին էլ թանգարան չէր, կարող ենք, բայց սա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանում չգիտեն, թե ինչ է թանգարանը: Մարդիկ քաղաքապետ, ավագանու անդամ են ընտրվել, հո թանգարանի վարիչ չեն՝ կակոյ-նեբուծ:
Ի դեպ, Բրիտանական թագավորական թանգարանի վարիչը ավելի հաճախ է մտնում թագուհի Եղիսափեթի մոտ, քան Լոնդոնի քաղաքապետը. երեւի այդ պատճառով էլ Լոնդոնի քաղաքապետը հին Լոնդոնը չի քանդում, կամ գուցե մտքով էլ չի անցնում, անգլիացին ի՞նչ գիտի քաղաքաշինությունն ինչ բան է, կամ Լոնդոնն ո՞ւր էր, որ Երեւանը կար, հենց կար, քանի որ այն ինչ այսօր Երեւան է կոչվում, իրականում Երեւան չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել